Գիրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիրան (այլ կիրառումներ)

Գիրան, միջնադարյան հայկական քաղաք Մեծ Հայքի Գողթն գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Որդուարի շրջանի տարածքում։ Գտնվում է Վերին Ազա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, Գիլան գետի ձախ կողմում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղեցրել է շուրջ 12 կմ² տարածություն։ Քաղաքի պատմական անցյալի մասին սկզբնաղբյուրներում քիչ տեղեկություններ են պահպանվել։ 19-րդ դարի ազգագրագետների կողմից հաճախ շփոթվել է այս տարածքի տեղը Գիրանի մոտ, այժմյան Վերին և Ներքին Ազաներ և Դեր գյուղերի տեղում եղած Ազատ քաղաքի հետ և Ազատ-Գիրան քաղաք ասելով նկատի են ունեցել մեկ քաղաք։ Այնինչ Ազատը և Գիրանը եղել են առանձին քաղաքներ և որպես այդպիսիք հիշատակվել են դեռևս 976 թվականին Խարիկ Ա կաթողիկոսի հիշատագրում։ Նույնն է հաստատում նաև 14-րդ դարի պատմիչ Հ. Կազվինի տեղեկությունները Ազատ քաղաքի տեղադրման մասին՝ ըստ որի Ազատը Գողթնի քաղաքների թվում հայտնի է եղել ցորենի, բամբակի, գինու մշակմամբ[2]։

Վահան Գողթնեցու վկայությամբ Ազատ և Գիրան քաղաքները մինչարաբական շրջանում պարսիկներն անվանել են Ազատ Ճերան։ Հետագայում պարսիկները և արաբներն այդ անվան տակ նկատի են ունեցել նաև ամբողջ Գողթն գավառը[2]։

Գիրան գավառի ավերակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն մոտավորապես 14-րդ դարի կեսերին պատմական ասպարեզից դուրս է եկել և 17-րդ դարից հետո լքվել և ավերակների է վերածվել։ Գիրանի ավերակներն արագ կերպով փլատակների է վերածվել հատկապես 1829 թվականից հետո, երբ շրջակա գյուղերի բնակիչները սկսել են մասսայաբար քարերն օգտագործել որպես շինանյութ։ Ներկայիս դրությամբ քաղաքի շինություններն ավերակներ են և մեծ մասամբ հողին են հավասարվել[2]։

Գիրան քաղաքի հետքերը գիտնականների ուշադրությունը գրավել են դեռևս 20-րդ դարի սկզբին։ Հնավայրը մինչ օրս մնում է չուսումնասիրված։ Գիրան քաղաքի ավերակները 20-րդ դարի 20-ական թվականներին ուսումնասիրվել և մասնակի պեղումներ է կատարել միայն Ա. Տեր-Ավետիսյանը, որի տպագրած հոդվածը մնում է միակ նկարագրությունը այդ քաղաքի մասին[2]։

Քաղաքի բազմաթիվ շինությունների, պարիսպների հնագիտական արժեքները, պեղումներից ի հայտ եկած բազմատեսակ խեցիները և նյութական մշակույթի այլ իրերը վկայում են, որ այդ քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. առաջին հազարամյակում, որը վաղ միջնադարում՝ մասնավորպես 7-10-րդ դարերում ապրել է քաղաքային և մշակութային բուռն կյանքով[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տարածական-հատակագծային սխեման ցույց է տալիս, որ Գիրանն ունեցել է եռամաս կազմություն, կազմված է եղել միջնաբերդից, շահաստանից, և արվարձանային մասից։ Այն հյուսիս-արևելքից, հարավ-արևմուտքից և հարավ-արևելքից պաշտպանվել է հզոր պարիսպների շարքերով, որոնք ամրացված են եղել կլոր աշտարակներով[2]։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրանի ներկա ավերկներում աչքի ընկնող հնություն-հուշարձան է քաղաքի միջնաբերդ-դղյակը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում։ Այդ միջնաբերդը, որն ունի 1 կմ երկարություն և 500-600 մ լայնություն, բնական ամրությունից բացի պաշտպանվել է նաև բերդապաշտպան պարիսպներով։ Պարիսպներից ներս նկատելի են տասնյակ շինությունների հետքեր, իշխանական պալատի ավերակներ և այլն[2]։

Ամրոց-դղյակի ավերակներում մնում են նաև երեք ջրամբարներ, որոնք փորված եմ քարաժայռի մեջ։ Այդ ջրամբարներից հետաքրքիր է ամենամեծը, որն իր հերթին կազմված է 3 բաժնից։ Ջրամբարի մեջտեղի հատվածը, որն իր երկու կողմում ունի մեկական ջրամբար, իր տարողությամբ ավելի մեծ է։ Երկկողմյա ջրամբարները քարե աստիճան-անցումներով միացված են կենտրոնի մայր ջրամբարին[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 65, էջեր 65 — 224 էջ։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 71-72 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։