Տարոնի պատերազմը (վեպ)
Տարոնի պատերազմը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Թվային տարբերակ | armenianhouse.org կայքում |
Տարոնի պատերազմ, հայ միջնադարյան ժողովրդական վեպ։ Պահպանվել է Հովհան Մամիկոնյանի, մասամբ և Սեբեոսի (որոնց կողմից էլ գրառվել-խմբագրվել է) պատմագրական երկերում։ Բաղկացած է բանահյուսական ծագում ունեցող բազմաթիվ վիպական զրույցներից, ավանդություններից, նաև երգերից՝ համախմբված Մամիկոնյան իշխաններ Մուշեղի, Գայլ Վահան Մամիկոնյանի, Սմբատի, Վահան Կամսարականի և Տիրանի անունների շուրջը, հոր և որդու հաջորդությամբ։ Վիպական այդ երկում V դարի նշանավոր գործիչներ Վարդան և Վահան Մամիկոնյանների՝ պարսիկների դեմ մղած ապստամբական կռիվների արձագանքներն են։ Տարոնի պատերազմ վիպական բաղադրությամբ ու հիմնական բովանդակույաբ առնչվում է «Պարսից պատերազմի» հետ։ Վերջինիս կարևոր բաղադրիչը կազմող Մուշեղի վեպը VII—VIII դարի տեղայնացել է Տարոնում, զարգացել նոր կողմերով ու գծերով, նույն հերոսի անունով հարակցվել Գայլ Վահանի և հաջորդների մասին հորինված զրույցներին, կորցրել իր համազգային բնույթը և դարձել տեղային վեպ՝ տեղական-ազգային շահագրգռություններով, որի բովանդակությունն է՝ կռիվ պարսիկների դեմ՝ հայերի պարտադիր հաղթանակով։ Պարսից Ւտսրով թագավորը տարբեր զորավարների միջոցով բազմիցս փորձում է հարկատու դարձնել, հպատակեցնել Տարոնը, ավերել նրա սրբավայր Սուրբ Կարապետ վանքը, սակայն Մամիկոնյանները ելնում են նրանց դեմ և իմաստությամբ ու խորամանկությամբ մոլորեցնում թշնամուն, Սուրբ Կարապետի զորությամբ հաղթում։ Տարոնի պատերազմում առաջնակարգ տեղ են բռնում ռազմական հնարամտության, թշնամուն մոլորեցնելու և պատժելու մոտիվները, ինչպես նաև բազմաթիվ մարտերի նկարագրությունները։ Տարոնի պատերազմի վիպական հիմնական կոնֆլիկտը հարկահանությունն է և դրա դեմ Տարոնի, Սասունի և կից գավառների ապստամբական կռիվները։ Նույն այդ կոնֆլիկտն է «Սասնա ծռեր» էպոսի հիմքում, այստեղ թշնամի պարսեկներին փոխարինում են արաբները։ Պատմատիպաբանական առումով Տարոնի պատերազմ «Պարսից պատերազմ»-ի և «Սասնա ծռեր»-ի միջև ընկած օղակ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 618)։ |