Բեգոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեգոնիա (լատ.՝ Begonia), փղականջ, բեգոնազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, լիանների, երբեմն՝ սուկուլենտ բույսերի ցեղ։ Հայտնի է 1000 (այլ տվյալներով՝ 800) տեսակ։ ՀՀ-ում տարածված են բազմաթիվ գեղազարդիչ տեսակներ, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և բնակարաններում աճեցնելու համար։

Բեգոնիայի ծաղիկ

Ձևաբանություն[խմբագրել]

Արմատը սողացող է կամ պալարաձև հաստացած կոճղարմատով։ Ցողունը կանգուն է, սողացող, փռված կամ փաթաթվող։ Տերևները պարզ են, հերթադիր կամ հակադիր, մերկ կամ խավածածկ, ատամնաեզր, ամբողջական կամ մատնաձև, տարբեր գույների՝ հաճախ պատված կանաչ, շագանակագույն մազիկներով (որոնք բույսին թավշյա տեսք են տալիս), կետերով ու բծերով։ Տերևակոթունները նույնպես բազմագույն ու թավշածածկ են։ Ծաղկաբույլը միայնակ ողկույզ է կամ հուրան, ծաղիկները՝ բազմերանգ, անկանոն, միասեռ, միատուն։ Ծաղկում է երկար և առատ։ Պտուղը թևավոր տուփիկ է, հազվադեպ՝ հատապտուղ, սերմերը՝ մանր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png