Արդաբիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Արդաբիլ
ԵրկիրԻրան Իրան
Մակերես18,01 կմ²
ԲԾՄ1351 մետր
Բնակչություն529 374 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0451
Փոստային դասիչ56131–56491
Արդաբիլ (Իրան)##
Արդաբիլ (Իրան)

Արդաբիլ (պարս.՝ اردبیل, հայկական աղբյուրներում նաև Արտավետ), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում, Արդաբիլի օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 529 374 մարդ (2016)[1][2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է Սաբալան լեռանից դեպի արևելք տարածվող հարթավայրում[3]` Արաքսի աջ վտակ Կարասու գետի ակունքներից մեկի վրա[4]։ Գտնվում է ծովի մակերևույթից 1351 մետր բարձրության վրա։ Հեռավորությունը Կասպից ծովից կազմում է մոտ 50 կմ, Ադրբեջանի հանրապետության հետ սահմանից` մոտ 35 կմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 529 374 մարդ, որոնք կազմում էին 158 627 տնտեսություն։ Արդաբիլը բնակչությամբ Արդաբիլի օսթանի ամենախոշոր[5] և Իրանական Ադրբեջանի երրորդ ամենախոշոր քաղաքն է Թավրիզից և Ուրմիայից հետո։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև[6].

Տարի 1956 1966 1976 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 65 742 83 596 147 865 271 973 311 022[7] 340 386[7] 418 262[8] 482 632[9] 529 374[10]

Բնակիչները հիմնականում իրանական ադրբեջանցիներ են[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հին պարսկական աղբյուրների` քաղաքը կառուցվել է Սասանյան Պերոզ I թագավորի (459-484) կողմից և կոչվել Բադան Պերոզ, սակայն քաղաքի նախաիսլամական պատմության մասին ոչինչ հայտնի չէ[6][11]։

Արաբների կողմից Ատրպատականի նվաճման ժամանակ Արդաբիլը եղել է մարզպանի նստավայրը և հանձնվել է արաբներին պայմանավորվածության արդյունքում։ Արաբների տիրապետության ժամանակ Մարաղայի հետ մեկտեղ շարունակել է հանդիսանալ Ատրպատականի կուսակալի նստավայրերից մեկը[6][11]։

1209 թվականին քաղաքը գրավվել է Վրաստանի զորքերի կողմից և ավերվել, ինչի արդյունքում քաղաքի շուրջ 12 000 բնակիչներ սպանվել են[6]։ 1220 թվականին պաշարման երկու անհաջող փորձերից հետո գրավվել և հիմնովին ավերվել է մոնղոլների կողմից[6]։ Քաղաքը համեմատաբար արագ վերականգնվել է, սակայն կորցրել իր երբեմնի նշանակությունը` զիջելով Ատրպատականի հիմնական քաղաքի դերը Թավրիզին[6]։

1252 թվականին Արդաբիլում է ծնվել շեյխ Սեֆի ադ-Դինը, որի գործունեության արդյունքում քաղաքը դարձել է Սաֆավիե աղանդի կենտրոնը։ Նրանից սերող Իսմայիլը Գիլանից վերադարձավ քաղաք և այդտեղից սկսեց վճռական պայքարն ընդդեմ ակ-Կոյունլուների` հաղթելով նրանց, թագադրվելով որպես Իրանի շահ 1501 թվականին Թավրիզում և հիմնադրելով Սեֆյան արքայատոհմը[11]։

Սեֆյանների օրոք քաղաքը դարձավ սրբավայր։ Շահ Աբբասը հատկապես հարստացրեց Սեֆի ադ-Դինի դամբարանի համալիրը` մասնավորապես նվիրելով չինական ճենապակու հարուստ հավաքածու։ XVIII դարի սկզբում Սեֆյանների անկման դարաշրջանում Օսմանյան կայսրությունը կարճ ժամանակով գրավեց քաղաքը, սակայն Նադիր շահն այն հետ գրավեց` թագադրվելով ոչ հեռու գտնվող Մուղանի տափաստաններում[11]։

Ղաջարների օրոք XIX դարի սկբում քաղաքը թագաժառանգ և Ադրբեջանի կառավարիչ Աբբաս Միրզայի հիմնական նստավայրն էր։ Այն ամրացվել է ֆրանսիական գեներալ Գարդանի կողմից, սակայն 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ քաղաքը ժամանակավորապես գրավվել է ռուսների կողմից։ Այդ ժամանակ Սեֆի ադ-Դինի սրբարանի հարուստ գրադարանը ռուս գեներալ Իվան Պասկևիչի կողմից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և այլևս չի վերադարձվել[6]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խճուղային ճանապարհների հանգույց։ Ունի գորգագործական, կաշվի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Հայտնաբերված են հանքային աղբյուրներ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրերից են

Ընդհանուր առմամբ Արդաբիլը հայտնի է իր XVI—XVII դարերի պաշտամունքային հուշարձաններով, որոնց կոմպոզիցիոն արտահայտչականությունը, հախճասալե զարդարումները վկայում են Իրանի ճարտարապետական լավագույն ավանդների մասին։

Հայերն Արդաբիլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդաբիլում հայերը բնակություն են հաստատել սկսած IV դարից։ XX դարի սկզբին այստեղ կար շուրջ 20 տուն հայ, որոնք ունեին դպրոց ու եկեղեցի` կառուցված 1875 թվականին, որը պահպանվում է առ այսօր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Ardabīl on Britannica online (անգլ.)». Վերցված է 2023 թ. նոյեմբերի 17-ին.
  4. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, էջ 409
  5. «IRAN: Ardabil» (անգլերեն). City Populations.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «ARDABĪL» (անգլերեն). Encyclopædia Iranica.
  7. 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մարտի 22-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 R. N. Frie (1978). «ARDABlL». The Encyclopaedia of Islam, Volume I (A-B) (Իսլամի հանրագիտարան, 1-ին հատոր). Leiden: E.J. Brill. էջեր 625–626. ISBN 90-04-08114-3.
  12. «Historic City of Yazd». World Heritage (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդաբիլ» հոդվածին։