Իգոր Ցելովալնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Ցելովալնիկով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝հեծանվորդ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 2, 1944(1944-01-02)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝մարտի 17, 1986(1986-03-17) (42 տարեկան)
Մահվան վայր՝Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
174 սանտիմետր[1]
Քաշ՝75 կիլոգրամ[1]

Իgոր Վասիլիի Ցելովալնիկով (ռուս.՝ Игорь Васильевич Целовальников, ուկրաիներեն՝ Ігор Васильович Целовальніков. հունվարի 2, 1944(1944-01-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 1986(1986-03-17), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային հեծանվորդ մարզիկ[2][3]։ Նիդերլանդերեն Վիքիպեդիայում ներկայացված է որպես հայ մարզիկ, թերևս նկատի առնելով, որ ծնվել և մանկությունն անց է կացրել Երևանում։ Մասնակցել է 1968 և 1972 թվականների ամառային օլիմպիական խաղերին տանդեմային հեծանիվներով 2000 մետր սպրինտում և համապատասխանաբար զբաղեցրել հինգերորդ և առաջին տեղը[4]։ Երկու դեպքում էլ նրա ընկերակից հեծանվորդը եղել է կիևցի մարզիկ Վլադիմիր Սեմենեցը։ Նրանք դարձել են հեծանվային սպորտում օլիմպիական ոսկի նվաճած խորհրդային առաջին մարզիկները (ի դեպ, 1972 թվականի մյունխենյան օլիմպիադայից հետո տանդեմային հեծանվավազքի մրցումները հանվել են օլիմպիական մրցաձևերի ծրագրացանկից)։ Ցելովալնիկովը 1964—1968 թվականներին ներկայացնում էր Ուկրաինական ԽՍՀ Բուրեվեստնիկ մարզական ակումբը։

Նա հեծանվավազքի աշխարհի առաջնություններում չեմպիոնի տիտղոսը չորս անգամ նվաճել է տանդեմային սպրինտում (1967, 1971–1974) և մեկ անգամ՝ 1000 մ հետապնդումով հեծանվավազքում[5] (ըստ այլ աղբյուրների՝ 2000 մետր մրցատարածությունում)։

1972 թվականին Իգոր Ցելովալնիկովին շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ Այդ նույն տարում նա պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով։

Ավարտել է Խարկովի համալսարանը տնտեսագետի մասնագիտությամբ (1969), այնուհետև Լենինգրադի / Սանկտ Պետերբուրգի ֆիզիկական կուլտուրայի ռազմական ինստիտուտը (1977)։ 1969-1972 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, իսկ 1977 թվականից որպես դասախոս աշխատել է Խարկովի հրթիռային զորքերի ռազմական դպրոցում[6]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսի 3-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված հեծանիվի համաշխարհային օրը Խարկովի «Վելոցենտր» հեծանվահրապարակի մուտքի ճակտոնին հանդիսավոր պայմաններում տեղադրվել է օլիմպիական չեմպիոն Իգոր Ցելովալնիկովին նվիրված հուշատախտակ, որի հեղինակը Ուկրաինայի վաստակավոր քանդակագործ Օլեքսանդր Ռիդնին է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. «Igor Tselovalnikov». Olympedia. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  3. «Igor Tselovalnikov». Olympedia. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  4. Ihor Tselovalnykov Արխիվացված 18 Դեկտեմբեր 2012 Wayback Machine. sports-reference.com
  5. Целовальников Игорь Васильевич. Olympic Encyclopedia (2006). yandex.ru
  6. ЦЕЛОВАЛЬНИКОВ ИГОРЬ ВАСИЛЬЕВИЧ. s-k.org.ua

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական պրոֆայլը