Արտագերսի ինքնապաշտպանություն
Թվական | 368 թվական |
---|---|
Մասն է | Հայ-պարսկական պատերազմներ |
Վայր | Արտագերս (բերդ) |
Արդյունք | Սասանյան Պարսկաստանի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Արշակունիների թագավորություն | Սասանյան Պարսկաստան |
Հրամանատարներ | |
Փառանձեմ | Շապուհ II |
Կողմերի ուժեր | |
Անհայտ | 50 հազար |
Ռազմական կորուստներ | |
Անհայտ | Անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Արտագերսի ինքնապաշտպանություն, Արտագերսի բերդապահ զորքի և բնակչության 14-ամսյա ռազմական գործողություններն՝ ընդդեմ Սասանյանների։ Հայոց Արշակ Բ թագավորի բանտարկությունից հետո պարսից Շապուհ 2֊րդ արքայի 50-հազարանոց զորաբանակը 368 թվականի աշնանը ներխուժել է Հայաստան։ Հայոց թագուհի Փառանձեմը, վերցնելով պետական գանձերը, արքունի պահակազորի (11 հազար զինվոր) հետ ամրացել է Արտագերս բերդաքաղաքում։ Թագուհու նպատակն էր դիմադրել թշնամուն մինչև օգնության կհասնեին Արևելյան Հռոմեական կայսրություն քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և Հռոմեական կայսրության խոստացած զորքը։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի՝ պաշարվածները ոչ միայն լուրջ դիմադրություն են կազմակերպել, այլև գիշերային հակահարձակումով պարսկական զորքերին զգալի կորուստներ պատճառել և կասեցրել բերդի պաշարումը։ 369 թվականի գարնանը պարսկական բանակը, Շապուհ Երկրորդի առաջնորդությամբ, մտել է Հայաստան և կրկին շրջապատել Արտագերսը։ Պաշտպանության 14-րդ ամսին բերդում համաճարակ էր սկսվել, որից մահացել էր բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության միջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնել է թշնամուն։ Պարսկական զորքը կողոպտել է արքունի գանձերը, գերի վերցրել հազարավոր մարդկանց և թագուհուն[1]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
360-ական թվականների երկրորդ կեսը Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջան էր։ Հայերը շարունակում էին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ, որում երկու կողմերն էլ ծանր իրադրությունում էին հայտնվել։ Պատերազմն ընթանում էր հիմնականում Մեծ Հայքի տարածքում։
368 թվականին Շապուհ Բ-ն, նորանոր պարտություններ կրելուց հետո, հաշտություն կնքելու պատրվակով իր մոտ է հրավիրում հայոց թագավոր Արշակ Բ-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին ու ձերբակալում։
Ինքնապաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շապուհը, հայոց թագավոր Արշակին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին գցելով «թակարդի» մեջ, աշնանը Հայաստան նոր զորք է ուղարկում։ Պարսից արքան շտապում էր օգտվել հարմար հնարավորությունից, քանի դեռ Հայաստանում թագավոր չկար։ Այդ զորքի հրամատարներն էին Հայաստանից փախած և Պարսկաստանում ապաստանած հայր մարդպետ Գլակն ու զորավար Արտավանը։
Այդ ընթացքում երկրի կառավարումը հանձնվել էր Փառանձեմ թագուհուն, որը թագաժառանգ Պապի և 11-հազարնոց զորքի հետ ամրացել էր Արշարունիք գավառի Արտագերս բերդում։
Հայոց արքայի գանձերին տիրանալու, ինչպես նաև թագուհուն և թագաժառանգ Պապին գերի վերցնելու նպատակով Շապուհը իր զորքով գնում է գրավելու Արտագերս բերդը։ Պարսկական բանակը, կենտրոնանալով Արտագերս բերդի մոտ, 368 թվականին պաշարում է այն։ Ամրոցում պաշարվածները դրսից օգնություն չէին կարող ստանալ, սակայն վատ էր նաև Արտագերսը պաշարած պարսկական զորամասերի վիճակը։ Նրանք որոշել էին ամրոցը չգրավել ձմռանը։ Գլակը և Արտավանը որոշում են բանակցել Փառանձեմ թագուհու հետ ու նրան հորդորում են դադարեցնել դիմադրությունը։ Բանակցությունների ժամանակ Փառանձեմը հայտարարում է, որ «ամրոցի անկման դեպքում առաջին հերթին որդու ճակատագիրն է մտահոգում իրեն», և որ հակառակորդի հավաստիացումներին հավատալ չի կարող։ Բանակցությունների ընթացքում հայոց թագուհին նաև հայտարարում է, որ դիմադրությունը չի դադարելու։ Թագուհին արքայազնին փրկելու համար Գլակինն և Արտավանին վարձատրություն, իսկ հետագայում` աջակցություն է խոստանում։
Բերդի հրամանտարությունը որոշում է արտագրոհ կազմակերպել, և պարսկական բանակ վերադարձած բանագնացները հայտարարում են, թե ամրոցի պաշտպանները ժամանակ են խնդրում պաստասխանի համար՝ այսպիսով թույլացնելով պարսկական կողմի զգոնությունը։ Հայկական կողմը, օգտվելով առաջացած դրությունից, գրոհում է պարսիկների զորքի վրա։ Հայերի անսպասելի հարձակումից հետո պարսիկները նահանջում են։
Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսիկների պարտությունից հետո պարսից թագավոր Շապուհ Բ-ն զորավարներ Զիկի և Կարենի գլխավորությամբ Հայաստան է ուղարկում մեծաթիվ զորք, ավելի է ուժեղացնում Արտագերսի պաշարումը[2]։
Արտագերսը նվաճելուց հետո Շապուհի զորքերն ավերում և կողոպտում են Հայաստանի խոշոր քաղաքները՝ Տիգրանակերտը, Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Վանը, Զարիշատը և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 22–28.
- ↑ «ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՐՈԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐԸ ԻՐ ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ». armenianhouse.org. Վերցված է 2019-25-08-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 120)։ |