Ադել Հյուգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադել Հյուգո (ֆր.՝ Adèle Hugo, 1830 թ. հուլիսի 27, Փարիզ - 1915 թ. ապրիլի 21, Սյուրեն), Վիկտոր Հյուգոյի և Ադելի դուստրը։ Ֆրանսուա Տրյուֆոյի «Ադել Հ.-ի պատմությունը» ֆիլմի գլխավոր հերոսուհու նախատիպն է։ Իր անվանումով Ադել Հյուգոյին է պարտական այսպես կոչված՝ «Ադելի համախտանիշը», այն է՝ երկարատև սիրային կախվածություն, հիվանդագին կիրք, որը մնում է անպատասխան։ Ադելը երկար ժամանակ տառապել է անգլիացի սպա Ալբերտ Պինսոնի նկատմամբ անպատասխան զգացմունքներից։

Հիվանդություն[խմբագրել]

26 տարեկան հասակում Ադելի մոտ սկսեցին ի հայտ գալ հոգեկան անկայունության նախանշաններ, ինչը Հյուգոների ընտանիքում նորություն չէր. Վիկտոր Հյուգոյի եղբայրը՝ Եվգենին, մահացել է հենց հոգեբուժարանում։ Այսպես, Ադելը կարծում էր, որ մեղրամսի ժամանակ ողբերգական կերպով մահացած իր քույրը՝ Լեոպոլդինան, իր հետ հոգեկան կապ է պահպանում։ Հնարավոր է, դրան նպաստել է նաև Ադելի ծնողների հոգեկան սեանսներ անցկացնելու հակումը, որոնք անցկացվում էին աղջկա խանգարումից մի քանի տարի առաջ։

Ադելը ծանոթանում է անգլիացի սպա Ալբերտ Պինսոնի հետ։ Հնարավոր չէ կոնկրետ ասել արդյոք վերջինս անսիրտ սրիկա էր, որը խաբեց անմեղ էակին, թե ուղղակի դարձել էր էրատոմանիայի զոհ։ Ադելը հենց սկզբից սկսեց համարել, որ միանշանակ Պինսոնն է իր կյանքի տղամարդը։ Սակայն Պինսոնը չէր պատասխանում փոխադարձ զգացմունքներով. չօգնեցին ո՜չ աղջկա հազվագյուտ գեղեցկությունը, ո՜չ նրա հոր փառքը։

Երբ Պինսոնին տեղափոխեցին ծառայելու Հալիֆակսում (Կանադա), Ադելը իր ծնողներից գաղտնի հետևեց նրան (որպեսզի վճարի ուղևորության համար, նա գողացավ մոր թանկարժեք զարդերը)։ 3 տարվա ընթացքում, որոնք Ադելն անցկացրեց Հալիֆակսում, նա պատմում էր շրջապատի մարդկանց, որ նրանք նշանված են, և որ փեսացուի ծնողները դեմ են նրանց հարաբերություններին։ Նա պնդում էր, որ Պինսոնից ունեցել է մահացած ծնված երեխա (սրա վերաբերյալ ոչ մի ապացույց չկա), և, վերջապես, իր եղբայր Ֆրանսուա-Վիկտորին ուղղված նամակում գրել է, որ ամուսնացել է Ալբերտի հետ։ Չնայած որոշ կասկածների, Ադելի հարազատները հրապարակեցին ամուսնության լուրը տեղական թերթերից մեկում։ Հետագայում Ադելը խոստովանել է եղբորը, որ հարսանիք չի եղել, բայց շարունակել է հուսալ, որ ամուսնությունը տեղի կունենա (և դրա համար նա վարձել էր հիպնոզացնողի, որպեսզի համոզի Ալբերտին ամուսնանալ իր հետ)։

Ֆրանսուա-Վիկտորը առաջարկեց Ադելին «ամուսնալուծվել» Պինսոնի հետ և վերադառնալ Ֆրանսիա, բայց Ադելը հրաժարվեց։ Այդ ընթացքում Պինսոնը հայտարարեց տեղական դատավորի դստեր հետ իր ամուսնության մասին։ Այդ ժամանակ Ադելը ստիպեց իր փաստաբաններին գրել դատավորին, որ ինքն է հանդիսանում Ալբերտի կինը։ Պինսոնի նշանադրությունը չեղյալ համարվեց։

1866 թ. Պինսոնին տեղափոխեցին Վեստ-Ինդիայի Բարբադոս կղզի. Ադելը գնաց նրա հետևից։ Կղզում նրա հետագա կյանքից շատ քիչ բան է հայտնի, սակայն նրա հոգեկան վիճակը վատանում էր։ Ադելը պահանջում էր, որ իրեն կոչեն «Տիկին Պինսոն»։ Հետևողները նրան բնութագրում էին որպես « տխուր կին՝ պատառոտված հագուստով, որը չէր համապատասխանում տրոպիկական կլիմային»։ Նա անընդհատ ինչ-որ գրառումներ էր անում և թափառում էր փողոցներում։ Փոքրիկ տղաները նրա վրա քարեր էին նետում, այդ պատճառով էլ նա նախընտրում էր դուրս գալ օրվա մութ ժամերին։

1872 թ. Ադելին բերեցին Ֆրանսիա։ Դա տխուր վերադարձ էր. բացի հորից, ընտանիքի բոլոր անդամներն արդեն մահացել էին։ Ադելի գիտակցությունը վերջնականապես մթագնել էր և իր կյանքի մնացած մասը նա անցկացրեց հոգեբուժարանում։ Հայրը, մինչև մահը՝ 1885 թ. հաճախակի այցելում էր նրան։ Ադելը մահացավ 1915 թ., նա արդեն դժվարությամբ էր խոսում, բայց նրա դեմքի վրա պահպանվել էին երբեմնի գեղեցկության հետքերը։

1975 թ. ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆֆոն նկարահանեց ֆիլմ Ադելի մասին՝ «Հ.Ադելի պատմությունը». գլխավոր դերը խաղաց Իզաբել Աջանին։