Թրոմբոցիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները կորիզազուրկ գոյացություններ են, որոնց թիվը 1 մկլ արյան մեջ 180.000– 320.000 է. դրանք մասնակցում են արյան մակարդմանը։ Երբ որևէ արյունատար անոթ է վնասվում, դրանք կուտակվում են վնասվածքի տեղում, կպչում միմյանց և անջատում են արյան անոթը սեղմող ու մակարդուկ (թրոմբ) առաջացնող նյութ, որը խոչընդոտում է արյունահոսությունը։

Կաթնասունների թրոմբոցիտները մոտանկորիզ են, սկավառակաձև բջիջներ են 1-4 մկմ տրամագծով։ Առաջանում են կարմիր ոսկրածուծում։ Արյան 1մմ3 ծավալում նրանց քանակը 200-400.000 է սրանց քանակի ավելացումը կոչվում է թրոմբոցիտոզ, իսկ պակասումը՝ թրոմբոպենիա։ Նրանց քանակը ավելանում է մարսողության ժամանակ, ծանր մկանային աշխատանքի, հղիության ժամանակ։ Տեղի է ունենում նաև օրական տատանում հույզերից, գիշերվա ընթացքում նրանց քանակը պակասում է։ Թրոմբոցիտների ֆունկցիաները բազմազան են և որոշվում են յուրահատուկ հատկություններով (ագլյատինացիայի հատկություն, ադհեզիա (կպչման) և միացքավորման (ագրեգացիա), կեղծ ոտիկնրի առաջացման)։ Թրոմբոցիտները ունեն պաշտպանական ‎ֆունկցիաներ, դրանցից մեկը դրսևորվում է մանր և խոշոր անոթներից արյունահոսություների ժամանակ, որի դեպքում նրանց մասնակցությամբ գոյացած խցանը փակում է վնասված անոթի լուսանցքը և կանխում հետագա արյունահոսությունը։

Թրոմբոցիտները սկավառակաձև են 2-5 մկմ տրամագծով, անկորիզ ունեն բարդ կառուցվածք, պլազմատիկ թաղանթն արտաքինից պատված է նուրբ շերտով, որը հարուստ է մակարդիչ գործոններով, անմիջապես պլազմատիկ թաղանթի վրա դասավորված գլիկոպրոտեիդների մոլեկուլները տարբեր մեխանիզմներով մասնակցում թն թրոմբոցիտների ադհեզիային և ագրեգացիային։ Պլազմատիկ թաղանթի տակ դասավորված միկրոխողովակներրը մտնում են բջջի կծկողական ապարատի մեջ։ Գրգռված թրոմբոցիտի կծկողական համակարգի կծկման շնորհիվ հիալոպլազման և օրգանոիդները սեղմվում են, նրանց պարունակությունը բաց անցուղիների միջոցով մղվում է շրջապատող միջավայրի մեջ։ Պարունակությունն ունի բարդ քիմիական բաղադրություն, այդ թվում յուրահատուկ մակարդիչ գործոններ , որոնք կոչվում են թրոմբոցիտային (թրոմբոցիտային թրոմբոպլաստին, հակահեպարինային գործոն, ֆիբրինոգեն, թրոմբոստենին, սերոտոնին, միացքավորման գործոն)։ Թրոմբոցիտներից անջատվել է նաև թրոմբոցիտների աճի գործոն, որը խթանում է անոթների հարթ մկանունքի աճը և պահպանում էնդոթելային շերտի ամբողջականությունը։

Թրոմբոցիտները կարող են արտադրել բազմաթիվ նյութեր, որոնք մասնակցում են արյան մակարդման բոլոր փուլերում։

Գրականություն[խմբագրել]

  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ.Ն.Խուդավերդյանի և Վ.Բ.Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։