Դվինի երկրաշարժ (893)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դվինի երկրաշարժ
Տեսակերկրաշարժ
Տարեթիվ893

Դվինի 893 թվականի երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին, կեսգիշերին մոտ։ Այն ունեցել է մոտավորապես 6 բալ ուժգնություն, իսկ Մերկալիի ինտենսիվության սանդղակով երկրաշարժի առավելագույն ինտենսիվությունը եղել է IX մակարդակի։ Այն ավերել է Հայաստանի Դվին քաղաքը, որին զոհ է գնացել մոտ 30'000 մարդ։ Դվինի արաբական «Դաբիլ» անվանման նմանությունը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլ քաղաքի անվան հետ գրավոր որոշ աղբյուրներում շփոթություն է առաջացրել և մի քանի կատալոգներում հայտնվել է նաև 893 թվականի Արդաբիլի երկրաշարժը, թեև այն ընդհանուր առմամբ համարվում է կեղծ իրադարձություն։

Տեկտոնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Հայաստանը ընկած է Արաբական սալի և Եվրասիական սալի միջև մայրցամաքային բախման բարդ գոտում, որը ձգվում է հարավում Բիթլիս-Զագրոս գոտուց մինչև Մեծ Կովկասի լեռները, և հյուսիսում՝ Ապշերոն-Բալկանյան լեռներից մինչև Կոպետդաղ լեռներ[1]։ Սարդարապատ-Նախիջևան խզվածքային գոտին կազմված է ձախակողմյան խզվածքի չորս հատվածներից՝ Կաղզվանի, Սարդարապատի, Փարաքար-Դվինի և Նախիջևանի խզվածքներից։ Այս խզվածքային համակարգի Փարաքար-Դվին հատվածում տեղաշարժը կապված է եղել 9-րդ դարի երկրորդ կեսի մի շարք խոշոր երկրաշարժերի հետ[2][3]։

Երկրաշարժի բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երկրաշարժի ուժգնությունը տրվել է 5,3 և 6 բալ, թեև առաջարկվել է 7 և ավելի բալ[3]։ Հիմնական ցնցմանը հաջորդել են հինգ օր տևած ավերիչ հետցնցումները։ Մերկալիի սանդղակով ինտենսիվությունը գնահատվում է IX մակարդակի, չնայած որոշ սեյսմոլոգներ ենթադրում են, որ X-ն ավելի համապատասխան արժեք կլինի[3]։

Վնաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աղբյուրների վկայությամբ՝ քաղաքն ավերված էր, ավերվել էին նրա շինությունների մեծ մասը, այդ թվում՝ պաշտպանական պարիսպները, կաթողիկոսի նստավայրը և մնացած բոլոր հուշարձան շենքերը. ընդամենը 100 տուն էր մնացել կանգուն[4]։ Վնասված տարածքը ներառում էր Արտաշատի բարձրավանդակը, որտեղ առաջացել են սողանքներ։ Ռշտունյաց Գրիգոր եպիսկոպոսը, ով գտնվում էր վիմափոր ճգնարանում, զոհվեց իր մի քանի հետևորդների հետ։ Պատմական աղբյուրներում զոհերի թիվը տարբեր կերպ է հաղորդվում՝ 20,000-ից մինչև 180,000[5]։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժն ավերել էր քաղաքի պաշտպանությունը, և Ատրպատականի Սաջյան ամիրայության էմիր Մուհամմադ իբն Աբիալ-Սաջը գրավեց Դվինը և այն վերածեց ռազմական բազայի։ Թեև 961 թվականին Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, սակայն Դվինը վերակառուցումից հետո կրկին բարգավաճեց 10-րդ դարում[6]։

Տեղանքի և ամսաթվի շուրջ շփոթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երկրաշարժի վայրի և ամսաթվի շուրջ շատ շփոթություն է եղել։ Հայկական մի քանի աղբյուրներ հստակորեն այն դնում են Հայաստանի Դվին քաղաքում, 893 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած լուսնի խավարման հաջորդ գիշերը։ Այնուամենայնիվ, մի քանի աղբյուրներում գտնվելու վայրը տրվել է որպես Արդաբիլ, որը ենթադրվում է, որ Դվինի արաբական անվան՝ «Դաբիլ» սխալ ընթերցում է։ Դվինի երկրաշարժի գրեթե բոլոր մանրամասները կրկնվում են այս աղբյուրներում, թեև շատ դեպքերում դիտված լուսնի խավարումը դարձել է արևի խավարում։ Մեկ այլ աղբյուր երկրաշարժը տեղադրում է Հնդկաստանի անանուն մայրաքաղաքում (Դայբուլ), չնայած այժմ համարվում է, որ նման երկրաշարժ տեղի չի ունեցել Հնդկաստանում կամ Պակիստանում[7] և որ «լավ հայտնի» 893 թվականի Արդաբիլի կամ Դայբուլի ենթադրյալ երկրաշարժը ուրվական է, չնայած այն հայտնվել է բազմաթիվ ժամանակակից կատալոգներում և տեղեկատու գրքերում[8][9]։

Երկրաֆիզիկական տվյալների ազգային կենտրոնի բազայում այս իրադարձության համար երկրաշարժի ամսաթիվը տարբեր կերպ է տրված։ Նշված է մարտի 23, մարտի 27, դեկտեմբերի 24 դեկտեմբերի 14 ամսաթվերը, իսկ թվականը մեջբերված աղբյուրներում 893, 894 կամ 895 թվականը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Talebian, M.; Jackson J. (2004). «A reappraisal of earthquake focal mechanisms and active shortening in the Zagros mountains of Iran» (PDF). Geophysical Journal International. 156 (3): 506–526. Bibcode:2004GeoJI.156..506T. doi:10.1111/j.1365-246X.2004.02092.x. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. Karakhanian, A.S.; Trifonov V.G.; Philip H.; Avagyan A.; Hessami K.; Jamali F.; Bayraktutan M.S.; Bagdassarian H.; Arakelian S. (2004). «Active faulting and natural hazards in Armenia, eastern Turkey and northwestern Iran». Tectonophysics. 380 (3–4): 206. Bibcode:2004Tectp.380..189K. doi:10.1016/j.tecto.2003.09.020.
  3. 3,0 3,1 3,2 Mkrtchian, H.K. (2000). «A major neotectonic structure within the Arabia-Eurasia collisional orogen: the Ararat-Araks conjugate fault system and its possible impact on the safety of the Metsamor nuclear power plant». In Balassanian S., Cisternas A. & Melkumyan M. (ed.). Earthquake hazard and seismic risk reduction. Advances in natural and technological hazards research. Vol. 12. Springer. էջեր 156–157. ISBN 978-0-7923-6390-3.
  4. Hasrat'yan, M. (1995). «The medieval earthquakes of the Armenian Plateau and the historic towns of Ayrarat and Shirak (Dvin, Ani, Erevan)» (PDF). Annali di Geofisica. 38 (5–6): 719–722. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 National Geophysical Data Center. «Comments for the Significant Earthquake». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. Adalian, R.P. (2010). Historical Dictionary of Armenia. Historical dictionaries of Europe G – Reference, Information and Interdisciplinary Subjects. Vol. 77 (2 ed.). Scarecrow Press. էջեր 287–288. ISBN 978-0-8108-6096-4.
  7. Ambraseys, N.N. (2004). «Three little known early earthquakes in India». Current Science. 86 (4): 506–508. JSTOR 24107899.
  8. Musson, R. (2001 թ․ մարտի 7). «The ten deadliest ever earthquakes». British Geological Survey. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. Gupta, H. (2011). Encyclopedia of Solid Earth Geophysics. Encyclopedia of Earth Sciences (2 ed.). Springer. էջ 566. ISBN 978-90-481-8701-0.