Կոպետդաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպետդաղի լեռները

Կոպետդաղ (թուրք.՝ բազում լեռներ), լեռնային համակարգ Թուրքմենստանում և Իրանում, Թուրքմենա-Խորասանական լեռների մասը։ Երկարությունը մոտ 650 Կմ է, լայնությունը՝ 40-200 Կմ, բարձրությունը՝ մինչև 3117 մ (Խեզարմեսջեդ լեռ)։ Գտնվում է Ալպյան ծալքավորության մարզում։ Բարձր սեյսմիկ շրջան է (հայտնի են 1869 թվականի, 1893 թվականի, 1895 թվականի, 1929 թվականի երկրաշարժերը և 1948 թվականի երկրաշարժը Աշխաբադում)։ Կան սնդիկի, մկնդեղի, բարիտի հանքավայրեր, շինարարական քար և հանքային աղբյուրներ։ Կազմված է զուգահեռ լեռնաշղթաներից, բլրաշարերից և սարավանդներից՝ կտրտված Ատրեկ, Կեշեֆրուդ, Թեջեն և այլ գետերի միջանցիկ կիրճերով ու հովիտներով։ Լանջերի ստորին մասերը ծածկված են անապատային և կիսաանապատային, բարձր մասերը՝ տափաստանային բուսականությամբ։ Վերջիններն օգտագործվում են որպես արոտավայրեր։ Հովիտներում զբաղվում են հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ։

Կենդանական աշխարհ[խմբագրել]

Անտառների անապատային նախալեռներում տարածված են հովազ, ընձառյուծ, խնագայլ, բծավոր բորենի, հնդկական մեղրակեր։ Բարձր բարձրավանդակում արածում են Կոպետդագյան լեռնային ոչխարները, իսկ քարքարոտ կիրճերում բեզոարյան այծերը։[1].

Kopetdag-mountains.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png