Ասպետությունը Կիլիկյան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասպետ (բնագրերում՝ Ձիավոր), հատուկ կոչում Կիլիկյան Հայաստանում, որը շնորհվում էր

Ձիավոր Կիլիկիո Հայոց թագավորությունից

հիմնականում ազատների դասի կրտսեր ներկայացուցիչներին, ինչպես նաև հայրենատեր իշխաններին, նրանց ժառանգներին, նաև արքայազներին։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպետ կամ ձիավոր բառը տարբեր լեզուներում ունի նույն իմաստը։ Օրինակ ֆր.՝ Chevalier-ձիավոր, cheval՝ ձի բառից, կամ պարսկերեն՝ aspa-pati՝ ձիատեր, որի հետ արմատորեն համադրվում է հայերեն ասպետ բառը (երկուսն էլ առաջացել են ընդհանուր արիական as-ձի և pati-պետ/վարող), որը նշանակում է ձիավոր ազնվական, հեծյալ իշխանավոր[1]։

Թեև Կիլիկյան Հայաստանում ասպետությունը իր վրա է կրել արևմտյան Եվրոպայի խաչակիրների զգալի ազդեցությունը, հայոց ասպետության բուն արմատները ծագում են Մեծ Հայքի արքունական այրուձի գնդից։ Ասպետության որոշ տարրեր ծագում են դեռևս վաղ արիական հանրույթի ձիավոր (մարտակառքերով) ռազմիկների դասից։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպետական դասի ներկայացուցիչները հիմնականում ազատների դասի մանր և միջին հողատերերն էին։ Սակայն պատմական հիշատակությունները ցույց են տալիս, որ ձիավոր ձեռնադրվել են նաև հայրենատեր իշխանները ու նրանց ժառանգները, ինչպես նաև արքայազները։ Պահպանվել են հիշատակություններ նաև ոչ ազնվական ծագում ունեցողներին իրենց ծառայության համար ձիավորեցնելու (Ասպետության աստիճան շնորհելու) մասին։ Փաստորեն Կիլիկյան Հայաստանում առկա էր ասպետության 2 աստիճան, որոնցից առաջին աստիճանը շնորհվում էր Սպարապետին, Մարաջախտին, խոշոր բերդատերերին, իսկ երկրորդը՝ մանր ազնվականներին։ Ասպետները պարտավոր էին ծառայել թագավորին։ Ձիավորները իրենց ծառայության դիմաց ստանում էին հողատարածքներ, ինչպես նաև առանձին պարգևավճար՝ ռոճիկ կամ հռոգ (լատին․՝  eroge` դրամ բաժանել բառից )։ Ասպետների հանդերձանքը կազմված էր սաղավարտից, զրահից, որի վրայից հագնում էին սպիտակ կամ կապտագույն համազգեստ` խաչով և հավանաբար առյուծով, որ թագավորի խորհրդանիշն էր։

Ձիավորեցնելու (ասպետացնելու) արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիավորների պատկերներ «Ալեքսանդրի վեպը» գրքից, XIII դար

Ձիավոր կարգվելու արարողությունը կատարվում էր հանդիսավոր կերպով և հրապարակային. թեկնածուն պիտի հմուտ կարողություններ ունենար ձիավարությունից, նիզակի գործածությունից և ապա հատուկ արարողությամբ ստանար ձիավորի կոչում։ Ձիավոր դառնալու տարիքը 15-ն էր, որը սակայն կարող էր փոփոխվել. « Եվ ըղորդ հասան տասն և հինգ տարին է, պարոնն կարէ կանուխցնել զհասակն չորս-հինգ տարի, քանզի ուզենա »։ Ձիավոր կարգելու մասին հիշատակություններ հանդիպում ենք Սմբատ Սպարապետի «Տարագրքում»։ Մի դրվագում կարդում ենք, թե ինչպես Լամբրոնի տեր Օշինը իր որդի Հեթումին մկրտեց և կարգեց ձիավոր.

«… եւ կամեցաւ Օշինն, եւ յայնժամ ետ մկրտել զՀեթում, զի դեռ ոչ էր մկրտեալ եւ արար ձիաւոր… »
- Սմբատ Սպարապետ, «Տարագիրք»

Արքայազների «ձիավորելու» արարողությունը կատարվում էր ավելի ճոխ, որին հրավիրվում էին նաև օտար իշխաններ ու ազնվականներ։ Այդպիսի մի իրադարձություն տեղի ունեցավ նաև 1256 թվականի նոյեմբերի 15-ին՝ Լևոն արքայազնին ձիավորեցնելու կապակցությամբ։ Հրավիրված էին Հեթում թագավորի փեսա և Անտիոքի դուքս և Տրիպոլիի կոմս Բոհեմունդը, Ջուլիան իշխանը, եկեղեցական բարձրաստիճան դասը և այլք.

Ի սոյն ամի (1256 թվականին) կամեցաւ թագաւորն Հեթում ձիաւորեցուցանել զանդրանիկ որդին իւր Լեւոն։ Եւ եկն ի մայրաքաղաքն Մսիս եւ առաքեաց յԱնտիոք եւ կոչեաց զփեսայն իւր զՊեմունտ բրինծն Անտիոքայ եւ կոմսն Տրապօլսոյ գալ առ ինքն հանդերձ կենակցաւն իւրով։ Եւ նոյն օրինակաւ յղեաց եւ առ Ճուլիան տէրն Սայիտոյ գալ հանդերձ կենակցաւն իւրով. նա եւ զգունթէս Ճաֆուն, եւ զամենայն բարեկամս իւր մեծարեաց գալ յայսկոյս։ Որ եւ ի վանօրէից զամենայն դասս եկեղեցականացն ժողովեաց յառաջիկայ ուրախութեան գործն։ Եւ ձիաւորեցուցին զնա ի թուականին ՉԵ (Հայոց թվականության 705 թ., 1256 թ.)) յամսեանն նոյեմբերի ԺԵ օրն, եւ ուրախացաւ թագաւորն ուրախութիւն մեծ հանդերձ հարբն իւրով եւ ամենայն զարմիւքն եւ ժողովովն որ եկեալ էին
- Սմբատ Սպարապետ, «Տարագիրք»

Ձիավորի աստիճան շնորհելու արարողություն կատարվում էր նաև ազգային տոների, թագաժառանգի կամ արքայազնի ծննդյան կամ այլ նշանակալի իրադարձության առթիվ։ Այդպիսի մի նկարագրության հանդիպում ենք արքայորդի Լևոնի որդու ծննդյան առիթվ։

Ի սոյն ամի (1264 թ.-ին) յաւուր Յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ի միաշաբաթի Զատկին, զորդի պարոնին Հայոց Լեւոնի մկրտեցին ի մայրաքաղաքն Սիս, ի մեծ եկեղեցին սուրբ Սոփի, ձեռամբ ս. հայրապետին Կոստանդեայ, եւ անուանեցաւ Կոստանդին. եւ յաղագս այսմ ուրախութեան պատճառի զերկուս որդիսն սպարապետին Հայոց Սմբատայ՝ զՀեթում եւ զՎասիլ, մականուն Թաթար, ձիաւորեցուցին, եւ այլ բազումս ընդ նոսա. եւ բազում ուրախութիւն արարին յայսմ պատճառէ։
- Սմբատ Սպարապետ, «Տարագիրք»

Հանդիպում ենք նաև այլ հիշատակություններ արքայազներին ձիավորեցնելու մասին.

« Ի սոյն աւուր ձիաւորեցուցին զորդի թագաւորին զԹորոսն (1259 թվականին)»
- Սմբատ Սպարապետ, «Տարագիրք»

Կան նաև հիշատակություններ ոչ ազնվականների ասպետանալու մասին.

«(1264 թվականին) Եւ նոյն ժամայն եհաս առ թագաւորն եւ առ անդրանիկ որդին իւր Լեւոն աւետաբերս՝ եթէ եղեւ որդի պարոնին Հայոց Լեւոնի, ի քաղաքն Մսիս, եւ էր յունուար ամսոյ… եւ ո՛ կարասցէ պատմել զուրախութիւն թագաւորին եւ մեծամեծացն եւ փոքունց, ընդ նոյն աւետիսն։ Որ եւ բազումք ի վատթարագունից եւ յանգերագոյն ազգաց նաեւ ի ներքինեաց եւս փառաց եւ պատուոյ ձիաւորութեան արժանացան»։
- Սմբատ Սպարապետ, «Տարագիրք»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայերէն Արմատական Բառարան» Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1926։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կիլիկյան Հայաստանի բանակը», Վահան Մկրտչյան
  • «Կիլիկյան Հայաստանի պետական կարգը», Անդրանիկ Տոնոյան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]