Տեսողական նյարդ,գլխուղեղային 2-րդ զույգ նյարդը, որով աչքի ցանցաթաղանթի զգացող բջիջների ընկալած տեսողական գրգիռները հաղորդվում են գլխուղեղ։ Սկսվում է ցանցաթաղանթի հանգուցային (գանգլիոզ) բջիջներից։ Աչքի զարկերակի հետ տեսողական նյարդը մտնում է գանգի խոռոչ, ուղեղի հիմքի մոտ գոյացնում տեսողական խաչվածքը (խիազմա), ընդ որում խաչվում են միայն ցանցաթաղանթի ներսային կեսերից եկող նյարդաթելերը։ Խաչվածքից հետո տեսողական նյարդը անվանվում է տեսողական տրակտ, որը վերջանում է արտաքին ծնկաձև մարմնում։ Վերջինից սկսվում է կենտրոնական տեսողական ուղին, որն ավարտվում է գլխուղեղի ծոծրակային բլթի կեղևային մասում։ Գլխուղեղում ախտաբանական պրոցեսների հետևանքով տեսողական նյարդի խաչվածքի, ուղու վնասումը կարող է հանգեցնել տեսողական դաշտի համապատասխան կեսի անկման(հեմիանոպսիա)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 655)։