Աստվածընկալ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածընկալ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Հարթավան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Ներկա վիճակԿանգուն, վերականգնվում է գավիթը
Կազմված էԵկեղեցի Սբ. Աստվածածին, Գավիթ, Գերեզմանոց և Գյուղատեղի «Աստվածընկալ»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1][2]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ4-րդ դար
Կառուցման ավարտ5-րդ դար
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Astvatsnkal Monastery Վիքիպահեստում

Աստվածընկալ վանք, վանական համալիր պատմական Նիգ գավառի կենտրոնական հատվածում, ներկայիս Արագածոտնի մարզի Երնջատափ և Հարթավան գյուղերի միջակայքում, կառուցապատվել է 4-13-րդ դարերում։

Համալիրի աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածընկալի վանական համալիրը գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ ափի իջվածքում, գետի աջակողմյան եռանկյունաձև, բարձր բլրի վրա։ Տարբեր դարերում կառուցված ձեռակերտ շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան։ Աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում՝ ձորակներով կտրտված, մինչև Քասաղ գետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում՝ ձորը, որտեղով հոսում է Քասաղ գետը, գետի ձախ ափին, եռանկյունաձև բարձունքի վրա՝ միջնադարյան բերդը։

Անվան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածընկալի անունն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից։

Ճարտարապետական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

4-5-րդ դարերի սահմանագծում Աստվածընկալի վանքի հնագույն կառույցների՝ Սուրբ Աստվածածին միանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցու, կից խորանի և ներփակ սենյակի տեղն ընտրել ու կառուցել են Նիգ գավառի այն ժամանակի տերերը՝ Գնթունիները։ 1207 թվականին գավառի նոր տերերի՝ Վաչուտյանների հովանավորությամբ այս եկեղեցին նորոգվել է և այդտեղ հաստատվել է վանական մեծ միաբանություն։ 1230-ական թվականների վերջին Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանն ու իր կինը՝ Խորիշահ իշխանուհին, ավարտելով Եղիպատրուշի եկեղեցու, ինչպես նաև մայրաքաղաք Վարդենիսի դղյակի ու բերդապարիսպների կառուցումը ձեռնարկեցին Աստվածընկալի կառուցապատմանը։ 1244 թվականին ավարտվեց Սուրբ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը։ Վաչուտյան ամուսինները Կաթողիկե եկեղեցուն նվիրել են այգիներ, հողեր Փարպիում, Օշականում, Կարբիում, մարդիկ, տներ, սպասք, եպիսկոպոսական խաչ և գիրք։ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է հնագույն բազիլիկ եկեղեցու հյուսիսային կողմում և իր կառուցվածքի մեջ է առել հին եկեղեցու հյուսիսային պատը։ Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է՝ մեկ զույգ որմնամույթերով, խորանի երկու կողմերում կառուցված կրկնահարկ ավանդատներով։ Առաջին հարկի ավանդատների դռները բացվում են բեմի վրա։ Գմբեթը նստած է կողմնային երկու որմնասյուների և կիսասյուների վրա հենված շրջանաձև հիմքի վրա։ Արտաքինից եկեղեցու արևելյան ու հյուսիսային պատերը մշակված են եռանկյունաձև խորշերով, շքեղորեն տեսանելի է դարձված հյուսիսային պատի վրա գտնվող պատուհանը և արևմտյան պատի շքամուտքի վերնամասի խաչը։ Եկեղեցին ունի երկու դուռ։ Դրանցից մեկը բացվում է բազիլիկ եկեղեցու մեջ, մյուսն արևմտյան ճակատի շքամուտքն է՝ հարդարված դեկորատիվ քանդակներով։ Բարավորի վրա հավասարաթև, սրածայր խաչերի համադրությամբ ստացվել են 26 ութաթև աստղեր։ Տեսանելիությունն ապահովելու համար աստղերը ներկված են կարմիր, խաչերը՝ սպիտակ։ Հայ ճարտարապետության երախտավոր Թորոս Թորամանյանը նկատել է, որ Կաթողիկե եկեղեցին կառուցված է,, մոտավորապես Անիի Լուսավորիչ եկեղեցու ձևով և չափով,,։ Եկեղեցին գրեթե ամբողջական պահպանվել է մինչև 19-րդ դարի 20-ական թվականները։ 1827 թվականի երկրաշարժից շինությունը վնասվել է, գմբեթի վերնամասը՝ վեղարով, ընկել է, քանդվել են ծածկի կենտրոնական հատվածները, թափվել են կտուրի ծածկասալերը։ 1244 թվականից հետո սկսվել է գավթի կառուցումը, որը հավանաբար ավարտվել է 1250-ական թվականների սկզբին։ Գավիթը քառասյուն տիպի շինություն է։ Կենտրոնական չորս սյուները, որոնցից երկուսը կլոր են, երկուսը՝ վեցանիստ, կողմնային որմնամույթերից ձգվող թաղ-կամարներով ինը մասի են բաժանել գավթի կտուրը։ Կենտրոնական հատվածը դեպի կոնաձև երդիկ-լուսանցք է բարձրացել՝ շթաքարե ձևավորմամբ, որն իր տեսակի մեջ լավագույններից է։ Շթաքարե ձևավորում ուներ նաև կտուրի արևելյան հատվածի կենտրոնական մասը։ Որմնասյուներից դեպի սյուները և դրանք իրար միացնող բոլոր թաղերը կենտրոնում կամ մի քիչ կենտրոնից տեղաշարժված կետում իրար են կապված սնկատիպ կապքարով, որ ճարտարապետական փոքրիկ գյուտ է, այլուր չի կրկնված և ավելի հաստատուն է դարձրել թաղերը։ Չորս սյուների բոլոր խոյակներն ու խարիսխները լուծված են յուրովի և իրար չեն կրկնում։ Արևելյան զույգ որմնասյուների խաչաձև ելուստների վրա քանդակված են Ամենափրկիչ տիպի խաչքարեր։ Բավական հարուստ ձևավորում-լուծում ունի գավթի արևմտյան ճակատը։ Այստեղ կենտրոնական մասում շքամուտքն է, որ ձևավորված է երեք շարք տերևաձև շթաքարե քանդականախշ ուղղանկյուն եզրակալով։ Շքամուտքի վերնամասում սյունով երկու մասի բաժանված պատուհանն է։ Պատի վրա փորագրված են խաչեր, որոնք բավական դիտելի են դարձրել գորշ քարով կառուցված շինությունը։ Գավթի արևմտյան կողմի ձախակողմյան սյունը երկրաշարժի ցնցումից կիսվել-ընկել է՝ ավերելով կտուրի հյուսիսարևմտյան հատվածը։ Գավթի արևելյան սյունաշարքի աջակողմյան սյան նիստերից մեկի վրա երևում է երկու տողանոց արձանագրություն. ,, Ա/ստուա/ծ ող/որմի/ /պա/րոն Ք/ր/դին,,։ Այս արձանագրությունը հաստատում է, որ գավիթը ևս կառուցել է Քուրդ Ա Վաչուտյանը։ Նույն սյան թաղի վրա, բարձրուստ, մոնումենտալ տառերով փորագրված է,, զՅոհանէս յաղագս յիշեցէք...,, արձանագրությունը։ Ելնելով արձանագրության դիրքից՝ թաղի վերնամասում, ենթադրելի է, որ այս Յոհանեսը շինության ճարտարապետն է։ Համադրելով Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցու և գավթի կառուցողական հար և նման ձեռագիրը՝ կարող ենք ասել, որ երկու շինություններն էլ նույն ճարտարապետի գործն են։ Շքամուտքի բարավորի ներսակողմյան մասում փորագրված է հիրավի ձեռագրային արձանագրություն. ,, Ձեռս գնա դառնա ի հող, գիրս մնա հիշատակող...,,։

Աստվածընկալ գյուղի հիմնադրումը չի կարելի չկապել Աստվածընկալ վանքի կառուցման հետ, իսկ դա նշանակում է, որ այն հիմնադրվել է առնվազն 4-րդ դարում, ունեցել է զարգացման ու անկման ժամանակաշրջաններ, որոնք համընկել են սելջուկների արշավանքներին, թուրք-պարսկական պատերազմներին։ Պատմական այդ թոհ ու բոհերի միջով անցած ոչ բոլոր գյուղերն են պահպանել իրենց հայահունչ անունը։ Նիգ-Ապարանի նման գյուղերը թվարկելիս, Սահակ գրիչի 1644 թվականին գրած ձեռագրի մեջ, որը պահպանվում է Մատենադարանում, նշվում է ,,Ածընկալն աստ է,,։ 18-րդ դարի սկզբներին Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելիս Աստվածընկալ գյուղը կրկին բնակեցվում է 1829 թվականին Մանազկերտից գաղթված ընտանիքներով։ Այդ մասին է վկայում 1831 թվականի աշխարհացույցը։

Օրհասական 1918թ. Ապարանի ճակատամարտին մասնակցել են նաև աստվածընկալցիները, որոնցից հիշատակվում են Սամսոն Մխիթարյանը (Ծուռ Սամոն), Մարկոս Մարկոսյանի երեք զավակները՝ Ալեքսանը, Բարսեղն ու Պետրոսը։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո գյուղում կազմակերպվել է գյուղական խորհուրդ, 1930-ին ստեղծվել է Շահումյանի անվան կոլտնտեսությունը, որը զբաղվել է հացահատիկի արտադրությունով ու անասնապահությամբ։ 1939 թվականին կոլտնտեսությունը լուծարվել է, իսկ գյուղի բնակիչները բնակեցվել են այն ժամանակ Երևանին մերձակա Անաստասավան գյուղում։ Վերջին գյուղացին գյուղը լքել է 1945թ։

Վերականգնողական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների կեսերին եգիպտահայ մի բարերարի հովանավորությամբ սկսվեց գավթի վերականգնումը։ Գավիթը, որի կտուրի մի փոքր հատվածն էր ավերված, ամբողջովին քանդվեց ու, ցավոք, այդպես էլ առ այսօր մնում է։ 2007 թվականին պետությունը ձեռնամուխ եղավ այս հոյակապ կառույցի վերականգնման-փրկության գործին։ Առաջնահերթ դիտվեց Սուրբ Նշան եկեղեցու վերականգնումը։ Ամրացվել են եկեղեցու պատերը և արդեն ավարտին է մոտենում գմբեթի ամբողջական վերականգնման աշխատանքը։ Կաթողիկեի աշխատանքներն ավարտելուց հետո կսկսվի գավթի վերականգնում-վերաշարումը։ 2021 թ. եկեղեցական համալիրը ամբողջությամբ վերականգնվում է գավթի հետ միասին ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.63/2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 593