Դառնախոտ թունավոր (լատին․՝ Rhaponticum repens), աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա ծլարմատավոր երկշաքիլավոր մոլախոտ, որն ունի ուղիղ ցողուն, ձվաձև սերմեր։ Տարածված է երկրագնդի չափավոր ու տաք կլիմայական գոտիներում, օրինակ, Միջին Ասիայում, Հարավային Ուկրաինայում, Ղրիմում։
Ցողունը ուղիղ է, խիտ ճյուղավորված և պատված է նուրբ մազիկներով։ Տերևները նստադիր են, նշտարաձև և նույնպես թույլ գեղձամազոտ։ Ներքևի տերևները սղոցաձև կտրված են, վերևինները ամբողջաեզր են, ավելի մանր։ Յուրաքանչյուր ցողունի կամ ճյուղավորման ծայրին նստած են կլորավուն զամբյուղ-ծաղկափթթությունները՝ մանուշակագույն երանգավորմամբ վարդագույն խաղիկներով։ Սերմերը ձվաձև են, կողավոր և իրենց ծայրերին կրում են կարճ վրձնիկներ։ Բույսն ունի լավ զարգացած արմատային համակարգ` հզոր ուղղահայաց ցողունով[1]։ Գլխավոր առանցքային արմատը կարող է հասնել 4-ից մինչև 10 մետր խորության՝ միաժամանակ առաջացնելով հորիզոնական արմատների հզոր ցանց։ Դառնախոտը թունավորը ջերմասեր և արևասեր բույս է։ Ծաղկում է հուլիսից մինչև օգոստոսի վերջ[2]։ Վերարտադրվում է հիմնականում արմատներով։
Բույսի հայրենիքը Կենտրոնական Ասիան է, որտեղից այն տարածվել է ամբողջ աշխարհի չորային շրջաններում՝ հասնելով մինչև Ավստրալիա[3]։
Այն Արարատյան հարթավայրի հատկապես մերձարաքսային հովտի ամենաչարորակ մոլախոտերից մեկն է և աղբոտում է այդ գոտու բոլոր հողատեսքերը[4]։