Ադելա Փանքհերսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելա Փանքհերսթ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1885(1885-06-19)[1]
ԾննդավայրLancashire, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 23, 1961(1961-05-23)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ավստրալիա
ԿրթությունՄանչեսթերի իգական ավագ դպրոց
Մասնագիտությունսուֆրաժիստ, հասարակական գործիչ և սուֆրաժիստ
ԱմուսինTom Walsh?
Ծնողներհայր՝ Richard Pankhurst?[2], մայր՝ Էմմելին Պանկհյորսթ[2]
ԿուսակցությունIndependent Labour Party?, Ավստրալիայի կոմունիստական կուսակցություն և Australia First Movement?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանանց սոցիալական և քաղաքական միություն
 Adela Pankhurst Վիքիպահեստում

Ադելա Կոնստանցիա Մերի Փանքհերսթ Ուոլշ (անգլ.՝ Adela Constantia Mary Pankhurst Walsh, հունիսի 19, 1885(1885-06-19)[1], Lancashire, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 23, 1961(1961-05-23)[1], Սիդնեյ, Ավստրալիա), բրիտանացի և ավստրալիացի սուֆրաժիստ, հասարակական և քաղաքական գործիչ, Ավստրալիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից։

Էմմելին և Ռիչարդ Փանքհերսթների դուստրը, Քրիստաբելի և Սիլվիի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելա Փանքհերսթը ծնվել է 1885 թվականին Մանչեսթերում, սուֆրաժիստ և հասարակական-քաղաքական գործիչ Էմելին Փանքհերսթի (ծննդյամբ` Գուլդենի) և փաստաբան ու սոցիալիստ Ռիչարդ Պանկյորսթի ընտանիքում։ Նրա ծնողները հայտնի են եղել որպես կանանց իրավունքների պաշտպաններ։ Ադելան իր ավագ քույրերի՝ Քրիստաբելի և Սիլվիայի հետ միասին, շարունակել է նրանց գործը։ Ռիչարդը կյանքից հեռացել է 1898 թվականին։ Հետագայում Ադելան հիշում է, որ հայրը կարևոր դեր է խաղացել իր դաստիարակության գործում[3]։ Նա իրեն համարել է մոր չսիրված զավակը[4]։

Ադելան լավ է սովորել դպրոցում և ուսուցիչները նրան խորհուրդ են տվել փորձել ընդունվել Օքսֆորդի համալսարան, բայց Էմելին Պանկհյորսթը դեմ է եղել։ 1901 թվականին Ադելան հիվանդացել կարմիր տենդով։ Մայրը նրան ուղարկել է Շվեյցարիա։ Երբ Ադելան վերադարձել է Մանչեսթեր, նա որոշել է ուսուցիչ դառնալ։ Էմմելինը դեմ է եղել այդ աշխատանքին, քանի որ այն համարել է «բանվոր դասակարգի զբաղմունք»։ Չնայած դրան, 1903 թվականին Ադելան աշխատել է տարրական դպրոցում որպես ուսուցիչ[3]։

Ադելան եղել է Կանանց սոցիալական և քաղաքական միության անդամ, որը հիմնադրել էին մայրը և քույրերը։ Նրանց հետ միասին մասնակցել է բողոքի ցույցերի, քննադատել Ուինսթոն Չերչիլին։ 1909 թվականին նա և իր գործընկերները ձերբակալվել են Դանդիում ոստիկանին հարվածելու համար տուգանք վճարելուց հրաժարվելուց հետո։ Նա 7 օր անցկացրել է բանտում[3]։ Ադելան հացադուլ է սկսել, բայց, ի տարբերություն այլ ակտիվիստների, առողջական նկատառումներից ելնելով նրան ստիպողաբար չեն կերակրել[3]։ 1912 թվականին ընդունվել է Studley College կանանց քոլեջ։

Տարիների ընթացքում ընտանեկան հարաբերությունները սկսեել են վատանալ։ Ադելան և Սիլվիան հարել են ձախերին՝ ի տարբերություն իրենց մոր և Քրիստաբելի։ Ադելան նաև հավանություն չի տվել սուֆրաժիստների կողմից բողոքի բռնի մեթոդներին[5]։ Արդյունքում, Սիլվիան հեռացվել է կանանց հասարակական-քաղաքական միությունից, իսկ Ադելային 1914 թվականին ուղարկել են Ավստրալիա։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ադելան սուֆրաժիստ Վիդա Գոլդշտեյնի հետ միասին հակապատերազմական արշավ է սկսել Ավստրալիայում։ Էմմելինը կտրականապես դեմ է եղել կրտսեր դստեր գործողություններին[3][5]։

1917 թվականի սեպտեմբերի 30-ին Ադելան ամուսնացել է երեք դուստրերի հայր և արհմիութենական գործիչ Թոմ Ուոլշի հետ։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են վեց երեխա։ Հարսանիքից վեց օր անց Ադելան դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման՝ զորակոչի դեմ կազմակերպված ցույցերի ժամանակ հասարակական կարգի խախտման հանցագործությունների համար։ Նա ազատ է արձակվել 1918 թվականի հունվարին։ 1921 թվականին զույգը դարձել է Ավստրալիայի Կոմունիստական կուսակցության հիմնադիրներից և գործադիր կոմիտեի անդամ։ Այնուամենայնիվ, 1923 թվականին նրանք դուրս են եկել կուսակցությունից և սկսել համակրել աջակողմյան հայացքներին[3][4]։ 1927 թվականին Ադելան հիմնադրել է «Ավստրալիայի կանանց կայսրության գիլդիա» (անգլ.՝ Australian Women's Guild of Empire) հակակոմունիստական կազմակերպությունը։ Նա հանդես է եկել հակաբեղմնավորիչ միջոցներին, աբորտի և մանկապարտեզների դեմ[5]։ 1930-ականներին մասնակցել է Australia First Movement ֆաշիստական և հակասեմական շարժման ստեղծմանը, որը հանդես է եկել նացիստական Գերմանիայի և Ճապոնիայի հետ դաշինքի օգտին։ 1942 թվականի մարտին Ադելան ձերբակալվել է իր քաղաքական գործունեության համար և մի քանի ամիս անցկացրել բանտում[5]։ Թոմը մահացել է 1943 թվականին։

Ադելա Պանկյորսթը կյանքից հեռացել է 1961 թվականին։ Մահվանից առաջ նա ընդունել է կաթոլիկություն[4]։ Նա ավելի քիչ է հայտնի եղել, քան մայրն ու քույրերը[4][5]։ Ադելայի անունն ու լուսանկարը, կանանց ընտրական իրավունքների համար պայքարող 58 այլ մարտիկների հետ միասին, անմահացվել է 2018 թվականին Լոնդոնում տեղադրված Միլիսենտ Ֆոսեթի արձանի պատվանդանին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Adela Pankhurst(անգլ.) // Spartacus Educational.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Sparrow, Jeff (2015 թ․ դեկտեմբերի 24). «'Wayward suffragette' Adela Pankhurst and her remarkable Australian Life». The Guardian (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Adela Pankhurst: the forgotten sister who doesn’t fit neatly into suffragette history(անգլ.) // The Conversation.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելա Փանքհերսթ» հոդվածին։