Տնային տնտեսությունների ֆինանսներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տնային տնտեսությունն անձանց խումբ է, որոնք ապրում են համատեղ, որոնց միավորում է ունեցվածքը, եկամուտը և սպառումը: Տնային տնտեսությունները համարվում են ֆինանսական հարաբերությունների մասնակից։ Հարաբերություններն առաջանում են ինչպես տնային տնտեսությունների ներսում, այնպես էլ այլ սուբյեկտների հետ:
Տնային տնտեսությունների ֆինանսներ, դրամական միջոցների և ֆինանսական ակտիվների ստեղծման և օգտագործման հետ կապված հարաբերությունների համախմբություն, որոնք անհրաժեշտ են տնային տնտեսության անդամների կենսագործունեության համար։
Տնային տնտեսությունների ֆինանսների սոցիալ-տնտեսական էությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսագիտական տեսանկյունից տնային տնտեսություն հասկացության տակ հասկանում ենք անձանց խումբ, առավել հաճախ կապված ազգակցական կապերով (ընտանիք), որոնք համատեղ տնտեսական որոշումներ են կայացնում՝ սպառման և կուտակման համար անհրաժեշտ դրամական միջոցների ֆոնդերի համատեղ ձևավորման և համատեղ օգտագործման հիման վրա։ Տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ անձից, ով ինքնուրույն և անկախ ձևավորում է իր բյուջեն։ Տնային տնտեսությունը (հանձինս իր անդամ-ներկայացուցիչների) շուկայական հարաբերությունների համակարգում հանդես է գալիս որպես.
- ապրանքների և ծառայությունների գնորդ և սպառող
- արտադրության գործոնների (աշխատանք, կապիտալ) մատակարար
- ստացված եկամտի որոշ մասի խնայման միջոցով դրամական ֆոնդերի կուտակողներ
- տարբեր ֆինանսական միջնորդների և ինստիտուտների (բանկեր, ապահովագրական ընկերություններ, ներդրումային ֆոնդեր և այլն) համար վարկառու կամ փոխառու
- բյուջե ձևավորող հարկատու
Տնային տնտեսությանը բնորոշ ֆինանսական հարաբերությունները կարելի է բաժանել երկու տեսակի՝ ներքին և արտաքին։ Տնային տնտեսության ներքին ֆինանսական հարաբերություններ են հանդիսանում այն հարաբերությունները, որոնք ծագում են տնային տնտեսության մասնակիցների (անդամների) միջև այն դրամային միջոցների ֆոնդերի ձևավորման և բաշխման կապակցությամբ, որոնք ընդհանուր են տնային տնտեսության անդամների համար։ Արտաքին ֆինանսական հարաբերություններին են դասվում տնային տնտեսությունների հարաբերությունները.
- կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ, որոնք արտադրում են տնային տնտեսությունների անդամների կողմից սպառվող ապրանքներ և ծառայություններ
- պետության հետ՝ բյուջեի և արտաբյուջետային ֆոնդերի ձևավորման և օգտագործման մասով
- առևտրային բանկերի հետ՝ տարբեր հաշիվներում պահվող դրամական միջոցները նրանց ժամանակավոր օգտագործման տրամադրելու մասով, ինչպես նաև դրամական միջոցների փոխառության մասով (տնային տնտեսությունը որպես բանկի վարկառու կամ փոխառու)
- ապահովագրական ընկերությունների հետ՝ իրենց ռիսկերի ապահովագրության մասով
- այլ տնային տնտեսությունների հետ
- գործատուների հետ
Տնային տնտեսությունների ֆինանսներին բնորոշ են ֆինանսների համար ընդհանուր գործառույթները.
- բաշխողական
- վերահսկողական
- կարգավորիչ
- ներդրումային
Տնային տնտեսությունների ֆինանսական որոշումները կայացվում են դրամային ֆոնդերի ձևավորման և օգտագործման կապակցությամբ։ Որոշակի աստիճանի պայմանականությամբ կարելի է ասել, որ տնային տնտեսությունը ունի իր հաշվեկշիռը, որում արտացոլվում են իր բոլոր ակտիվները՝ այսինքն իր ունեցվածքի արժեքը դրամական և ոչ դրամական տեսքով, և պասիվը՝ այսինքն այդ ակտիվների ձևավորման աղբյուները։ Տնային տնտեսությունների ակտիվների ձևավորման կարևոր աղբյուր են հանդիսանում ոչ միայն ընթացիկ ծախսերը, այլ նաև այն խնայողությունները, որոնք ստացվել են նախորդ սերունդներից ժառանգության տեսքով։
Տնային տնտեսությունների բյուջեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենից ներկայացնում է տնային տնտեսության փաստացի եկամուտների և ծախսերի հաշվեկշիռը որոշակի ժամանակահատվածի համար (ամիս, եռամսյակ, տարի)։
Տնային տնտեսությունների եկամուտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնային տնտեսությունների եկամուտները կարող են լինել և դրամական և ոչ դրամական (բնամթերային) տեսքով։ Վերջիններիս թվին են դասվում անձնական տնտեսությունում արտադրված սննդամթերքը, ինչպես նաև ձեռնարկություններում աշխատելու դիմաց ստացված բնամթերքը։ Զարգացած շուկայական տնտեսություններում եկամուտների դրամական ձևը բնականորեն գերակայում է։ Տնային տնտեսությունների դրամական եկամուտները ստորաբաժանվում են ըստ ստացման հետևյալ աղբյուրների.
- Աշխատավարձ
- Թոշակ, նպաստ, կրթաթոշակ և այլ սոցիալական վճարներ
- Եկամուտ ձեռնարկատիրական գործունեությունից
- Անշարժ գույքից և ֆինանսական շուկաներում դրամական միջոցների շրջանառությունից եկամուտներ
Տնային տնտեսությունների ծախսերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնային տնտեսությունների ծախսերի դասակարգման տարբեր մոտեցումներ կան։ Ժամկետների տեսանկյունից տարբերակում են.
- Կարճաժամկետ ծախսեր, սրանք այն ծախսերն են, որոնք նախատեսված են կարճ ժամանակահատվածի համար (մինչև 1-2 ամիս)։ Օրինակ սննդի, տրանսպորտի ծախսերը։ Կարճաժամկետ ծախսերը կրկնվում են ամենաշատ հաճախականությամբ։
- Միջին ժամկետային ծախսեր, սրանք այն ծախսերն են, որոնք նախատեսված են միջին ժամկետի համար (մի քանի ամսից մինչև տարի, երբեմն նաև տարուց ավել)։
Օրինակ հագուստի, կոշիկի ծախսերը։
- Երկարաժամկետ ծախսեր, սրանք այն ծախսերն են, որոնք նախատեսված են, որպես կանոն, մի քանի տարվա համար։ Օրինակ երկարատև օգտագործման առարկաների ձեռքբերումը՝ բնակարան, ավտոմեքենա, կահույք և այլն։
Ֆունկցիոնալ նշանակության տեսանկյունից ծախսերը կարող են բաժանվել հետևյալ հիմնական խմբերի.
- Անձնական սպառողական ծախսեր՝ ապրանքների գնում, ծառայությունների դիմաց վճարներ
- Հարկեր և այլ պարտադիր վճարներ
- Դրամական խնայողություններ
Գոյություն ունի ևս մեկ մոտեցում, համաձայն որի ծախսերը ստորաբաժանվում են սպառման և կուտակման հետ կապված տեսակների։
Սպառման ծախսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպառման ծախսերին կարող են դասվել այսպես կոչված "պարտադիր ծախսերը", այսինքն նրանք, առանց որոնց չի կարող նորմալ գոյատևել տնային տնտեսությունը։ Դրանցից են.
- Հարկեր և ֆիզիկական անձանցից գանձվող այլ պարտադիր գումարներ
- եկամտային հարկ
- գույքահարկ
- հողի հարկ
- ժառանգություն կամ նվիրատվություն ստացված գույքի հարկ
- տրանսպորտային միջոցների սեփականատերերից գանձվող հարկեր
- այլ հարկեր
- պետական տուրքեր
- բնակելի տարածքների մաքրության պահպանման և աղբահանության վճարումներ
- նպատակային տեղական այլ տուրքեր
- համատիրության վճարումներ
- Կոմունալ և այլ ամսական վճարումներ
- կոմունալ ծառայությունների վճարներ
- էլեկտրաէներգիայի վճար
- սառը ջրի վճար
- տաք ջրի վճար
- ջեռուցման վճար
- ջրմուղ-կոյուղու սպասարկման վճար
- գազի օգտագործման վճար
- աղբահանության վճար
- կաբելային հեռուստատեսության վճար
- Ինտերնետային ծառայությունների վճար
- այլ վճարներ
- Սպառման ընթացիկ ծախսեր
- սննդի և խմիչքի վրա կատարված ծախսեր
- հագուստի և կոշիկի ծախսեր
- տնային աշխատողների, դայակների և այլ վարձու աշխատողների վրա կատարվող ծախսեր
- վարսահարդարման ծախսեր
- ատամնաբուժական ծախսեր
- բժշկական ծախսեր
- քիմմաքրման ծառայությունների ծախսեր
- ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն
- այլ անձնական ապահովագրության տեսակներ
- հանգստի, ճամփորդության, տուրիզմի հետ կապված ծախսեր
- այլ ընթացիկ ծախսեր
- Կապիտալ ծախսեր, որոնք կապված են տնային տնտեսության ապագա եկամուտների ավելացման նպատակով դրամական միջոցների ներդրումների հետ
- կրթության հետ կապված ծախսեր
- սեփական գործի սկսման, ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծախսեր
Խնայողության հետ կապված ծախսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամական խնայողությունների և ավանդների նշանակությունը շատ մեծ է ոչ միայն տնային տնտեսության համար, այլ դա նաև տնտեսության զարգացման շատ կարևոր ռեսուրս է։ Դրամական խնայողությունները կարող են տարբեր նպատակ ունենալ.
- "սև օրվա" համար ապահովության ռեզերվի ստեղծում
- երկարատև օգտագործման իրերի ձեռք բերման համար գումարների խնայում (ավտոմեքենա, բնակարան և այլն)
- կյանքի երկարաժամկետ կուտակային ապահովագրություն
- տարբեր ֆինանսական ակտիվներում ներդրում կատարելու համար դրամական ֆոնդերի ստեղծում՝ բաժնետոմսերի, պարտատոմսերի, ներդրումային ֆոնդերի փայերի ձեռքբերում կամ բանկային ավանդի ներդրում
- դրամական միջոցների ներդրում թանկարժեք մետաղների, անշարժ գույքի, արտարժույթի և այլ ակտիվների մեջ
Տարբերակում են խնայողությունների երկու ձև՝ կազմակերպված և ոչ կազմակերպված։ Շուկայական հարաբերությունների զարգացմանը, բնակչությանը մատուցվող ֆինանսական ծառայությունների ծավալի ավելացմանը զուգընթաց կազմակերպված խնայողությունների մասնաբաժինը աճում է։ Դրանով իսկ այս գործընթացն ապահովում է վարկային միջոցներով երկրի տնտեսությանը։