Jump to content

Ֆայետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբենս. Ֆայետոնի անկումը, 1604-1605 թթ.

Ֆայետոն կամ Ֆայտոն (հուն․՝ Φαέθων, «փայլող»), հին հունական առասպելաբանության մեջ Արևի աստված Հելիոսի և Օվկիանոսի դուստր Կլիմենեի կամ Մերոպայի որդին։ Ըստ առասպելի հորից թույլտվություն է ստացել վարելու նրա կառքը, բայց չի կարողացել պահել ձիերի սանձը։ Ձիերը, դուրս գալով իրենց ճանապարհից, այրել են երկնքի մի շերտը, մինչև որ Զևսը, համաշխարհային հրդեհը կանխելու համար, միջամտել է՝ շանթահարելով անզգույշ կառապանին և նետելով նրան Երիդանում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Զևսի որդի Էպափոսը, ծաղրում է Փաետոնին և ասում, որ չի հավատում, որ Փաետոնը կարող է արևի աստված Հելիոսի որդին լինել և կարծում է, որ Փաետոնը մահկանացուի զավակ է։ Զայրանում է Փաետոնը լսելով այդ ամենը, փախչում իր մոր մոտ և լացելով ասում, որ իրեն Էպափոսը այդպիսի բան է ասել։ Սակայն մայրը, ձեռքերը պարզելով դեպի արևը, ասում է, որ երդվում է Հելիոսով, որին այդ ժամանակ Փաետոնը նայում էր, նա քո հայրն է։ Նա տղային խնդրում է անձամբ գնալ և հարցնել Հելիոսին, որպեսզի նա ինքը հաստատի այդ ամենը։ Հեփեստոսի զարմանահրաշ քանդակներով զարդարված պալատը այնքան էլ հեռու չէր և, դեռ հեռվից երևում էր արծաթազօծ, ոսկեգույն քարերից շողշողացող պալատի դարպասները։ Փաետոնը ճանապարհվում է հոր մոտ։

Գահին բազմած էր ճաճանչափայլ Հելիոսը, նրանից հորդում էր այնպիսի մի փայլ, որ Փաետոնը չկարողացավ մոտենալ։ Արևի աստծուն հետաքրքրեց Փաետոնի այցելության նպատակը։ Փաետոնը առանց վարանելու հայր է կոչում արևի աստծուն և խնդրում մի նշան տալ, եթե իր հայրն է։ Հելիոսը մոտ է կաչում երիտասարդին և գրկում նրան։ Նա հաստատում է Կլիմեմեի ասածները, և երդվում Ստիքս գետի սրբազան ջրերով ի նշան ճշմարտության կատարել Փաետոնի ցանկությունը։ Փաետոնը խնդրում է Հելիոսին թույլատրել իր փոխարեն երկանվով ընթանալ երկնակամարով։ Հելիոսի աչքերը տագնապով են լցվում, նա ափսոսում է իր երդման համար։ Սակայն փորձում է բացատրել Փաետոնին, դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես ինքն է պատկերացնում։ Անմահ աստվածներն, անգամ շանթարձակ Զևսը չեն կաորղանում դիմանալ իր երկանվի մեջ։ Ճանապարհները շատ վտանգավոր են, ուղին անցնում է վայրի գազանների միջով, նա կհանդիպի հրեշավոր կենդանիների և կանցնի բազում դժվարությունների միջով։ Նա չէր ցանկանում տղային կործանման տանել, փորձում էր բացատրել իր հայրական սիրո մասին այլ եղանակով։ Սակայն Փաետոնը կարծես խլացել էր և ոչինչ չէր լսում պահանջելով միայն իր խնդրանքը կատարել։ Հելիոսին ոչինչ այլևս չկար անելու, չէ որ երդվել էր։ Նա տղային ուղեկցեց երկանվի մոտ։ Փաետոնը երազի մեջ էր, հիացած ոսկեգույն երկանվով։ Լծում են նեկտարով և ամբրոսիայով սնված նժույգներին և ամեն ինչ պատրաստ էր։ Հայրը ցավագին հառաչանք հանելով սրբազան յուղով օծում էր տղայի դեմքը, գլխին դնում ոսկե պսակը և խրատում։ Նա փորձում էր տղային հասկացնել նժուգներին ճիշտ վարելու ձևերը, չէ որ նրանք շատ արագ էին սլանում, ցույց էր տալիս ճիշտ ճանապարհը, որպեսզի նա չշեղվի Օձի և Զոհասեղանի միջև։ Բայց քանի որ այլևս ժամանակ չկար ճամապարհեց որդուն։

Փաետոնը հրճվանքի և ուրախությամ մեջ էր, նա չէր նկատում ոչ մի դժվարություն։ Նա ձեռքն էր առել սանձերը, իսկ ձիերը դոփում էին և աներկյուղ սլանում երկնքով։ Փաետոնը չգիտեր ճանապարհը և չէր էլ գիտակցում, որ արդեն շեղվել է ճանապարհից ու այլ ուղղությամբ է սլանում։ Նա չէր կարողանում կառավարել ձիերին, ծնկները վախից դողում էին, արդեն զղջում էր իր խնդրանքի համար։ Նրա շուրջը բոլորը սարսափազդու կենդանիներ էին, իսկ ձիերը մոտենում էին հենց նրանց։ Փաետոնը վախից բաց էր թողել սանձը և ամեն ինչ անկառավարելի էր դարձել։

Լուսնի աստվածուհի Սելենեն, ով Հելիոսի քույրն էր վշտահար հայացքով հետևում էր թե ինչպես է եղբոր երկանիվը ավերում, կրակի մատնում ողջ երկիրը, ինչպես են հրկիզվում շեն քաղաքներ և կանաչապատ լեռներ՝ Պելիոնը, Կովկասի լեռները, Հելիկոնը և այլք։ Եռում էին Եփրատն ու Էվրոտասը։ Տոթից չորացել էին ծովային աստվածությունները, իսկ Փաետոնը անգամ չի հասկանում թե ուր է գնում։ Այդ ժամանակ Գեա-Երկիր աստվածուհին խնդրում է ամենակարող Զևսին դադարեցնել այս ամենը, թե չէ ամեն ինչ կխառնվի իրար և կրկին քաոս կտիրի ամենուր։

Զևսը լսելով աստվածուհուն մարեց կրակը, ջարդուփշուր արեց երկանիվը, որի կտորները ցիրուցան եղան երկրի տարբեր կողմերում, իսկ Փաետոնի այրվող դին ընկավ Էրիդիանոս գետի ալիքների մեջ։ Էրիդիանոսի հավերժահարսերը գտան նրա դին և հանձնեցին հողին։

Այդ ընթացքում երկիրը լուսավորվում էր միայն հրդեհի միջոցով, քանի որ Հելիոսը ծածկել էր դեմքը և հեռացել։ Տարաբախտ մայրը՝ Կլիմենեն երկար փնտրտուքներից հետո գտավ տղայի գերեզմանը և ողբաց նրա մահը։ Իսկ Փաետոնի քույրերը այնքան սգացին եղբոր մահը, որ դարձան սգացող բարդիներ։ Այդ օրվանից Էրիդանոսի ափերին շարված են բարդի-հելիադները, իսկ երբ նրանց արցունքախեժը կաթում է գետի սառնորակ ջրերի մեջ թափանցիկ հակինթ է դառնում։ Էրիդանոսի ափերով տարածված ողբը անտարբեր չթողեց նաև Փաետոնի ընկերոջը՝ Կիկնոսին։ Նրան աստվածները սպիտակ կարապ դարձրին։ Այդ ժամանակից ի վեր կիկնոս-կարապը ապրում է ջրերում և հեռու է մնում ընկերոջը այրած կրակից։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն. Ա. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները - 1989 թ.