Գևորգ Սուքիասյան
Գևորգ Սուքիասյան | |
---|---|
Ծնվել է | 1894 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Գևորգ Խաչատուրի Սուքիասյան (1894), (1979)գյուղատնտեսական արտադրության խորհրդային հայ կազմակերպիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Խաչատուրի Սուքիասյանը ծնվել է 1894 թվականին Ռուսական կայսրության Երևանի գավառի Բամբակաշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ), աղքատ գյուղացու ընտանիքում։ 1901 թվականից Գևորգը սովորել է տեղի ծխական դպրոցում։ Չնայած սովորելու մեծ ցանկությանը, ֆինանսական ծանր պայմանների պատճառով 1905 թվականին Սուքիասյանը ստիպված է եղել թողնել դպրոցը։ 1906 թվականից բատրակություն է արել տեղի կուլակների մոտ, 1912 թվականին եղել է դարբնի աշակերտ, իսկ մինչև 1914 թվականը եղել է վարձու բանվոր մասնավոր արհեստանոցներում [2]։
1916 թվականին Գևորգ Սուքիասյանը զորակոչվել է ռուսական կայսերական բանակ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, սակայն 1917 թվականին ծանր հիվանդության պատճառով զորացրվել է։ Վերադառնալով հայրենի Բամբակաշատ գյուղ՝ Սուքիասյանը զբաղվել է գյուղատնտեսությամբ։ 1920 թվականին գյուղական աշխատավորների հետ ակտիվորեն մասնակցել է գյուղում խորհրդային իշխանության հաստատման համար մղվող պայքարին։ Նույն թվականի վերջին նշանակվել է Բամբակաշատ գյուղի հեղկոմի նախագահի պաշտոնում[2]։ 1921 թվականի փետրվարյան ապստամբության ժամանակ Սուքիասյանը ենթարկվել է հալածանքների, սակայն ապստամբության ճնշումից հետո կրկին զբաղեցրել է հեղկոմի նախագահի պաշտոնը[3]։ 1922 թվականի դեկտեմբերին Սուքիասյանն ընտրվել է Բամբակաշատի գյուղական խորհրդի գործկոմի նախագահ[4]։ 1923 թվականին նա ընդունվել է ՌԿ (բ)Կ / ՀամԿ (բ) Կ/ ԽՄԿԿ շարքերը [2]։ Նույն թվականի նոյեմբերից զբաղեցրել է ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի գործկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչի պաշտոնը։ 1925-1928 թվականներին Սուքիասյանն աշխատել է Հայկական բամբակի կոմիտեի ձեռնարկություններում, եղել է Մարգարա, Արմավիր և Նալբանդյան գյուղերի մթերման կայանների վարիչ։ 1928 թվականին նշանակվել է Հոկտեմբերյանի բամբակազտիչ գործարանի տնօրեն և պաշտոնավարել մինչև 1936 թվականը[4]։
1928 թվականին Խորհրդային Միությունում ստեղծվել են մեքենատրակտորային կայաններ (ՄՏԿ), և Սուքիասյանը դարձել է Հոկտեմբերյանի ՄՏԿ-ի տնօրեն։ Սուքիասյանը աշխատանքի սկզբնական շրջանում կապեր է հաստատել ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի կոլտնտեսությունների վարչությունների հետ[4]։ Նրա գլխավորությամբ ավելացել են գյուղատնտեսական կուլտուրաների, մասնավորապես բամբակի մշակության մեքենայական աշխատանքների ծավալը, արտադրությունում ներդրվել են նաև առաջավոր փորձն ու գիտական ժամանակակից նվաճումները։ Սուքիասյանն անձամբ եղել է կոլտնտեսություններում՝ հետևելով տրակտորային բրիգադների աշխատանքին։ Արդյունքում բրիգադները աշխատանքները կատարել էին լավագույն ագրոտեխնիկական ժամկետներում։ Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը բարձրացնելով՝ Հոկտեմբերյանի ՄՏԿ-ի կողմից սպասարկվող կոլտնտեսությունները ռեկորդային արդյունքների են հասել[5]։ Սուքիասյանի աշխատանքները գնահատվել են երկրի ղեկավարության կողմից, նա պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, «Աշխատանքային արիության համար» մեդալով։ Մինչև 1949 թվականը Հոկտեմբերյանի շրջանի կոլտնտեսությունները յուրաքանչյուր հեկտար բամբակի տնկարկներից ստացել են 29 ցենտներ բերք՝ սահմանված 18 ցենտների փոխարեն։ Այսպիսով, նախատեսված պլանը գերակատարվել է 51,6%-ով[5]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1950 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագրով ոռոգելի հողերից բամբակի բարձր բերք ստանալու, կոլտնտեսությունների կողմից բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների մատակարարման պլանները կատարելու, 1949 թվականին ՄՏԿ-ի աշխատանքների համար բնամթերային վճարումները կատարելու 1950 թվականի բոլոր մշակաբույսերի ամբողջական պահանջի չափով գարնանացանի սերմացուով ապահովելու համար Գևորգ Խաչատուրի Սուքիասյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[6]։
Հետագա տարիներին Սուքիասյանի գլխավորությամբ Հոկտեմբերյանի ՄՏԿ-ն համակարգված կերպով գերակատարել է սահմանված արտադրական պլանները՝ մեծապես խնայելով գումար և վառելիք, նրա ղեկավարած ՄՏԿ-ն Հայկական ԽՍՀ առաջավոր կայաններից է եղել[7]։ 1958 թվականին, մեքենատրակտորային կայանների լուծարումից հետո, Սուքիասյանը դարձել է նորաստեղծ Հոկտեմբերյանի վերանորոգման տեխնիկական կայանի տնօրեն։ Կայանը Սուքիասյանի ղեկավարությամբ սկսել է սպասարկել 28 կոլտնտեսություն և սովխոզ[7]։ Արդեն յոթնամյա պլանի առաջին տարում (1959) կայանը աշխատանքի մեծ արդյունքներ է գրանցել՝ մեքենաների վերանորոգման տարեկան պլանը կատարվել է 130%-ով, հողափորման աշխատանքների պլանը՝ 363%-ով, իսկ նոր տեխնիկայի վաճառքի պլանը՝ 122%-ով[8]։ Յոթնամյա պլանի արդյունքներով Սուքիասյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» երկրորդ մեդալով։ Հետագայում ստեղծվել է Հոկտեմբերյանի շրջանային «Գյողտեխնիկա» միավորումը, որի կառավարիչ նշանակվել է Սուքիասյանը։ Ութերորդ հնգամյա պլանի արդյունքներով աշխատանքային ձեռքբերումների համար Սուքիասյանը պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ Սուքիասյանը թոշակի է անցել 1975 թվականին։ Մահացել է 1979 թ 85 տարեկանում
Գևորգ Խաչատուրի Սուքիասյանը նաև ակտիվ հասարակական գործունեություն է իրականացրել, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի չորս գումարումների պատգամավոր։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1950 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագիր, Լենինի շքանշան և Մուրճ և մանգաղ ոսկե մեդալ)՝ ոռոգելի հողերից բամբակի բարձր բերք ստանալու, կոլտնտեսությունների կողմից բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների մատակարարման պլանները կատարելու, 1949 թվականին ՄՏԿ-ի աշխատանքների համար բնամթերային վճարումները կատարելու և 1950 թվականի գարնանացանի ամբողջական պահանջի չափով բոլոր մշակաբույսերի սերմերով ապահովելու համար[6],
- Լենինի շքանշան (24.11.1945)[6],
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (8.04.1971)[6],
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (23.11.1940)[6],
- Պատվո նշան շքանշան (8.02.1944)[6],
- «Աշխատանքային արիության համար» երկու մեդալ (06/15/1946, 04/30/1966)[6]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Саакян В. М., Геворкян В. А. Сукиасян Геворк Хачатурович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 104—110. — 325 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666. — 688 с.
- ↑ 2,0 2,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 105
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 105—106
- ↑ 4,0 4,1 4,2 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 106
- ↑ 5,0 5,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 107
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Գևորգ Սուքիասյան «Երկրի հերոսներ» կայքում
- ↑ 7,0 7,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 108
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 109
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Геворк Хачатурович Сукиасян «Երկրի հերոսներ» կայքում
- «Сукиасян Геворк Хачатурович». Российский государственный архив кинофотодокументов. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
|
- 1894 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավորներ