Ալ-Մուկադդիմա (Իբն Խալդուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբն Խալդունի արձանը և հրապարակը, Մուհանդիսին, Կահիրե

Ալ-Մուկադդիմա (արաբ․՝ المقدمة‎‎) կամ Պրոլեգոմենա (հուն.՝ προλεγόμενα )՝ «Մեծ» կամ «Համաշխարհային պատմություն», միջնադարյան արաբ փիլիսոփա, պատմագիր և իրավագետ Իբն Խալդունի (1332 - 1406) աշխատություն։ Գիրքն իր ազդեցությունն է ունեցել Օսմանյան կայսրության 17-րդ դարի պատմաբանների վրա, ինչպիսիք են Հաջի Խալիֆան և Մուստաֆա Նաիման, ովքեր գործածել են գրքում առկա տեսությունները Օսմանյան կայսրության թուլացումը և ծաղկումը վերլուծելու համար[1]։ Թեև Իբն Խալդունը համարվում էր մուսուլմանական աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը, 17-րդ դարում եվրոպացի սքոլարները ևս կրթվում էին այս գրքով։[2][3]

ալ-Մուկադդիմա

Գրքի ամբողջական վերնագիրն է «Ուսուցանող օրինակների գիրք, կամ դիվան մեծագույն իշանություն ունեցող արաբների, պարսիկների, բերբերների ու նրանց ժամանակակիցների օրերի մասին»։ Սակայն նրան ավելի շատ հռչակ բերեց դրա վերջինիս ներածությունը։ Արաբերեն այն կոչվում է «ալ-Մուկադդիմա», որը թարգմանաբար նշանակում է «Նախաբան»։ Հենց այստեղ է նա շարադրում իր տեսակետները մարդկային հասարակության և պատմության օրինաչափությունների վերաբերյալ[4]։

Փիլիսոփայի կարծիքով պատմականորեն մարդկային կեցության առաջին ձևը գյուղականն էր՝ ամենից առաջ քոչվորականը։ Դաժան պայմանները մարդկանց թելադրում են խիստ բարքեր և ստիպում միասնական լինել։ Մի քանի ցեղի ենթարկումը մյուսների կողմից հանգեցնում է թագավորական իշխանության և քաղաքների առաջացմանը։ Քաղաքներում զարգանում են առևտուրը և արհեստները, ի հայտ է գալիս հարստություն և զեխություն։ Դա էլ իր հերթին բերում է բարքերի քայքայմանն ու անկմանը, ավանդական առաքինութունների կորստի։ Մարդիկ դառնում են փափկասուն, պաշտպանության անկարող։ Ավելանում են պետական ծախսերը, ինչի հետևանքով աճում են հարկերը, բայց անգամ այդ դեպքում դրանք բավական չէին պետության ծախսերը բավարարելու համար, և իշխանությունները սկսում են անարդարություններ գործել հպատակների նկատմամբ։ Վերջիններս կորցնում են լավ կյանքի նկատմամբ հույսերը և սկսում են խուսափել աշխատանքից, ինչը բերում է գանձվող հարկերի կրճատման։ Արդյունքում պետությունը սկսում է թուլանալ, ի վերջո, փլուզվում։

Հեղինակի հայացքի մեջ առանցքային գաղափարը «ասաբիան» է։ Այդ դժվար թարգմանվող եզրը արևմտյան հետազոտողները բնորոշում են որպես «կոլեկտիվ համախմբվածություն (համերաշխություն)»։ Հաշվի առնելով այս բառի բաղադրիչների բազմիմաստությունը (ոգեզորություն, արիություն, արդարամտություն, պատվախնդրություն, հավատ վաղվա օրվա և սեփական գործի ճշմարտացիության նկատմամբ)` պայմանականորեն ընդունվում է այն որպես զինվորական միասնություն, մադկային համակեցություն՝ միավորված մեկ գաղափարի շուրջ: Այն չի համընկնում, բայց մասամբ համադրվում է դասական և ժամանակակից սոցիոլոգիայի այնպիսի եզրերին, ինչպիսիք են Էմիլ Դյուրկհայմի «բարոյական ուժ», Մաքս Վեբերի «խարիզմա» , Ռենդել Քոլինզի «բարձր էմոցիոնալ էներգիա», Լև Գումիլյովի «պասսիոնարություն» (իմա՝ «կրքառատ ուժ, ոգեզորություն»), և նման այլ հասկացություններին։

Իբն Խալդունը թունիսյան 10 դինարանոցի վրա

Կրոնը Իբն Խալդունը դիտարկում է երկու տեսակետից։ Հիմնական գործառույթի առումով, նա մեկնաբանում է կրոնը որպես ասաբիան լրացնող ու հզորացնող սուրբ սոցիալական ուժ, այսինքն բացում է դրա համախմբող և կարգավորող նշանակությունը։ Այդ առումով կրոնը հանգեցնում է միապետության հաստատման և հետագա նվաճումների շարունակման։ Իբն Խալդունի կարծիքով կրոնը սկզբնական շրջանում ամրապնդման և հետո միայն փոխարինում է այն իրենով։ Երբ կրոնը դադարում է լինել պետության հիմքը, կրկին հարց է ծագում կոնսոլիդացիայի աղբյուրի մասին։ Դա չի լինում միայն այն ժամանակ, երբ ասաբիան դեռևս ունի մեծ նշանակություն հասարակության մեջ։ Հակառակ դեպքում թույլ պետությունը պարտություն կկրի ուրիշ խմբի կողմից՝ իրեն հավասար կամ գերազանցող ուժով։ Կրոնը, դրա բացառիկությունը և անքակտելիությունը երկիրը միավորող կարևորագույն գործոններն են։ Սական դա չի նշանակում, որ կրոնը ի վիճակի է միշտ պահպանել սոցիումը վերջնական քայքայումից։ Իբն Խալդունը գրում է, որ կգա ժամանակ, երբ կրոնը այլևս ի վիճակի չի լինի զսպել քաղաքակրթության հաղթարշավը։

Պետության զարգացման ընթացքում Իբն Խալդունը առանձնացնում է ընդամենը հինգ փուլ. վերջինում վրա է հասնում իշխող դինաստիայի ծերացումը և սկսվում երկարատև, անբուժելի տկարության շրջան։ Զառամյալությունը վրա է հասնում և հաղթում տիրող դինաստիային նույնիսկ անկախ արտաքին թշնամիների գործողությունից։ Սակայն ավելի հաճախ պետության մահը վրա է հասնում քոչվորների հարձակումների արդյունքում, որոնք նախկինում վարում էին վաչկատուն, դաժան զրկանքներով լի ապրելակերպ։ Ըստ Իբն Խալդունի՝ դինաստիայի կյանքի միջին տևողությունը 120 տարի է։ Նվաճման արդյունքում իշխանությունն անցնում է նոր դինաստիայի և կրկնվում է պատմական նմանատիպ շրջափուլ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Lewis, Bernard (1986)։ Studies in Islamic history and civilization: in honour of Professor David Ayalon։ BRILL, 527–530։ ISBN 978-965-264-014-7։ 
  2. Bernard Lewis : "Ibn Khaldun in Turkey", in: Ibn Khaldun: The Mediterranean in the 14th Century: Rise and Fall of Empires, Foundation El Legado Andalusí, 2006, ISBN 978-84-96556-34-8, pp. 376–380 (376)
  3. S. M. Deen (2007) "Science under Islam: rise, decline and revival". p.157. ISBN 1-84799-942-5
  4. http://asadullahali.files.wordpress.com/2012/10/ibn_khaldun-al_muqaddimah.pdf