Դավիթ Գիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Բարսեղի Գիշյան
2002 - 2022
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահվան վայրՀայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿոչումՀՀ ԶՈՒ շարքային
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2022)

Դավիթ Բարսեղի Գիշյան (սեպտեմբերի 24, 2002(2002-09-24), Երևան, Հայաստան - սեպտեմբերի 14, 2022(2022-09-14), Հայաստան), հայ զինվորական, Հայաստանի զինված ուժերի ժամկետային զինծառայող, Հայ-ադրբեջանական պատերազմի (2022) մասնակից։ Ծանր վիրավորվել է ՊՆ N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքում՝ ՀՀ սուվերեն տարածքի՝ Սյունիքի մարզի վրա ադրբեջանական ագրեսիայի ժամանակ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, գերեվարվել է վիրավորվելուց հետո, և ապա, կարճ ժամանակ անց, արնաքամ լինելով մահացել Սյունիքի լեռներում՝ հայ-ադրբեջանական շփման գծում[1][2][3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Գիշյանը ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Երևանում[1][2][3][4]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2022)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթը ՀՀ զինված ուժեր է զորակաչվել 2021 թվականի հուլիսին[6]։ Ծառայել է Վաղարշապատի ինժեներական զորքերի ուսումնական զորամասում, նույն թվականի դեկտեմբերին տեղափոխվել է Կապան[6]։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի-լույս 13-ի գիշերը՝ ՀՀ Սյունիքի մարզի վրա հարձակման ժամանակ Դավիթ Գիշյանը գտնվել է դիրքերում, իրականացրել մարտական հերթապահություն։ Մասնակցել է գիշերային մարտական գործողություններին, առավոտյան կողմ ՊՆ N զորամասի մարտական դիրքից նահանջից հետո միայնակ հետ է վերադարձել ազերիների վերահսկողության տակ անցած մարտական դիրք՝ վիրավոր ընկերոջը գտնելու համար։ Ադրբեջանցիները գտնվել են մի քանի մետր հեռավորության վրա[6], որից հետո Դավիթը ծանր վիրավորում է ստացել և գերեվարվել[6][7]։

Վիրավորվելը և մահը գերության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում մի տեսանյութ է հայտնվում, որտեղ երևում է, որ Դավիթը վիրավորում է ստացել ուսի շրջանում, իսկ ադրբեջանցիները իբրև թե «օգնություն են ցուցաբերում» նրան[5]։ Ադրբեջանական հարձակումից կես օր անց, սեպտեմբերի 13-ին Դավիթի հայրը՝ սոցիոլոգ Բարսեղ Գիշյանը ադրբեջնական տեսանյութում ճանաչում է հայ-ադրբեջանական շփման գծում գետնին պառկած վիրավոր որդուն, և համոզվելով, որ որդին վիրավոր է և ազերիների կողմից վերահսկվող տարածքում, դիմում է իրավապաշտպաններին։ Դրանից հետո, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դիմում է Եվրոպական դատարան՝ խնդրելով հրատապ միջոց կիրառել՝ ապահովելու համար վիրավոր ռազմագերու կյանքն ու առողջությունը։ Եվ մինչ Եվրադատարանը մինչև սեպտեմբերի 22-ը ժամանակ էր տվել Բաքվին պատասխանելու այս միջնորդությանը, սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում 32 հայ զինծառայողների մարմիններ՝ այդ թվում՝ Դավիթ Գիշյանի։ Չսպասելով դատաբժշկական փորձաքննության արդյունքներին՝ պարզելու համար մահվան հանգամանքները, լրատվամիջոցները տարածում են տեղեկություն, որ ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ վիրավոր զինծառայողին սպանել են գերության մեջ[5]։ Հայտարարություն է տարածում նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Շարքային զինծառայողը նույնականացված գերիների թվում է եղել[1][2][3][4]։

Այսօր (սեպտեմբերի 18-ին) առավոտյան Եվրոպական դատարանին տեղեկացրել ենք նրա սպանության մասին և ասել, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը` կյանքի իրավունքը։ Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից է անձին պաշտպանում։
- Հասմիկ Սամվելյան[1][2][3]

Հասմիկ Սամվելյանը հավելել է նաև, որ դիմում է ուղարկվելու ՄԱԿԱրդարադատության միջազգային դատարան` Հաագայի դատարան[1][2][3]։

Դավիթ Գիշյանի մասին տվյալները Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակին էր փոխանցել գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Զեյնալյանը[1], որը ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Գիշյանի սպանության լուրերի հետ կապված հայտարարում է․

Պետք է իրականացվի նախաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։ Արդյո՞ք պետությունը կատարել է իր պարտականությունները կյանքը երաշխավորելու և ապահովելու, պաշտպանելու։ Ցանկացած պետության մասին է խոսքը։ Բնականաբար, պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, և նրա կյանքի համար պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։ Մենք ունենք տեսանյութ, որ նա ողջ վիճակում գտնվում է ադրբեջանցիների իրավազորության ներքո, նրան վիրակապում են, առաջին հայացքից նա ունի կրծքավանդակի թափանցող վիրավորում։
- Արտակ Զեյնալյան[1]։

Դավիթ Գիշյանի հայրը իրականությանը չհամապատասխանող է համարում վիրավոր որդուն ադրբեջանցիների կողմից սպանելու հայտարարությունները՝ գերի վերցնելուց հետո[5]։ Զինվորի հայրը, հիմնվելով դատաբժշկական փորձաքննության արդյունքների վրա, հայտարարել է, որ ծանր վիրավոր վիճակում գերեվարելուց հետո ադրբեջանցիները չեն սպանել իր որդուն. «Եթե գրում են՝ Դավիթ Գիշյանին սպանել են, պետք է հղումներ անեն։ Ու հայտարարություններ են արվել այն ժամանակ, երբ տղայիս մարմինը դեռևս դատաբաժշկական փորձաքննության չէր ենթարկվել։ Այսինքն՝ այդ հղումները հիմք չունեն»[5]։ Բարսեղ Գիշյանի խոսքով վիրավորումը եղել է ուսից․ «գնդակը մտել է ուսից և դուրս եկել գոտկատեղի վերևի հատվածից։ Ինքը արյունաքամվել է, իր մարմնի վրա չկա որևէ այլ գնդակի հետք, որ հիմք լիներ ասելու, որ իրեն սպանել են՝ գերի վերցնելուց հետո»։

Դավիթ Գիշյանի մահվան հանգամանքները պարզելու համար կատարված դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահը պայմանավորված է մարտական գործողությունների ընթացքում ստացած <<կրծքավանդակի հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ վիրավորումով>>, <<կրակոցի լրացուցիչ գործոններ չեն հայտնաբերվել>>։ Միաժամանակ, <<Դավիթ Գիշյանի մոտ հայտնաբերվել են հարվածների հետքեր գլխի շրջանում, որոնք պատճառվել են բութ առարկաներով, կենդանության օրոք, որոնք չեն գտնվում պատճառական կապի մեջ մահվան հետ>> (Դատաբժշկական փորձաքննության փորձագետի եզրակացություն 1057/43)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի խոսնակ». www.azatutyun.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչություն». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ․ պաշտոնական». a1plus.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Գերության մեջ անմահացած Դավիթ Գիշյանը». www.panorama.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Ո՞վ է հերոս Դավիթ Գիշյանի մասին Wikipedia-ում պարբերաբար սխալ տեղեկություններ թարմացնում». aravot.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Դավիթ Գիշյան՝ սարերի տղան». aravot.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
  7. ««Որևէ մեկը երբ նշում է «գերի ընկած և զոհված Դավիթ Գիշյանը», թող չալարի և գրի իրականությունը»․ Մարիա Գիշյան». aravot.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.