Ածական անուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառը։ Օրինակ` ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ըստ կազմության` ածականները լինում են`

  1. պարզ՝ ծուռ, խոր, կարծր
  2. բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են`
    1. ածանցավոր՝ անկիրթ, կարմրավուն, արծաթե,
    2. բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,
    3. բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, բուհական:

Տարբեր արմատներից կամ բառերից ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝

  1. ժխտական և այլ նախածանցներ՝ ամենա-մեծ, ան-արդար, ապ-երախտ, բաց-արձակ, տ-կար,
  2. վերջածանցներ՝ ահ-ագին, հն-ագույն, ուրախ-ալի, բր-ածո, նյարդ-ային, վառ-ելիք, նազ-ելի:

Ածականները լինում են որակական և հարաբերական։ Որակական ածականների միակ ձևական փոփոխությունը նրանց փոփոխությունն է ըստ համեմատության։ Օրինակ` երկար - ավելի երկար - ամենաերկար, մեծ - ավելի մեծ - ամենամեծ, թեթև - ավելի թեթև - ամենաթեթև, մեծ - ավելի մեծ - ամենամեծ, գեղեցիկ - ավելի գեղեցիկ - ամենագեղեցիկ։

Գրականություն[խմբագրել]

  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։