Երիտասարդ գվարդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիտասարդ գվարդիա (ռուս.՝ Молодая гвардия, ուկրաիներեն՝ Молода гвардія), հակաֆաշիստական կոմերիտական ընդհատակյա կազմակերպություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Կրասնոդոնում։ Գործել է ընդհատակյա կուսակցական կազմակերպության ղեկավարությամբ։

Կրասնոդոնի օկուպացիայից (1942 թվականի հուլիսի 20) հետո ստեղծվեցին հակաֆաշիստական երիտասարդական խմբեր՝ Ի․ Զեմնուխովի, Օ․ Կոշևոյի, Վ․ Լևաշովի, Ս․ Տյուլենինի, Ա․ Ելիսեենկոյի, Վ․ Ժդանովի, Ն․ Սումսկոյի, Ու․ Գրոմովայի, Ա․ Պոպովի, Մ․ Փահլևանյանի (Պեգլիվանովա) գլխավորությամբ։ «Երիտասարդ գվարդիայի» հրամանատարն էր Իվան Տուրկենիչը։ Նրանք ընդունում և տարածում էին Սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունները, տպագրում և տարածում հակաֆաշիստական թռուցիկներ, զինված պայքար մղում հիտլերականների դեմ։

1943 թվականի հունվարի սկզբներին գվարդիականները մատնությամբ ձերբակալվեցին և դաժանորեն խոշտանգվեցին։ Հետապնդումներից խույս տվեց 11 մարդ, այդ թվում և Գ․ Մ․ Հարությունյանցը։ 1943 թվականի սեպտեմբերի 13ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով Գրոմովային, Զեմնուխովին, Կոշևոյին, Տյուլենինին, Շևցովային շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։

Խորհրդային տարիներին «Երիտասարդ գվարդիայի» մասնակիցների անունով են կոչվել բնակավայրեր, հանքահորեր, կոլտնտեսություններ, նավեր, պիոներական դրուժինաներ, Վորոշիլովգրադի մարզում հիմնադրված քաղաքներից մեկին տրվել է Մոլոդոգվարդեյսկ անունը։

«Երիտասարդ գվարդիայի» հիշատակին է նվիրված նաև Ալեքսանդր Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» վեպը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Молодая гвардия․ Сб․ документов и воспоминаний, 3 изд., Донецк, 1972


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 589
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդ գվարդիա» հոդվածին։