Հաճախել է (1804-ից) Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, որտեղ և դասավանդել է 1825–28-ին․ պրոֆեսոր (1842-ից), պատվավոր անդամ (1809-ից), վիցեպրեզիդենտ (1828–59) և պրեզիդենտի ընկեր (տեղակալ, 1859–68)։ Տոլստոյի նրբագեղ, անտիկ արվեստի բանաստեղծականությամբ տոգորված աշխատանքներում կլասիցիզմի սկզբունքները դրսևորվել են նոր, ռոմանտիկական մեկնաբանությամբ (Հոմերոսի «Ոդիսականի» տեսարաններով հարթաքանդակներ, մոմ, 1810, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Տոլստոյի առավել նշանակալից աշխատանքը 1812-ի հայրենական պատերազմին և ռուս բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանքներին նվիրված 21 մեդալիոնն է (մոմ, 1814–36, Ռուսական թանգարան, Սանկտ-Պետերբուրգ, գիպս, Տրետյակովյան պատկերասրահ և այլուր)։ Պատկերազարդել է Ի․ Ֆ․ Բոգդանովիչի «Դուշենկա»-ն (1820– 1833, Տրետյակովյան պատկերասրահ, հրտ․ 1850), ստեղծել «ինտերիերների գեղանկարներ» ժանրի նկարներ, նատյուրմորտներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 46)։