Բոմոնտ երեխաների անհետացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոմոնտ երեխաների անհետացում
Disappearance Խմբագրել Wikidata
ԵրկիրԱվստրալիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՀարավային Ավստրալիա Խմբագրել Wikidata
ՎայրGlenelg Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ34°58′55″S 138°30′58″E Խմբագրել Wikidata
Թվական26 հունվարի 1966 Խմբագրել Wikidata
Number of missing3 Խմբագրել Wikidata
Քարտեզ
Ջեյն, Գրանտ և Արննա Բոմոնտները 1965 թվականին՝ ընտանեկան ճանապարհորդության ժամանակ դեպի Տասներկու առաքյալներ (Վիկտորիա, Ավստրալիա)

Ջեյն Ներտեր Բոմոնտ (անգլ.՝ Jane Nartare Beaumont, ծնվ․ սեպտեմբերի 10, 1956), Արննա Քեթլին Բոմոնտ (անգլ.՝ Arnna Kathleen Beaumont, ծնվ․ նոյեմբերի 11, 1958) և Գրանտ Էլիս Բոմոնտ (անգլ.՝ Grant Ellis Beaumont, ծնվ․ հուլիսի 12, 1961), երկու քույր և մեկ եղբայր, ավելի հայտնի են որպես Բոմոնտ երեխաներ (անգլ.՝ Beaumont children), որոնք 1966 թվականի հունվարի 26-ին՝ Ավստրալիայի օրը, անհետացել են Գլենելգ լողափից (Ադելաիդա, Հարավային Ավստրալիա)։ Անհետացման պահին նրանք համապատասխանաբար 9, 7 և 4 տարեկան էին[1]։

Բոմոնտ երեխաների անհետացումը հանգեցրեց ավստրալիական քրեագիտության պատմության մեջ ոստիկանական ամենախոշոր հետաքննություններից մեկին և հասարակական մեծ հնչեղություն ստացավ։ Կապված այն բանի հետ, որ երեխաները այդպես էլ չեն գտնվել, իսկ նրանց անհետացման հանգամանքները մնացին չբացահայտված, այս պատմությունը դարձավ ավստրալիական ֆոլկլորի անբաժանելի մասը[2]։

Անհետացման հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն, Արննա և Գրանտ Բոմոնտներն ապրում էին իրենց ծնողների՝ հագուստի ու սպիտակեղենի վաճառող Ջիմի և նրա կնոջ Նենսի Բոմոնտի հետ՝ Հարդինգ փողոց, 109 (Սոմերտոն Պարկ, Ադելաիդայի արվարձան) հասցեում[3][4]։ Նրանց տնից ոչ հեռու գտնվում էր ավստրալիական հայտնի Գլենելգ հանգստավայրը, որի լողափ երեխաները հաճախ էին գնում[5]։

1966 թվականի հունվարի 26-ին՝ չորեքշաբթի օրը՝ տոնական շոգ օրը (ամեն տարի հունվարի 26-ին Ավստրալիայում նշվում է Ավստրալիայի օրը՝ պետական հիմնական տոնը), երբ Ադելաիդայում օդի ջերմաստիճանը երբեմն հասնում էր 40 °C-ի, Բոմոնտ երեխաները գնացին լողափ։ Նրանց հայրը, ինչպես հիշել է հետագայում, մտածում էր՝ արժե երեխաների հետ գնալ լողափ, թե գնա մոտակա Սնոութաուն՝ ենթադրյալ հաճախորդների հետ հանդիպման։ Դրանից հետո երեխաները գնացին կանգառ՝ ավտոբուս նստելու։ Չնայած այն հանգամանքին, որ նրանք հաճախ լողափ էին գնում հեծանվով, այս անգամ քույրերը և եղբայրը որոշեցին գնալ ավտոբուսով, որը լողափ էր հասնում 5 րոպեում։ Երեխաների ծնողներն ամբողջովին ապավինում էին ավագ դստերը՝ Ջեյնին, որը միշտ պատասխանատու էր և հոգ էր տանում կրտսեր քրոջ ու եղբոր մասին[6]։ Երեխաները տնից դուրս եկան առավոտյան ժամը տասին և պետք է վերադառնային կեսօրին[7]։

Կանգառը գտնվում էր Դիագոնալ պողոտայի և Հարդինգ փողոցի անկյունում՝ իրենց տանից 100 մետրից ոչ ավել հեռավորության վրա։ Երեխաների նստելուց հետո ավտոբուսը պողոտայի երկարությամբ շարունակել է շարժվել հյուսիսարևմտյան ուղղությամբ, այնուհետև Բրայթոն պողոտայի երկայնքով գնացել է դեպի հյուսիս մինչև ձախ շրջապտույտը, որպեսզի Ջետի փողոցի երկայնքով գնա դեպի արևմուտք։ Ջետի փողոցից ավտոբուսը շրջվել է դեպի ձախ և 10։ 15 կանգ առել Մոսլի փողոցի կանգառում, որտեղ էլ երեխաներն իջել են ավտոբուսից։ Այնտեղից քայլելով մի քանի րոպեում կարելի է հասնել լողափ։ Այն, որ քույրերն ու եղբայրը մինչև լողափ գնացել են ավտոբուսով, հաստատել է նրա վարորդ Մոնրոն, ինչպես նաև մի ուղևորուհի, որը հետագայում նույնիսկ հիշել է, թե ինչ էին նրանք հագել[8]։

Մինչ ամուսինը գնացել էր ենթադրյալ հաճախորդների հետ հանդիպման, իսկ երեխաները լողափում էին, տիկին Բոմոնտը հյուր էր գնացել։ Կեսօրին նա գնաց ավտոբուսի կանգառ, որպեսզի դիմավորի երեխաներին, որոնք րոպե առ րոպե պետք է վերադառնային։ Շուտով ավտոբուսը հայտնվեց, բայց Ջեյնը, Արննան և Գրանտը նրա մեջ չէին։ Որոշելով, որ երեխաններն ուղղակի ավտոբուսից ուշացել են և կվերադառնան ժամը 2-ի ավտոբուսով՝ նրանց մայրը գնաց տուն՝ երեխաների բացակայությունից չանհանգստանալով[7]։

Կանգառ վերադառնալով ավտոբուսի ժամանման պահին՝ Նենսի Բոմոնտը նկատեց, որ երեխաները նորից չեն եկել։ Նա կարող էր գնալ նրանց փնտրելու, բայց վախենալով, որ այլ ճանապարհով վերադառնալու դեպքում նրանց չի հանդիպի, որոշեց սպասել։ Երբ ժամը 3-ին եկավ երրորդ ավտոբուսը, իսկ որդին ու աղջիկները կրկին չկային, Նենսի Բոմոնտն սկսեց անհանգստանալ։ Որոշ ժամանակ անց տուն վերադարձավ Ջիմ Բոմոնտը․ հաճախորդների հետ նրա հանդիպումը տեղի չէր ունեցել։ Կնոջից իմանալով երեխաների բացակայության մասին՝ սկսեց փնտրել նրանց։ Երկու անգամ լողափ գնալուց հետո՝ ընթացիկ օրվա երեկոյան ժամը 17։ 30-ին, ծնողները դիմեցին ոստիկանություն։ Դրանից հետո Ջիմ Բոմոնտն ամբողջ գիշերն անցկացրեց լողափի տարածքում, բայց իր երեխաներից ոչ մի հետք չգտավ[7]։

Ոստիկանական հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոնումների սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ առավոտյան Բոմոնտ երեխաները պաշտոնապես հայտարարվեցին անհետ կորած։ Ոստիկանությունը միանգամից մերժեց փախչելու վարկածը՝ վկայակոչելով այն փաստը, որ երեխաները հազվադեպ են որոշում խմբով փախչել։ Բացի այդ, ծնողները ոստիկանությանը հաստատեցին ավագ դստեր հուսալիությունը, որը երբեք չէր դիմի փախուստի և դա թույլ էլ չէր տա Արննային ու Գրանտին[7]։

Մնում էր իրադարձությունների զարգացման երկու հնարավոր վարկած՝ դժբախտ պատահար (ամենից հավանականը՝ ջրահեղձություն) և առևանգում[7]։

Անհապաղ սկսվեցին որոնումները։ Ծովափին փնտրտուքները տեղի ունեցան ափից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս և դեպի հարավ, բայց երեխաների իրերից ոչինչ չհայտնաբերվեց։ Մինչ ոստիկանության աշխատակիցներն ու կամավորներն իրականացնում էին որոնողական աշխատանքներ, ծագեց մի կարևոր հարց․ եթե նույնիսկ հնարավոր լիներ այն, որ օրվա երկրորդ կեսին մարդաշատ լողափում երեք երեխաները խեղդվեին աննկատ, հնարավոր կլինե՞ր նրանց սրբիչների և հագուստների անհետ կորչելը։ Պատասխանն ակնհայտ էր, և ծովի մոտ որոնումները դադարեցվեցին[7]։

Մինչդեռ Բոմոնտների տանը հավաքվել էին ընկերներն ու բարեկամները, որպեսզի աջակցեն Ջիմին և Նենսիին, վերջինս օրուգիշեր ստիպված էր հանգստացնող ընդունել։ Նրանց տնային հեռախոսը վերաշինված էր այնպես, որ ընտանիքն անընդհատ կապի մեջ լիներ ոստիկանության բաժանմունքի հետ[7]։

Վկաների ցուցմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միևնույն ժամանակ ոստիկանությունն սկսեց փնտրել վկաների, որոնք այդ օրը եղել էին լողափում և կարող էին տեսնել Բոմոնտ երեխաներին։ Այդպիսի մարդիկ իրոք գտնվեցին և հաղորդեցին, որ երեխաներին լողափից ոչ հեռու տեսել էին 30-40 տարեկան մի բարձրահասակ, բարեկազմ, շիկահեր մարդու ընկերակցությամբ։ Նրանց խոսքերով՝ երեխաները հաճույքով խաղում էին այդ տղամարդու հետ, իրենց պահում էին ուրախ և անկաշկանդ։ Առավոտյան մոտավորապես ժամը 11-ին երեխաներին տեսել էր 74-ամյա մի կին, որը նստած էր եղել լողորդների ակումբի առջևի փայտե նստարանին։ Ըստ նրա խոսքերի՝ կապույտ լողավարտիքով և խոտերի վրա դեմքով դեպի ներքև պառկած մի մարդ ուշադիր նրանց էր հետևում։ Շուտով կինը տեսել է, որ այդ մարդն ուրախ խաղում է երեխաների հետ[8]։

Բացի նրանից, ժամը 11-ի և 11:15-ի միջև երեխաներին տեսել էր Ջեյնի դպրոցական ընկերուհին, բայց վերջինս չէր խոսել նրանց հետ[8][9]։

Ափին մոտ գտնվող ոչ մեծ խանութի սեփականատերը ոստիկաններին ասել է, որ 11։ 45-ի մոտ ինքը Ջեյն Բոմոնտին վաճառել է 1 ֆունտ արժողությամբ թխվածքաբլիթ և մսով կարկանդակ։ Նա լավ ճանաչում էր լողափ և իր խանութ պարբերաբար այցելող բոլոր երեխաներին և նկատել էր, որ նախկինում նրանք իրենից երբեք մսով կարկանդակ չէին գնել։ Տիկին Բոմոնտը հաստատել է, որ իր աղջկա մոտ այդքան գումար չի եղել, ինքն ավտոբուսին վճարելու և քաղցրավենիք գնելու համար աղջկան տվել էր 8 շիլլինգ և 6 պենս։ Դրանից ելնելով՝ ոստիկանության աշխատակիցները ենթադրեցին, որ փողը երեխաներին տվել է այդ նույն տղամարդը[8]։

Ժամը 12-ին մոտ հարևան նստարանին նստած մի կին, ինչպես նաև տարեց մի զույգ իրենց թոռնուհու հետ 3 երեխաների հետ տեսել էին մի տղամարդու։ Նստարանին նստած կինն ավելի ուշ հայտնել է, որ ճանաչել է Ջեյնին և Գրանտին, հետագայում նաև Արննային։ Նրանց ուղեկցող տղամարդն իրեն ծանոթ չէր։ Ականատեսների վկայությամբ՝ տղամարդը երեխաներին օգնել է հագնվել, որից հետո նրանք մոտավորապես ժամը 12։ 15-ին հեռացել են «Գլենելգ» հյուրանոցի հետևով[8]։

Ժամը երեքին Բոմոնտ երեխաները փոստատար Թոմ Պատերսոնի աչքով էին ընկել, վերջինս նրանց լավ գիտեր։ Նրանք գնում էին Ջետի պողոտայի երկայնքով՝ իրենց տան ուղղությամբ՝ առանց որևէ մեկի ուղեկցության։ Փոստատարը նկատել էր, որ երեխաներն ունեին բարձր տրամադրություն, կանգնել էին, որպեսզի իրեն ողջունեն։ Նոր վկայի խոսքերը ոստիկաններին փակուղու առջև կանգնեցրին․ փոստատարին չվստահելու հիմք չունենալով՝ նրանք կորցրին միջադեպի սկզբնական վարկածը և ստիպված էին փնտրել հետաքննության նոր ուղիներ[8]։

Այն վայրը, որտեղ Բոմոնտ երեխաների անհետացման օրը փոստատարը հանդիպել էր նրանց

Հատկանշական է, որ սկզբում Պետերսոնն ասել էր, որ երեխաներին տեսել էր առավոտյան, բայց հետո փոխել էր իր ցուցմունքը՝ հայտարարելով, որ նրանց կարող էր տեսնել կամ 13։ 45-ին՝ նամակներն առաքել սկսելիս, կամ էլ 14։ 55-ին՝ այն ավարտելուց հետո։ Որպեսզի չհրաժարվեն կեսօրին առևանգելու վարկածից, ոստիկանությունում փոստատարի ցուցմունքի փոփոխումը հաշվի չառան և մնացին առաջին վարկածին՝ ենթադրելով, որ Պատերսոնն ուղղակի սխալվել է[8]։

Պարոն և տիկին Բոմոնտները նկարագրել են իրենց երեխաներին և հատկապես Ջեյնին, որը չափազանց ամաչկոտ էր և ընդունակ չէր անծանոթի հետ այդքան վստահ խաղալ լողափում։ Այդ ժամանակ ոստիկանները ենթադրեցին, որ վկաների նկարագրած շիկահերը երեխաներին արդեն ծանոթ էր, նախկինում էլ էր եղել լողափում, և երեխաները հետզհետե սկսել են նրան վստահել։ Այդ տեսությունը հաստատում էր այն փաստը, որը հիշեց Նենսի Բոմոնտը․ անհետացումից ոչ շատ առաջ Արննան մորն ասել էր, որ Ջեյնը «ընկերոջը լողափ է հրավիրել», բայց ինքը նրա խոսքերին կարևորություն չի տվել և մտածել է, որ աղջիկը նկատի ունի հասակակից ընկերոջը[10]։

Մի քանի ամիս անց Բոմոնտներից ոչ հեռու ապրող մի կին ոստիկանությանը հաղորդել է, որ երեխաների անհետանալուց հետո՝ գիշերը, տեսել է մի մարդու՝ երկու աղջիկների և մեկ տղայի ուղեկցությամբ։ Ըստ նրա խոսքերի՝ խումբը գնացել է իր տան հարևանությամբ գտնվող տան ուղղությամբ, որտեղ ոչ ոք չէր բնակվում։ Ավելի ուշ նա տեսել է, թե ինչպես է տղան գնում ճանապարհով, բայց շուտով տղամարդը նրան բռնել է։ Հաջորդ առավոտյան, ինչպես հաստատում է կինը, տունը նորից դատարկ էր։ Ոստիկանությունն այս վարկածը լուրջ չընդունեց՝ չհասկանալով, թե վկան պատահածի մասին ինչու չէր կարող ժամանակին հայտնել[11][12]։

Որոնումների ընդլայնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլենելգ լողափը, որտեղ պարբերաբար այցելում էին Ջեյն, Արննա և Գրանտ Բոմոնտները

Բոմոնտ երեխաների որոնումներն Ավստրալիայի ամբողջ պատմության մեջ ամենամասշտաբայիններից մեկն են։ Միջադեպը հասարակության կողմից մեծ ուշադրության արժանացավ ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, դարձավ վառ ապացույցն այն բանի, թե ինչպես ծնողական անփութությունն ու նրանց կողմից թույլ տրված մանկական ամենաթողությունը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Գիտակցելով, որ այս պայմաններում երեխաները կարող են հայտնվել վտանգի մեջ, բազմաթիվ ավստրալիացիներ փոխեցին իրենց վերաբերմունքը երեխաների դաստիարակության մասին և ուժեղացրին նրանց նկատմամբ վերահսկողությունը[7]։

Ջիմ Բոմոնտը մի ժամանակ մասնավոր տաքսու վարորդ էր աշխատել տաքսիների քաղաքամերձ կայանում։ Երբ նրա նախկին աշխատակիցներն իմացան պատահածի մասին, նրանցից 40-ը միացան որոնումներին[7]։

Հունվարի 31-ին՝ իր երեխաների անհետացումից 5 օր անց, պարոն Բոմոնտը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ՝ աղերսելով վերադարձնել երեխաներին։ Նա հույս հայտնեց, որ երեխաներին առևանգողները նրանց կվերադարձնեն ծնողներին։ Ստացվեցին հարյուրավոր զանգեր, հիմնականում այն մարդկանցից, որոնք համարում էին, որ տեսել են երեխաներին, բայց բոլոր հաղորդումները սուտ դուրս եկան[7]։

Փետրվարի 3-ին տիկին Բոմոնտն իր այգում մամլո ասուլիս անցկացրեց, որի ընթացքում հույս հայտնեց նրանց վերադարձի համար, բայց, այնուամենայնիվ, ենթադրեց, որ նրանք մահացած են։ Նա նաև լույս սփռեց հնարավոր իրադարձությունների վրա՝ ասելով․ «Եթե մյուս երկուսը շատ ցանկանային գնալ ինչ-որ մեկի հետ, Ջեյնը պիտի գնար նրանց հետ, որպեսզի նրանց մասին հոգ տաներ և չէր թողնի նրանց մենակ»՝ այսպիսով բացատրելով ավագ դստեր հնարավոր վարքագիծը։ Բացի այդ, նա հայտնեց իր տարակուսանքն առ այն, որ վկաները տեսել են, թե ինչպես է անծանոթը հագցրել երեխաներին լողալուց հետո։ Նրա կարծիքով՝ Ջեյնը չափազանց ամաչկոտ էր, որ քիչ ծանոթ մարդուն թույլ տար հագցնել իր շորտը[7]։

Մինչդեռ որոնումները շարունակվում էին։ Սուզորդները հանգամանորեն ուսումնասիրեցին ափից սկսած մի զգալի հեռավորություն, մանրակրկիտ ուսումնասիրեցին նաև Ադելաիդայի բլուրը, բայց անարդյունք[7]։

Մասնավոր հետաքննություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյա Քելլիի հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի մարտին Ադելաիդայի օդանավակայանում վայրէջք կատարեց նախկին ոստիկան Ռեյա Քելլիի ինքնաթիռը։ Ծառայելով Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունում՝ նա դարձել էր կիսալեգենդային կերպար և ոչ այնքան վաղուց հրաժարական էր տվել՝ լինելով, թերևս, ամենահայտնի ոստիկանն Ավստրալիայում։ Բոմոնտ երեխաների անհետացման գործին ծանոթանալով Սիդնեյի թերթից՝ աշխատանքին միացավ որպես մասնավոր խուզարկու։ Հարավային Ավստրալիայի ոստիկանությունը նրան դիմավորեց քաղաքավարի, բայց Քելլին հետաքննությունը թողեց այն սկսելու հենց հաջորդ օրը։ Պատճառը, ըստ երևույթին, այդ հետաքննության անհուսալիությունն էր[7][13]։

Բոմոնտ երեխաների որոնումները վերջին հաշվով պետք է դադարեցվեին, քանի որ Ավստրալիայում երեխաների որոնումները կարող են շարունակվել սահմանված որոշակի ժամանակահատվածում։ Ոստիկանները որոնումների մեջ դրեցին հսկայական ջանքեր, բայց ականատեսների ցուցմունքներից բացի չգտան ոչ մի հանցանշան[7]։

Ժերեր Կրուազեի հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջադեպից քիչ անց Ավստրալիա հրավիրվեց հոլանդացի հայտնի հոգեբույժ Ժերար Կրուազեն, որի ժամանումն ԶԼՄ-ի բազմաթիվ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց իրադրության վրա։ Սակայն Կրուազեի հետաքննությունն անհաջող էր։ Չունենալով ոչ մի հանցանշան և տեղի ունեցածի վերաբերյալ անընդհատ փոխելով իր վարկածները՝ նա որոշեց, որ Բոմոնտների տան մոտի պահեստում, ինչպես նաև տարրական դպրոցի մոտ, որտեղ սովորել էին Ջեյնը և Արննան, իբր թե թաղված են մանկական օրգաններ։ Անհետացման պահին նրանց ցույց տված տեղը շինհրապարակ էր, և հոգեբույժը ենթադրեց, որ Բոմոնտ երեխաների մարմինները թաղված են աղյուսե հին վառարանի ներսում՝ բետոնե շերտի տակ։ Սկզբում շինության սեփականատերերը հրաժարվեցին այն քանդել, բայց շուտով, չդիմանալով հասարակության ճնշմանը, համաձայնեցին, ինչի համար ստացան 40 հազար դոլար։ Չնայած Կրուազեն վստահ էր, որ ինքն իրավացի է, բայց քանդված շենքի ավերակների մեջ երեխաների ոչ մի հետք, անհետացման օրը երեխաների մոտ եղած ոչ մի իր (պայուսակ, հագուստի մաս, սրբիչ և այլն) չգտան[14]։

Կեղծ հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռախոսազրույց Կանիվայից[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի սեպտեմբերի 27-ին Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Կանիվա ոչ մեծ քաղաքի ավագ ոստիկան Ռոն Գրոուզը, ակնկալելով հեռախոսային միացում Մելբուրնի Ռասել փողոցի ոստիկանության շտաբի հետ, պատահաբար միացավ մի այլ գծի և լսեց 2 կանանց խոսակցությունը Բոմոնտ երեխաների մասին[15]։

Ըստ Գրոուզի խոսքերի՝ իրեն թվաց, որ կանայք խոսում են առևանգված երեխաների և այն մասին, որ նրանք պահվում են «Հոբարտի տանը»։ Կապվելով Մելբուրնի հետ՝ նա անհապաղ հայտնեց լսածի մասին, բայց որպես պատասխան ստացավ, որ ենթադրվում է, թե դա հեռախոսային կատակ է։ Սակայն Գրոուզը համոզված էր, որ ինքը ճիշտ է։ Ժամանակի ընթացքում Ադելաիդայում իմացան ոստիկանի մասին, և շուտով Ջիմ Բոմոնտը հեռուստալրագրող Բրայան Թեյլորի հետ անձամբ այցելեց Կանիվա, որպեսզի Գրոուզի հետ առերես խոսի[15][16]։

Զրուցի իսկության կասկածները հաստատվեցին հոկտեմբերի 31-ին, երբ երկու կանայք, որոնց խոսակցությունը լսել էր Գրոուզը, զանգահարեցին Կանիվայի ոստիկանություն։ Ինչպես նրանք բացատրեցին, իրենք սկզբում խոսել են Բոմոնտ երեխաների մասին, բայց այնուհետև սկսել են խոսել ուրիշ երեխաների մասին, որոնք ապրում են Հոբարտի տանը։ Գրոուզը սխալվել էր․ կանայք ոչ մի կապ չունեին Բոմոնտ երեխաների անհետացման հետ[15]։

Նամակներ Դանդենոնգից[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների անհետացումից երկու տարի անց պարոն և տիկին Բոմոնտներն ստացան երկու նամակ․ դրանցից մեկն իբր թե գրել էր Ջեյնը, մյուսը՝ այն մարդը, ում մոտ գտնվում էին երեխաները։ Ծրարների վրա դրված էին Դանդենոնգ քաղաքի (Վիկտորիա) կնիքը։ Ինչպես հաստատում էր «Ջեյնը», այդ մարդն իրենց լավ էր վերաբերվում։ Երկրորդ նամակի հեղինակն իրեն անվանում էր երեխաների «պահապան» և գրում էր նրանց ծնողների ձեռքը հանձնելու պատրաստակամության մասին՝ նշելով հանդիպման վայրը և ժամը[17]։

Պարոն և տիկին Բոմոնտները, ապա նրանց վարձած խուզարկուն եղան նշանակված վայրում, բայց ոչ ոք չհայտնվեց։ Որոշ ժամանակ անց «Ջեյնից» ստացան հերթական նամակը։ Նրանում ասվում էր, որ մարդը պատրաստ էր վերադարձնել երեխաներին, բայց, հասկանալով, որ մոտակայքում քողարկված խուզարկու կա, որոշել է, որ Բոմոնտները չարաշահել են իր վստահությունը, և հրաժարվել է վերադարձնել երեխաներին[17]։

Մոտ 25 տարի անց նամակների դատա-բժշկական նոր փորձաքննությունը ցույց տվեց, որ դրանք խաբեություն էին։ Մատնահետքերն ուսումնասիրող տեխնոլոգիաները բարելավվել էին, նամակների հեղինակը նույնականացվեց 41-ամյա տղամարդու հետ, որը նամակները գրել էր դեռահասության ժամանակ և դա ընդունել էր որպես անվնաս կատակ։ Վաղեմության ժամկետը լրանալու պատճառով նա պատասխանատվություն չկրեց իր արարքների համար[17]։

Բոմոնտ ծնողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ և Նենսի Բոմոնտներն արժանացել էին ավստրալիացինեի համակրանքին ու կարեկցանքին։ Հասարակությունը նրանց չէր քննադատում երեխաների նկատմամբ խիստ վերահսկողության բացակայության համար, քանի որ այն ժամանակ, երբ տեղի էր ունեցել ողբերգությունը, երեխաների անհետացումն ու հատկապես առևանգումն անհեթեթություն էր, և ոչ մի ծնող չէր ենթադրում, որ իր երեխաների հետ նման բան կպատահի[18]։

Բոմոնտ ծնողները երկար տարիներ մնացին Սոմերտոն Պարկի իրենց տանը։ Տիկին Բոմոնտը, շարունակում էր հուսալ, որ իր երեխաները կվերադառնան, և, ինչպես ասել էր հարցազրույցի ժամանակ, «սարսափելի» կլիներ, եթե նրանք վերադառնային տուն և այնտեղ իրենց ծնողներին չտեսնեին։ Այդպես էլ չսպասելով երեխաների անհետացման թեկուզ մի փոքր հավանական տեսության ի հայտ գալուն՝ Ջիմն ու Նենսին քննում էին պատահարի առավել անհավատալի վարկածները՝ նույնիսկ ենթադրելով, որ երեխաները զոհ են գնացել կրոնական պաշտամունքին։ Նրանք երեխաներին փնտրում էին Նոր Զելանդիայում, Մելբուրնում և Թասմանիայում, այդ թվում նաև որոնում էին նրանց թաղման հնարավոր վայրերը, բայց փնտրտուքները Բոմոնտներին ոչ մի նշանակալի ինֆորմացիա չտվին[19]։

Նույնիսկ այն բանից հետո, երբ հուսահատվելով Բոմոնտ ամուսինները վաճառեցին Սոմերտոն Պարկի տունը և մեկնեցին, նրանք Հարավային Ավստրալիայի ոստիկանությունում թողեցին իրենց նոր կոորդինատները։ Ներկայումս Բոմոնտ ամուսիններն ամուսնալուծված են և ապրում են առանձին։ Վերջ ի վերջո նրանք ընդունեցին, որ իրենց երեխաների անհետացման առեղծվածն այդպես էլ չի բացահայտվի և հրաժարվեցին հասարակության սևեռուն ուշադրությունից, որը նրանց չէր լքում մի քանի տասնամյակ[20]։

1990 թվականին մամուլում հայտնվեց մեծացած Ջեյնի, Արննայի և Գրանտի՝ համակարգչով մոդելավորված լուսանկարները։ Այդ լուսանկարները հրապարակվել էին նրանց ծնողների կամքին հակառակ (Նենսի Բրոմոնտը նույնիսկ հրաժարվեց դրանք նայել) և հասարակության մեջ վրդովմունք առաջացրին[21]։

«Ընտանեկան սպանություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոմոնտ երեխաների անհետացումից կարճ ժամանակ անց Հարավային Ավստրալիայում տեղի ունեցան երեխաների և երիտասարդների մի շարք անհետացումներ ու հրեշավոր սպանություններ։ Այն սկսվեց 1973 թվականին՝ 11-ամյա Ջոան Ռետկլիֆի և 4-ամյա Կիրստի Գորդոնի անհետացումով, որոնք կորան Ադելաիդայում ֆուտբոլային խաղի ժամանակ զուգարան գնալուց հետո։

1979 թվականին Ադելիդայում հայտնաբերվեց 25-ամյա Նիլ Մյուրի այլանդակված դիակը, 1982 թվականին՝ 18-ամյա Մարկ Լենգլի դին, որի որովայնը բացվել էր մինչև մահը։ Լենգլիի աղիքների մի մասը հանվել էր, և երիտասարդը մահացել էր արյան կորստից։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Ադելաիդայում և շրջակա տարածքում հայտնաբերվեցին մի շարք դիակներ։ Այսպես, Պիտեր Ստոգնեֆի (14 տարեկան) անդամատված մնացորդները ոստիկանությունը գտել է նրա անհետացումից մոտ մեկ տարի անց։ Ալան Բարնսի (15 տարեկան) դիակը գտնվել է Ստոնգերֆից քիչ անց։ Այն բացված էր նույն եղանակով, ինչպես և Լենգլիինը։ 1983 թվականին ոստիկանները հայտնաբերեցին 5-րդ զոհի՝ Ռիչարդ Կելվինի (15 տարեկան) դին, որն ուներ բոլոր նույն վնասվածքները[22]։

Կելվինի սպանության համար 1984 թվականին դատապարտվեց Բևան Սպենսեր ֆոն Էյնեմը։ 1989 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել նաև Լենգլիի և Բարնասի սպանությունների համար։ Սակայն, համաձայն ոստիկանության ենթադրության, զոհվածների առևանգման և էկզեկուցիայի կազմակերպմանն ու իրականացմանը մասնակցել են առնվազն 4 մարդասպաններ և 8 հանցակիցներ։ Դրա հետ կապված Ադելաիդայի սպանությունների շարքը քրեական պատմության մեջ մտավ որպես «Ընտանեկան սպանություն»[23]։

Ֆոն Էյնեմի դատավարության ընթացքում մեղադրյալը բազմիցս հաստատել է իր մասնակցությունը ոչ միայն Ջոն Ռետկլիֆի և Կիրստի Գորդոնի, այլ նաև Բոմոնտ երեխաների առևանգմանը, բայց նրա վկայություններն այս առումով ճանաչվել են անվավեր և քննության չեն ենթարկվել[24][25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marshall, Leith (2014 թ․ հոկտեմբերի 30). «Victoria's longest serving prisoner responsible for another child's death». Nine News. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  2. Alan J. Whiticker, 2006, էջ 11
  3. Noble, Tom (1986 թ․ հունվարի 27). «Beaumont mystery: 20 years on, new leads to investigate». The Age. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. Hughes, Peter (1989 թ․ մայիսի 15). «Disappearance still baffles, 23 years later». The Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. Alan J. Whiticker, 2006, էջ 27
  6. «The Beaumont Children: The Children» (անգլերեն). www.beaumontchildren.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 «The Beaumont Children: The Search» (անգլերեն). www.beaumontchildren.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «The Beaumont Children: At the Beach» (անգլերեն). www.beaumontchildren.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  9. Alan J. Whiticker, 2006, էջ 38
  10. Alan J. Whiticker, 2006, էջ 145
  11. Alan J. Whiticker, 2006, էջ 228
  12. Alan J. Whiticker, 2006, էջ 183
  13. Alan J. Whiticker, 2006, էջեր 200-202
  14. «The Beaumont Children: The Psychic & The Warehouse» (անգլերեն). www.beaumontchildren.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  15. 15,0 15,1 15,2 «The Beaumont Children: Crossed Wires in Kaniva» (անգլերեն). www.beaumontchildren.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  16. Alan J. Whiticker, 2006, էջ 187
  17. 17,0 17,1 17,2 «The Beaumont Children: Letters from Dandenong» (անգլերեն). www.beaumontchildren.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  18. Alan J. Whiticker, 2006, էջեր 302-306
  19. Alan J. Whiticker, 2006, էջ 306
  20. Alan J. Whiticker, 2006, էջեր 307-308
  21. Alan J. Whiticker, 2006, էջ 308
  22. «The Identikit». Beaumont children website. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին. (անգլ.)
  23. Alan J. Whiticker, 2006, էջ 316
  24. Kidd, Paul B. The «Family» Murders. The Missing Beaumont Children // tru.tv : новостной проект.
  25. Hunt, Nigel. Von Einem suspect in Beaumonts disappearance // Adelaide.now : газета. — 09-22-2007. (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]