1870 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1884 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են վիրահատական գինեկոլոգիայի հարցերին, մշակել է արգանդի, ձվարանների հեռացման, կանանց սեռական օրգանների արատների բուժման, հեշտոցի իջվածքի և արտանկման դեպքում սևեռման (ամրացման) մի շարք նոր մեթոդներ։ Ռուսաստանում առաջինն է գրել գինեկոլոգիայի հիմնարար ձեռնարկ («Արգանդային արյունահոսություններ», 1884 թվական), որին բժիշկներն անվանել են «գինեկոլոգիայի հանրագիտարան»։ Եղել է գինեկոլոգների կատարելագործման առաջին ինստիտուտի կազմակերպիչը (1896 թվական) և տնօրենը։ Սնեգիրյովի նախաձեռնությամբ գինեկոլոգիան դասավանդվել է որպես բժշկության ինքնուրույն առարկա։ Ռուսաստանի և արտասահմանյան երկրների մի շարք գիտական ընկերությունների պատվավոր և իսկական անդամ էր։ Սնեգիրյովի անունով է կոչվում Մոսկվայի I բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 481)։