Jump to content

Տանզանիայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանզանիայի ազգային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Տանզանիա
ՏեղագրությունIlala District?
Հիմնադրվել է1934
ՀիմնադիրՏանգանիկա
ՏնօրենAudax Zephania Phillip Mabulla?
Քարտեզ
Քարտեզ

Տանզանիայի ազգային թանգարան, Տանզանիայի 5 թանգարանների միություն, որոնց նպատակն է ներկայացնել Տանզանիայի պատմությունն ու շրջակա միջավայրը։ Թանգարանների միությունը ձևավորվել է 1934 թվականին Ազգային թանգարան Դար էս-Սալամի հիմքի վրա, Տանգանյիկայի ղեկավար Հարոլդ ՄաքՄայքլի գլխավորությամբ։ Հետագայում թանգարանների այս ամբողջությանը միացան ևս 4 թանգարաններ՝ Դար էս-Սալամի գյուղական թանգարանը, Արուշա քաղաքում գտնվող Երկրագիտության ազգային թանգարանը և Անկախության հռչակման թանգարանը, Բութիամա քաղաքի Մվալիմու Ժուլիուս Կամբարագե Նյերերեի թանգարանը։

Դար էս-Սալամի ազգային թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դար էս-Սալամի ազգային թանգարանը գտնվում է Լալա թաղամասում, Կիվուկոնի բուսաբանական այգու կողքին։ Հիմնադրվել է 1934 թվականին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1940-ին[1]։ Սկզբնապես այն նվիրված է եղել Գեորգ V արքային, նրա սեփական մեքենաներից մեկը մինչև այժմ ցուցադրվում է թանգարանում։ Թանգարանն ընդլայնվեց 1963 թվականին, կցվեց ևս մեկ կառույց, այժմ այն ներկայացնում է Տանզանիայի պատմությունը։ Առավել արժեքավոր ցուցանմուշներից են մարդանման կապիկների ոսկորները, որոնք հայտնաբերել է հնագետ Լուիս Լիկին Օլդուվայի պեղումների ժամանակ։ Թանգարանն ունի նաև Կիլվա Կիսիվանի քաղաքի պատմությունը ներկայացնող մեծ ցուցասրահ։ Պատմական հարուստ ցուցանմուշներ են ներկայացված՝ կապված գերմանական և բրիտանական տիրապետության հետ[1]։ Թանգարանը հարուստ է նաև Տանզանիայի մշակույթին առնչվող էթնոգրաֆիկ հավաքածուով։

Գյուղական թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դար էս-Սալամի գյուղական թանգարանը հիմնադրվել է 1967 թվականին[2]։ Այն իրենից ներկայացնում է էթնոգրաֆիկ թանգարան բաց երկնքի տակ։ Ցուցադրվում են Տանզանիայի էթնիկ 16 խմբերի ավանդական խրճիթները, պարբերաբար կազմակերպվում են նաև ավանդական երգի և պարի փառատոներ[3]։

Ավանդական խրճիթ Դար էս-Սալամի գյուղական թանգարանում

Երկրագիտական ազգային թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագիտության ազգային թանգարանը բացվել է 1987 թվականին, գտնվում է Արուշա քաղաքում։ Թանգարանը ներառում է 2 մշտական ցուցասրահներ, որոնք համապատասխանաբար ներկայացնում են մարդկային էվոլյուցիան և միջատաբանությունը[3]։

Արուշայի անկախության հռչակման թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1977 թվականին, գտնվում է Արուշա քաղաքում։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է Տանզանիայի գաղութային շրջանից պատմական փաստաթղթեր, անկախության համար մղված պայքարը ներկայացնող ցուցանմուշներ։ Այստեղ է ցուցադրված նաև Արուշայի հռչակագիր, որով Տանզանիայի առաջին նախագահ Ժուլիուս Նյերերեն արձանագրեց իր կառավարման սկիզբը[3]։

Նյերերեի թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1999 թվականին, գտնվում է Բութիամա քաղաքում, որտեղ ծնվել և թաղված է Տանզանիայի առաջին նախագահ Ժուլիուս Նյերերեն։ Թանգարանում ներկայացված են Նյերերեի անձնական կյանքին և քաղաքական գործունեությանը առնչվող արժեքավոր նյութեր[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «13 Top-Rated Tourist Attractions in Dar es Salaam». www.planetware.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  2. jacob. «THE VILLAGE MUSEUM, DAR ES SALAAM» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին. {{cite web}}: Text "Tanzanian Affairs" ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «NMT - National Museum of Tanzania». web.archive.org. 2011 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանզանիայի ազգային թանգարան» հոդվածին։