Բարդույթ (հոգեբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարդույթ կամ ինչպես ընդունված է ասել կոմպլեքս (լատ.՝ Complex - կապ, համադրություն), հոգեբանության (առաջին հերթին հոգեվերլուծության) մեջ հասկացություն, որը նշանակում է ենթագիտակցականում ձևավորվող (կամ նրա մեջ մտցվող) էմոցիոնալ պատկերացումների ու պատճառների ամբողջություն, ինչն ունենում է նշանակալի ներգործություն մարդու հոգեկանի և անհատականության զարգացման, ինչպես նաև մարդու վարքի վրա։

Նկարագրություն[խմբագրել]

Այս հասկացությունը հոգեվերլուծություն է մտցրել Կարլ Գուստավ Յունգը. Դեռևս նրանից առաջ Զիգմունդ Ֆրոյդը բնութագրել է բարդույթը, որպես «պատկերացումների խումբ՝ կապված միևնույն աֆեկտով», սակայն նա ամենայն հավանականությամբ այսպիսով չէր տալիս սահմանում հոգեբանական բարդույթին և չէր էլ փորձում ներմուծել նոր հասկացություն, այլ միայն օգտվում էր արդեն գոյություն ունեցող ուրիշ տերմիններից։

Առօրյա-խոսակցական նշանակությամբ հոգեբանական բարդույթ հասկացությունը ունի բացասական ենթատեքստ և օգտագործվում է մարդու հոգում «հիվանդ տեղի» նկարագրման համար, որին վնասելը կարող է պատճառ հանդիսանալ ոչ ադեկվատ պահվածքի, օրինակ ագրեսիայի կամ ինքնամփոփության։ Նույն կերպով բարդույթ հասկացությունը նույնացվում է թերարժեքության բարդույթի: Պետք է հասկանալ, որ գիտության կողմից կիրառվող հասկացությունը շատ ավելի լայն է. բարդույթ կարող է առաջանալ ցանկացած աֆեկտի շուրջ, այդ թվում նաև դրական, որի հետևանքով այդ բարդույթի հետ կապված ռեակցիաները նույնպես կլինեն դրական։ Որպես օրինակ կարելի է բերել սիրահարված մարդու ռեակցիան այն ամենին, ինչը կապված է իր սիրահարության օբյեկտի հետ. սա նույնպես բարդույթ է։ Բացասական ենթատեքստի առաջանալը, հնարավոր է, կապված այն բանի հետ, որ հոգեբանությունը մարդկանց մեծամասնության մոտ ասոցացվում է միայն հոգեբանական խնդիրների լուծման հետ։

Առանձնահատուկ բարդույթներ[խմբագրել]

Հոգեվերլուծության շրջանակներում նկարագրված են մի քանի ունիվերսալ (կամ բավականին տարածված) առանձնահատուկ բարդույթներ, որոնց վրա հիմնվելով կարելի է նկարագրել հոգեբանական գործընթացները և վարքային ռեակցիաները։ Դրանցից են ինչպես բավականին հայտնի Էդիպի բարդույթը և թերարժեքության բարդույթը, այնպես էլ առավել քիչ տարածված Էլեկտրայի բարդույթը, կրտման բարդույթը, առնականության բարդույթը և այլն։