Արյունաստեղծ համակարգի հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյունաստեղծ համակարգի հիվանդություններ

Արյունաստեղծ համակարգի հիվանդություններ, հիվանդությունների տեսակ, որոնք կապված են արյունաստեղծ համակարգի գործունեության խաթարումների հետ։ Արյունաստեղծ համակարգի հիվանդությունները խիստ բազմազան են։ Դրանք կարելի է բաժանել 3 հիմնական խմբի սակավարյունություններ, հեմոբլաստոզներ (լեյկոզներ և որոշ այլ ձևեր) և արյունահոսական նախատրամադրվածություններ։ Նշված հիվանդությունների պատճառները կարող են լինել ինչպես ժառանգական, այնպես էլ ձեռքբերովի՝ կապված ներքին կամ արտաքին գործոնների հետ։ Այսպիսի բաժանումը պայմանական է, քանի որ արտաքին ազդակները մարդու օրգանիզմում կարող են ի հայտ բերել որոշ ժառանգական թերություններ։

Օրինակ՝ սալիցիլաթթվի (ասպիրինի) ընդունումից թրոմբոցիտների ժառանգական թերություն (կպչելիության պակասություն) ունեցող մարդկանց մոտ կարող է առաջանալ ուժեղ արյունահոսություն։ Իսկ եթե հիվանդը ասպիրին չընդունի, այդ թերությունը կարող է ի հայտ չգալ։ Որոշ դեղանյութերի (սուլֆանիլամիդներ, հակաբիոտիկներ) առանց հսկողության, անկանոն ընդունումը կարող է այնպես ճնշել ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան, որ արյունաստեղծ օրգաններն ի վիճակի չլինեն լրացնել քայքայված ձևավոր տարրերի տոկոսը։ Ժառանգական թերությունների մեջ բացահայտվել են հեմոգլոբինի երկաթ պարունակող խմբի (հեմի) առաջացման, արյան մակարդելիության համակարգի խանգարումներ։ Արյունաստեղծ համակարգի որոշ հիվանդությունների պատճառներն առայսօր ամբողջությամբ պարզաբանված չեն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։