Առվույտ արաբական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առվույտ արաբական
Առվույտ արաբական
Առվույտ արաբական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Առվույտ (Medicago)
Տեսակ Առվույտ արաբական (M. arabica)
Միջազգային անվանում
Medicago arabica

Առվույտ արաբական (լատին․՝ Medicago arabica), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարյա մերկ, բարակ, թույլ ցողուններով, 20-60 սմ բարձրությամբ միամյա բույսեր։ Տերևակիցները խոր-ատամնավոր են։ Տերևիկները սրտաձև են, հիմնականում վերևից կենտրոնում դարչնագույն-կարմիր պուտով։ Ծաղկակիրները ծածկող տերևից կարճ են։ Ծաղկաբույլերն ունեն 1-5 ծաղիկներ։ Պսակը դեղին է։ 4-5 մմ տրամագծով ունդը գնդաձև-գլանաձև է և 4-5 պտույտներով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Վահանավանքի շրջակայք)։ Լոկալիտետները երկուսն են, որոնց միջև հեռավորությունը 25 կմ է։ Աճում է նաև Արևմտյան Նախակովկասում, Ղաղստանում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, գրեթե ամբողջ Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1100 մ բարձրությունների վրա, ինչպես նաև խոնավ վայրերում, մարգագետիններում, անտառների եզրերին և թփերի մացառուտներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակի լայն ընդհանուր տարածման պատճառով սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առվույտ արաբական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առվույտ արաբական» հոդվածին։