Օրացույցի, ժամանակի և չափման միավորների փոփոխություն
Օրացույցի, ժամանակի և չափման միավորների փոփոխություն, քեմալական բարեփոխում, որով 1925-1935 թվականների ընթացքում օրենսդրական բարեփոխումների արդյունքում Թուրքիայի Հանրապետությունում կիրառվող օրացույցը, ժամանակի և թվերի համակարգը, քաշի և ծանրության չափման միավորները, ինչպես նաև հանգստյան և տոն օրերը փոփոխության են ենթարկվել՝ համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին։
Ժամանակի համակարգի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականի դեկտեմբերի 26-ին Թուրքիայի ժամանակի համակարգը փոփոխության է ենթարկվել մեջլիսում «Օրվա 24 ժամի վերաբերյալ օրենքի» քննարկումից և ընդունումից հետո։ 1926 թվականի հունվարի 2-ին թիվ 697 օրենքը հրատարակվել է Պաշտոնական թերթում (Resmi Gazete) և ուժի մեջ մտել։ Օրենքի առաջին հոդվածում ասվում է, որ «Թուրքիայի Հանրապետությունում օրը գիշերվա կեսին է սկսվում, և ժամերը հաշվվում են զրոյից մինչև 24»։ Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ստեղծվել է ազգային համակարգը՝ հիմնվելով Իզմիթով անցնող 30-րդ միջօրեականի վրա։
Նախկինում երկրում գործածվում էր «ալաթուրքայի ժամացույցի» համակարգը, որով արևամուտի ժամը ընդունվում էր 12։00-ն։ Տարբերություն կար այն ժամերի միջև, երբ արևը հասնում էր գագաթնակետին և ամբողջությամբ մայր էր մտնում։ Կար նաև մեկ այլ համակարգ, ըստ որի երբ արևը գտնվում էր զենիթում, ժամը 12։00 էր։ Սակայն այս համակարգերից և ոչ մեկը չէր համարվում միջազգային։ 1909 թվականին օսմանյան մեջլիսում երկար բանավեճերից հետո չեն համաձայնվել ընդունել ժամանակակից ժամային համակարգը[1]։
Նոր ժամային համակարգը ընդունելուց հետո ժողովուրդը որոշակի դժվարություն է ունեցել «ալաֆրանկա ժամային» համակարգը օգտագործելիս։ Նոր համակարգին հարմարվելու դժվարությունը նվազել է, երբ նահանգներում էզանի ժամերի հայտարարման և ժամապահների անհրաժեշտությունը վերացել է, և պաշտոնական հիմնարկներում սկսել են որպես հիմք ընդունել նոր համակարգը[2]։
Օրացույցային համակարգի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականի դեկտեմբերի 26-ին թիվ 698 օրենքով գրիգորյան օրացույցը Թուրքիայի Հանրապետությունում ընդունվել է որպես պաշտոնական օրացույց։ Երկրում 1926 թվականի հունվարի 1-ից կիրառվել է գրիգորյան օրացույցը։
Օսմանյան կայսրությունում մինչև Թանզիմաթի ժամանակաշրջանը կիրառվել է մուսուլմանական հիջրայի օրացույցը[3], Թանիզիմաթից հետո սկսել են միաժամանակ կիրառել իսլամական և «բյուզանդական» (Ռումի) օրացույցները, ավելի ուշ միայն վերջինս են օգտագործել։ Հանրապետության շրջանում գրիգորյան օրացույցի անցնելուց հետո կատարված վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 1945 թվականին թիվ 4696 օրենքով, ըստ որի՝ ամիսների օսմանյան անունները (Teşrinievvel, Teşrinisani, Kanunuevvel, Kanunusani) փոխարինվել են նոր անուններով (Ekim, Kasım, Aralık, Ocak):
Թվերի միջազգային համակարգի ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականի մայիսի 20-ին ընդունված թիվ 1288 օրենքով 1929 թվականի հունիսի 1-ից Թուրքիայում ընդունվել է թվերի միջազգային համակարգը։ Այսպիսով՝ արևելյան արաբական թվերի փոխարեն սկսել են կիրառել արաբական թվերը։ Թվային համակարգի փոփոխությունը օրակարգ է բերել նաև «տառերի փոփոխության» խնդիրը։
Ծանրության և երկարության միավորների փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականի մարտի 26-ին ընդունված թիվ 1782 օրենքով սկսել են կիրառվել տասնորդական համակարգին համապատասխան ծանրության և երկարության միավորները։ Մինչ այդ գործածվող արշինի, թևաչափի, էնզադեի փոխարեն սկսել է կիրառվել մետրական համակարգը, դիրհեմի, օկկայի նման ծանրության միավորների փոխարեն սկսել են կիրառել միլիգրամից մինչև տոննա չափման միավորները, ծավալի համար կիրառվող բուշելի, շինիքի, թասի փոխարեն լիտրերի համակարգն է կիրառվել, մակերևույթի չափման համար կիրառվող ակրի և չիֆթլիքի փոխարեն սկսել են գործածել քառակուսի մետրից մինչև քառակուսի կիլոմետր չափման միավորները։ Այս փոփոխության շնորհիվ երկրում ստեղծվել է չափման միավորների միասնական համակարգ, իսկ արտաքին առևտուրը հեշտացել է։
Այսօր թիվ 1782 օրենքի փոխարեն գործում է թիվ 3516 «Չափման միավորների և դրանց համապատասխանեցման մասին օրենքը»։
Ազգային տոների և հանգստյան օրերի կազմակերպում
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականի մայիսի 27-ին ընդունված օրենքով ոչ աշխատանքային օրեր են սահմանվել շաբաթը և կիրակին ուրբաթ օրվա փոխարեն։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 697 Sayılı “Günün 24 Saate Taksimine Dair Kanun” Adalet Bakanlığı web sitesi, Erişim tarihi: 10.08.2011 Արխիվացված 2012-09-25 Wayback Machine
- 698 Sayılı “Takvimde Tarih Mebdeinin Tebdili Hakkında Kanun”, Adalet Bakanlığı web sitesi, Erişim tarihi: 10.08.2011 Արխիվացված 2012-11-18 Wayback Machine
- 4696 sayılı “Bazı Ay Adlarının Değiştirilmesi Hakkında Kanun” Nüfus ve Vatandaşlık İlleri Genel Müdürlüğü, Erişim tarihi: 10.08.2011 Արխիվացված 2011-01-03 Wayback Machine
- 1288 Sayılı “Beynelmilel Erkamın Kabulü Hakkında Kanun”, Adalet Bakanlığı web sitesi, Erişim tarihi: 10.08.2011 Արխիվացված 2012-03-28 Wayback Machine
- 3516 sayılı “Ölçüler ve Ayar Kanunu”, Adalet Bakanlığı web sitesi, Erişim tarihi:10.08.2011 Արխիվացված 2011-12-01 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Atatürk Cumhuriyeti'nin Laiklik İlkesi, Atatürk Araştırma Merkezi Dergisi, Cilt 2, Sayı: 4, Kasım 1985». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Renkliweb.com sitesi "Saatte yapılan yenilikler ve Değişiklikler" maddesi, Erişim tarihi:10.08.2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Թուրքիայի Հանրապետության պատմություն. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. 2014. ISBN 9785808418912. OCLC 894200866.