Բալվաներա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բալվաներա
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Մակերես4,4 կմ²
ԲԾՄ35 մետր
Բնակչություն138 926 մարդ (2010)[1]
Ժամային գոտիUTC−3
Բալվաներա (Արգենտինա)##
Բալվաներա (Արգենտինա)

Բալվաներա (իսպ.՝ Barrio Balvanera), Արգենտինայի մայրաքաղաք և խոշորագույն բնակավայր Բուենոս Այրեսի շրջաններից մեկը, նրա արևմուտքում գտնվող քաղաքական, ֆինանսական կենտրոնը։ Անվանումը ծագել է նախկինում այս վայրում գոյություն ունեցած Nuestra Señora de Balvanera եկեղեցական ծխի անունից[2], վերջինս էլ իր հերթին առնչվում է Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքի Վալվաներա վանքի հետ։ Մայրաքաղաքային այս շրջանի Բալվաներա անվանումը հաստատվել է համայնքապետարանի 1972 թվականի մայիսի 4-ի № 26607 որոշմամբ[3][4][5][6][7]։ Բալվաներան սահմանակցում Բուենոս Այրեսի Ռեկոլետա, Սան Նիկոլաս, Մոնսեռատ, Սան Կրիստոբալ, Ալմագրո շրջաններին[8]։ Զբաղեցնում է շուրջ 4,34 քառակուսի կիլոմետր տարածք, 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 137 521, խտությունը՝ 31.686,8 մարդ / km²[9]: Այս շրջանի կենտրոնում է ընկած Պլասա Միսերերե հրապարակը՝ Արգենտինայի առաջին նախագահ Բեռնարդինո Ռիվադավիայի դամբարանով հանդերձ։ Շրջանի արևելյան հատվածում է Արգենտինայի Ազգային կոնգրեսի շենքը, որի շուրջն ընկած թաղամասը երբեմն կոչում են Congreso: Բալվաներայի հյուսիսարևմտյան հատվածում գործում է առևտրի խոշոր կենտրոն, որը նախկինում այդտեղ գործած հին շուկայի անունով կոչվել է Abasto:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1900 թվականը Բալվաներան եղել է Բուենոս Այրեսի արվարձան, որը համբավվել էր բռնության առատ դեպքերով, բնակչության բողոքի ցույցերով, Խունին ի Լավալ թաղամասում գործած հասարակաց տներով, թաղամաս, որտեղ, Բորխեսի բառերով ասած, տանգոն ձեռք է բերել առավելագույն էրոտիկ երանգավորումներ ու դրսևորումներ։ Շրջանի հետագա բուռն զարգացման գործում կարևորագույն դեր է խաղացել երկաթուղու կառուցումն ու շահագործումը։

20-րդ դարի առաջին տասնամյակներին Կորիենտես պողոտայի շուրջը կազմավորված շրջանը դարձել է Բուենոս Այրեսի հրեական համայնքի միջուկը։ Այդտեղ է կենտրոնացած եղել տեքստիլ արտադրանքի վաճառքը, ինչն այստեղ է գրավել նաև մեծ թվով արաբների ու հայերի։ Չնայած ներգաղթյալների մեծ թվին՝ Բալվաներայի համբավը՝ որպես տանգոյի հետ սերտորեն առնչվող շրջանի, երբեք չի խամրել։

Գարդելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Գարդելը՝ արգենտինական տանգոյի ամենահռչակավոր ու ամենասիրված կատարողը, ապրել է Աբաստո շուկայի մերձակայքում, որի արտ դեկո ոճով կառուցված շենքը շարք է մտել 1930-ական թվականներին։ Այս թաղամասի սրճարաններում, տներում երգելով է նա ճանաչում ու համբավ ձեռք բերել։ Տունը, որտեղ ապրել է նա իր ֆրանսուհի մոր հետ, ստացել է պատմության հուշարձանի կարգավիճակ (գտնվում է Jean Jaurés 835 հասցեում)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.buenosaires.gob.ar/areas/hacienda/sis_estadistico/banco_datos/archivos/PB_densidadbarrio_ARIP_CNP2010.xls
  2. «Balvanera: 125 aniversario de la erección canónica». Argentina.
  3. Mapa de Buenos Aires
  4. «Bairro de Balvanera». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Informações e estatísticas». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «Novas de Balvanera». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. Jewish Once - um passei pela vida judaica
  8. Gobierno de la Ciudad de Buenos Aires. «Balvanera» (իսպաներեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. Gobierno de la Ciudad de Buenos Aires. «Población de Balvanera» (իսպաներեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալվաներա» հոդվածին։