Եզնարգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզնարգել
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Եզնարգել (Ononis)
L., 1753

Եզնարգել (լատին․՝ Ononis), արորկալ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 70-75, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ փոքր եզնարգե (Ononis pusilla), վարելահողային եզնարգե (Ononis arvensis), վաղեմի եզնարգել (Ononis antiquorum)։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, տափաստաններում, մարգագետիններում, անտառներում և այլն։ Ցողունը կանգուն է, բարձր.՝ 20- 80 սմ՝ փշոտ ճյուղերով կամ առանց փշերի՝ պատված սպիտակ և գեղձային մազիկներով։ Արմատը արտաքինից սպիտակ է, կտրվածքում՝ գորշ դեղնավուն, յուրահատուկ հոտով, դառը համով։ Ծաղկում է ամռան ամիսներին, պտղակալում՝ օգոստոսից մինչև ուշ աշուն։ Բույսը լուսասեր է, պահանջկոտ խոնավության նկատմամբ, լավ աճում է կրային, սև և ջրաբերուկային հողերում։ Պտղակալում է կանոնավոր, ցրտադիմացկուն է։ Դեռևս Դիոսկորիդը իր ժամանակին նկատել է, որ բույսը հաճույքով ուտում են միայն ավանակները․ այստեղից էլ վերջինիս անունը՝ օնոնիս, որը ծագել է հունական օնոս՝ ավանակ բառից։

Եզնարգել

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները եռաբաժան են կամ պարզ, սղոցաեզր։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ վարդագույն, դեղին, հազվադեպ՝ սպիտակավուն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։

Եզնարգելը բյշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղաղանյութեր, եթերայուղեր, սապոնիններ։ Արմատների եփուկն ու ջրաթուրմն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Որոշ տեսակների տերևներից ու ցողուններից ստանում են դեղին և կանաչ ներկեր։ Մեղրատու է։

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են արմատը, որը մթերում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հանում են բահով, մաքրում հողը, և հեռացնում վերգետնյա մասը, լվանում սառը ջրով և չորացնում լավ քամհարվող տեղում, կախված վիճակում կամ չորանոցում՝ 40—50 С° պայմաններում։ Աճին չվնասելու համար պտղակալված բույսերը թողնում են։ Եզներգելը ճողովրդական բժշկության մեջ հայտնի է որպես քրտնամուղ, ինչպես նաև ամոքող միջոց՝ գլխացավերի, մարմնի ջարդվածության, ռևմատիզմի, մաշկային խրոնիկական ցանավորումների, ջրգողության, միզուղիների բորբուքումների և դրանց քարային ախտահարումների ժամանակ։ Ամիրդովլաթ Ամասյացին «շիրիշ» անվան տակ բույսի արմատի կեղևի և գինու խառնուրդը ներքին ընդունման ձևով առաջարկել է որպես միզամուղ «քարը ցրող և պեղծ խոցերը լավացնող» միջոց՝ միաժամանակ նշելով արմատի օգտակարությունը ջրով կամ քացախով՝ ատամնացավի ժամանակ։ Դեղաբույսի բուժական հատկանիշները գիտականորեն հիմնավորվել են Բ․ Ե․ Վոտչալի կլինիկայում։ Այսպես, 2—3 շաբաթ տևողությամբ ոգեթուրմի կիրառումից թութքով հիվանդների մոտ տեղի է ունեցել սուբյեկտիվ վիճակի լավացում, բուժման 7—10–րդ օրերից վերացել են ցավերը և սեղմման զգացումը ուղիղ աղիքի շրջանում, փոքրացել ու փափկել են թութքային հանգույցները, դադարել արյունահոսությունը, կանոնավորվել աղիների գործունեությունը։ Եզնարգելի ինչպես արմատի եփուկի, այնպես էլ ոգեթուրմի կիրառումը լավ արդյունք է տվել թութքի հողի վրա առաջ եկած հետանցքային քորի ժամանակ։ Դեղամիջոցների կիրառումը դրականապես է անդրադարձել է նաև ախորժակի վրա, իսկ մյուս կողմից, վերացել են փորի շրջանի ցավերը և բքնածությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․Թորոսյան,Հայաստանի դեղաբույսերը,«Հայաստան» հրատարակչություն,Երևան,1983
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզնարգել» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզնարգել» հոդվածին։