Երնջակ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երնջակ ամրոց
Երնջատափի ամրոց-բնակատեղի
Տեսակմշակութային արժեք և ամրոց
ՏեղագրությունԱրագածոտնի մարզի Երնջատափ գյուղի արևմտյան եզրի բարձրադիր բլրի գագաթին
Վարչական միավորԵրնջատափ[1]
Երկիր Հայաստան[1]
Կառուցվածմիջնադար
ՇինանյութԿրաքար
Բաց է հանրության համարայո
Քարտեզ
Քարտեզ

Երնջատափի ամրոց-բնակատեղի, գտնվում է Հարթավան գյուղից Երնջատափի տանող ճանապարհից ձախ, Երնջատափ գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք, Քասախ գետի ձախ ափին, երկու ձորերի միախառնումից աոաջացած հրվանդանի գագաթնային մասում[2]։

Պահպանվել են պարսպափակ մի ընդարձակ բնակավայրի և նրա ամենաբարձր կետում տեղագրված քառանկյուն դղյակի ավերակները։ Տեղացիներն այն անվանում են «թագավորի քոշք» և այս ավերակների հետ կապում են մի ավանդություն, ըստ որի գառնարած մի աղջիկ տեսել է, թե ինչպես են մկները բնակավայրից հանում ոսկյա գրամները։

Հիշատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդաքաղաքը, որի մասին Սեբեոս պատմիչը գրում է[3].

«Եվ հասեալ հանկարծաւրեն պատեցին պաշարեցին զգիւղաքաղաքն, ղի ունէր գևղն պատուար ամրութեան շուրշ զիւրեաւ շուրշանակի։

Յայնժամ հրաման տայ Սմբատ երեք հարիւրայ անկանել ի բերդակն. որ ի մէջ գիւղաքաղաքին...:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը գտնվում Է պատմական Նիգ գավառի համարյա կենտրոնական մասումէ

Ամրոց-բնակավայրի հորինվածքային կենտրոնը միջնաբերդն է, որից արևելք, արևմուտք և հարավ տարածվել Է 0.88 հա տարածք զբաղեցնող պարսպափակ բնակավայրը։ Հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից եզրագծում են ուղղաձիգ ժայռերը, պսակվում են պարիսպներով։ Արևելյան և արևմտյան կողմերում բնակավայրի պարիսպները բարձրանալով միանում են համապատասխանաբար կողմնորոշված աշտարակներին։ Պարիսպները լիովին կրկնում են ժայռերի ուրվագիծը՝ պսակելով դրանց գագաթնային մասը։ Բնական պաշտպանվածության տեսակետից ավելի հարմար են հարավային և արևելյան հատվածները։ Բնակավայրի մուտքը՝ հարավային և արևմտյան պարսպապատերի միացման կետում է։ Երևում են ստորոտից դեպի ամրոցը բարձրացող ճանապարհը և բնական ժայռերի միջով բնակավայր առաջնորդող բացվածքը։ Բնակավայրի տարածքը մասնատված է չորս սարավանդների, և անկումը միջնաբերդից մինչև հրվանդանի ծայրը կազմում Է 19 մետր։ Բնակավայրի արևմտյան հատվածը, պաշտպանված է եղել կրկնապարիսպով։ Խոցելի Է նաև միջնաբերդի հյուսիսային աշտարակից դեպի կիրճն իջնող հատվածը։ Ձորի երկայնքով ձգվում Է մի դարավանդ, որտեղով թրշնամին կարող էր շրջանցել ամրոցը արևմտյան կողմից և հայտնվել բնակավայրի հյուսիս-արևմտյան պարիսպների տակ։ Նման անակնկալ կանխելու համար շինարարները ամրացրել են այդ հատվածը 20 մետր ձգվող զանգվածեղ պարսպով, ապահովելով առավել մեծ պաշտպանունակություն։

Միջնաբերդը հատակագծում շեղանկյուն է՝ 40 մետր x 38 մետր չափերով՝ կարճ անկյունագծով ուղղված հարավից-հյուսիս։ Պարսպապատերը լավ պահպանված են և բոլոր չորս անկյուններում ամրացված են բոլորակ աշտարակներով։ Առավել մեծ հաստություն և ամրություն ունեն հյուսիս-արևելյան պարսպապատն ու հյուսիսային և արևելյան աշտարակները։ Նշված պարսպի հաստությունը 2.7 մետր է, իսկ մնացած պարիսպներինը՝ 1.6 մետր։ Հյուսիսային և արևելյան աշտարակները նույնպես ավելի հաստ են, քան մյուսները (արտաքին տրամագիծը 7.0 մետր, հաստությունը՝ 3.0 մետր)։ Մնացած բոլոր պատերն ունեն ամրոցի ներքին բակի շուրջ դասավորված կցակաոույցներ, բացի հյուսիս-արևելյանից։ Հյուսիս-արևմտյան պարսպին կից շինություններ են կառուցված նաև արտաքին ձորահայաց կողմից։

Ամրոցի պարիսպները շարված են վաղ միջնադարին բնորոշ եռաշերտ շինարարական տեխնիկայով, հիմքին մոտ օգտագործվել են 1.2-1.5 մետր երկարության հասնող քարեր, որոնք պատի համար ունեն նաև հորիզոնական ամրակապի դեր։ Պատերի վերնամասը, ինչպես և ներքին բակի կցակառույցները շարված են միջին մեծության տուֆ քարերով, որոնց արանքում լցված է քարահողային լիցք, որր կապակցող նշանակություն ունի։ Կցակաոույցների որոշ միջնապատեր ունեն եղևնաձև շարվածք[4][5]։

Միջնաբերդի ներսում պահպանված շինությունները դասավորված են պարիսպների երկարությամբ։ Դրանք ենթարկված են միասնական հատակագծային հորինվածքին՝ բոլոր մուտքերը բացվում են դեպի ներքին բակը, ներքին ընդհանուր պատը ձգվում է պարիսպներին զուգահեռ։ Միջնաբերդի տարածքի գերակշիռ մասը՝ կազմում Է ներքին բակը։

Հորինվածքային լուծումով ամրոցը պատկանում է քառանկյուն դյակների տիպին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Պետրոսյան, Հ. Լ. և Կիրակոսյան, Լ. Վ. (1990) Երնջատափի վաղ միջնադարյան ամրոց-բնակավայրը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 9 . pp. 94-98. ISSN 0320-8117
  3. Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրությամբ Վ. Գ. Աբգարյանի, Երևան, 1975 թվական, էջ 602
  4. Գ. Ա. Տիբացյան, Հացավան ամրոցի 1961 թվականի պեղումներ, ՀՍՍՀ ԳԱ տեղեկագիր, 1962 թվական, թիվ 11 համար, էջ 80-84
  5. Գ. Ա. Տիբացյան, Հացավան ամրոցի 1961 թվականի պեղումներ, ՀՍՍՀ ԳԱ տեղեկագիր, 1962 թվական, թիվ 12 համար, էջ 108-110