Բվիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բվիկներ (լատ.՝ Noctuidae), թիթեռների ընտանիք։ Հայտնի է 500, Հայաստանում՝ ավելի քան 126 տեսակ։ Ամենատարբեր չափերի գիշերային թիթեռներ են, ակտիվ են մթնշաղին կամ գիշերը։ Թևերի գունավորումը բազմազան է, իսկ նկարը ընտանիքի համար ընդհանուր բնույթ է կրում։ Առաջին զույգ թևերը երկարավուն են, հետինները՝ ավելի կարճ, կլորավուն, հանգստի վիճակում ծալում են տանիքաձև։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը և փորիկը ծածկված են խիտ մազիկներով։ Թրթուրները մերկ են, հազվադեպ՝ մազոտ, ունեն 12-16 ոտք։ Ապրում են խոտաբույսերի, ծառերի վրա կամ թաքնվում հողի մեջ։

Ձվադրում են կերաբույսերի, հողի վրա կամ հողի մեջ։ Ձվերը կլորավուն են, կողավոր, դնում են մեկական կամ կույտերով։ Հարսնյակավորվում են հողի խորշերում կամ բոժոժներում։ Բվիկները բաժանվում են 2 խմբի՝ կրծող բվիկ, որոնց թրթուրներն ապրում են հողում ու կրծում բույսերի արմատները, և բվիկ վերերկրյա, որոնք վնասում են բույսերի վերին մասերը։ Հայաստանում հայտնի է մոտ 126 տեսակ, որոնցից աշնանացան, բամբակենու, կաղամբի, մարգագետնային և այլ բվիկ գյուղատնտեսական բույսերի վնասատուներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png