Վարազդատ Տերոյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վարազդատ Տերոյան | |
---|---|
Ծնվել է | 1887 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1938 |
Մասնագիտություն | թարգմանիչ և փիլիսոփա |
Վարազդատ Մկրտչի Տերոյան (Դերոյան) (1887, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1938), գիտական-հասարակական գործիչ, փիլիսոփայության դասականների թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1887 թվականին՝ Վանի Այգեստան թաղամասում։ Նա հայ ազգային-ազատագրական շարժման գործիչներ, ՀՅԴ անդամներ Վազգենի (Տիգրան) և Ժենյա (Զարուհի) Տերոյանների կրտսեր եղբայրն էր։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1905 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ուսանողական ցույցերին մասնակցելու պատճառով հեռացվել է ճեմարանից։ Վերադարձել է Վան, ուր դասավանդել է «Երամյան» և «Սանդխտյան» դպրոցներում։ Վանեցիները գումար են տրամադրում Վ. Տերոյանին՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ 1909 թվականին ընդունվել և 1912 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանի փլիսոփայության ֆակուլտետը։ Ուսանել է նաև Գերմանիայում, Ավստրիայում և Իտալիայում։ Սորբոնի համալսարանում Վ. Տերոյանի ավարտական թեզն էր “La biologie d’ Au Comte” («Օ. Կոնտի կենսաբանությունը»), իսկ Բեռլինում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան ստանալու համար պատրաստել էր “Die Soziologischen Grundlagen der Erkenntnis” («Իմացության սոցիոլոգիական հիմունքները») թեզը։ Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն չի տալիս պաշտպանել դոկտորական թեզը։ 1914 թ. ամռան վերջին Վ. Տերոյանը վերադառնում է Վան, որտեղ դասավանդում է Կեդրոնական վարժարանում։ Մասնակցել է 1915 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Վանի Այգեստան թաղամասի ինքնապաշտպանությանը։ Ընդգրկվել է Ա. Մանուկյանի գլխավորությամբ գործող Վանի նահանգապետարանում։ Վանի 1915 թվականի հուլիսյան նահանջից հետո Վ. Տերոյանը Բաքվի «Հայոց մարդասիրական ընկերության հանուն Ս. Գրիգոր Լուսավորչի» հասարակական և բարեգործական կազմակերպության կողմից հրավիրվում է Բաքու՝ դասավանդելու քաղաքի հայկական թաղամասի հայ գաղթական երկսեռ դպրոցում։ Նույն ընկերության կողմից որպես պատգամավոր մասնակցել է 1916 թ. մայիսի 10-ից մինչև 13-ը Պետրոգրադում կայացած հայ փախստականներին օժանդակող կազմակերպությունների համագումարին։
1918 թվականին դասավանդել Թիֆլիսի «Գայանյան օրիորդաց դպրոցում», ապա մանկավարժական կոլեկտիվի կողմից ընտրվել է նույն հաստատության տնօրեն։
1919 թվականին հունվարի 9-ին Երևանում կայացած հայ գաղթականների ներկայացուցչական ժողովի կողմից Վ. Տերոյանը ընտրվում է Արևմտահայերի 2-րդ համագումարը նախապատրաստող կոմիտեի կազմում։ Նույն թվականի փետրվարի 6-ից մինչև 13-ը Երևանում տեղի է ունենում Արևմտահայերի 2-րդ համագումարում ընտրվում է գործադիր կոմիտեի նախագահ։ Այդ պաշտոնում փորձում է հարթել ՀՀ կառավարության և գեներալ Անդրանիկ Օզանյանի միջև ծագած տարաձայնությունները։
1919 թվականին Վ. Տերոյանը ծառայության է անցել Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեում (Ամերկոմ), ուր տնօրինել է ուսումնական հաստատությունները, որբանոցները և հիվանդանոցները։ Նա վիճակագրական տեղեկություններ է հավաքել Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններում, Թիֆլիսում և բաթումում ապատանած հայ գողթականներից։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Վ. Տերոյանը Հայաստանի Հեղկոմի կողմից նշանակվում է լիազոր Ամերկոմում։ 1922 թվականին Վ. Տերոյանին նշանակում են Ամերկոմի ուսումնական մասի վարիչ, ապա՝ ուսումնական հաստատությունների վերատեսուչ, որտեղ նա աշխատում է մինչև կազմակերպության լուծարումը։ 1930-1931 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գրապալատում՝ որպես միջազգային գրքափոխանակման բաժնի վարիչ։ 1931 թվականի հունիսի 31-ին Վ. Տերոյանին՝ որպես «անբարեհույս տարր» ազատում են զբաղեցրած պաշտոնից։ Նա աշխատանքի է անցնում «Նոր ուղի» ամսագրի խմբագրությունում՝ որպես տեխնիկական քարտուղար։ Սակայն հինգ ամիս անց անհիմն ամբաստանությամբ ձերբակալվում է։
1933 թվականին բանտարկությունից ազատվելուց հետո աշխատել է Պետական հրատարակչությունում որպես սրբագրիչ և վարել է օտար լեզուների մասնավոր դասեր։
Վ. Տերոյանի գիտական ժառանգությունը բավականին հարուստ է, որոնցից հիշատակելի են. «Բերգսոնի էվոլուցիոն թեորիայի»-ի մասին, «Կանտի պրագմատիզմը», «Սոցիոլոգիայի տեղը փիլիսոփայության մեջ», «Սոցիալիզմ և սոցիալիզմ» և այլն։ Թարգմանել է փիլիսոփայության դասականներին. Ռենե Դեկարտի «Քննախոսություն մեթոդի մասին» (1968)։ Կանտ, Հիպպոլի Տեն և այլն։ Թարգմանել է նաև գեղարվեստական գրքեր. Անատոլ Ֆրանս՝ «Կարմիր շուշանը» (լույս է տեսել 1946 թ., հետմահու), Բլասկո Իբանյեզ՝ «Պիեր դը Լյուն», Հանրի Բարբյուս՝ «Կրակը» (լույս է տեսել 1935 թվականին) և այլն։
Խորհրդային իշխանության տարիներին Վ. Տերոյանը ձերբակալվել է չորս անգամ (1922, 1924, 1931 և 1935 թթ.) և ամեն անգամ անհեթեթ մեղադրանքներով։ Ըստ պաշտոնական տեղեկանքի Վ. Տերոյանը վախճանվել է 1938 թվականի փետրվարի 6-ին, 51 տարեկան հասակում, Մարիինսկում, ԽՍՀՄ-Նովոսիբիրսկի մարզի Օռլովո-Ռոզովսկյան բաժնի համակենտրոնացման ճամբարում։ ՀԽՍՀ Գերագույն դատարանի կողմից Վ. Տերոյանը հետմահու արդարացվել է 1956 թվականի փետրվարի 15-ին։ 2006 թվականին ԳԱԱ պատմության ինստիտուտը լույս է ընծայել Վ. Տերոյանի «Գիտական և հրապարակախոսական աշխատություններ» հատորը։ Գրքում ամփոփված են նրա գիտական և հրապարակախոսական աշխատություններն են՝ փիլիսոփայական տարբեր հասկացությունների, կատեգորիաների, հոդվածներ՝ գաղթականությանը, դպրոցներին, դասագրքերին և այլ կարևոր հարցերի վերաբերող։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրի Բարբյուս, Կրակը (վեպ), Երևան, «Պետրհատ», 1935, 408 էջ։
Հիպոլիտ Տեն, Գեղարվեստի փիլիսոփայությունը, Երևան, «Պետրհատ», 1936, 533 էջ։
Անատոլ Ֆրանս, Կարմիր շուշան, (վեպ), Երևան, «Հայպետհրատ», 1946, 324 էջ։
Ռընե Դեկարտ, Քննախոսության մեթոդի մասին, Երևան, «ՀՍՍՀ ԳԱ», 1968, 158 էջ։
Իմանուիլ Կանտ, Զուտ բանականության քննադատություն, Երևան, «Լուսակն», 2010, 951 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դատարկ տակառներ․ Մի հատված կուսակցությունների սոցիոլոգիայից - Վարազդատ Տերոյան
- Վարվառա Գրիգորյան, Հ. Բարբյուսի նամակը «Կրակի» հայ թարգմանչին.- «Գրական թերթ», 8 ապրիլի 1977։
- Վարազդատ Տերոյան «Գիտական և հրապարակախոսական աշխատություններ», http://www.ararat-center.org/index.php?p=42&l=arm
- Սահակյան Ռուբեն, Վ. Տերոյանի զեկույցները արևմտահայ գործադիր մարմնին, Պատմաբանասիրական հանդես, 2003, № 2, էջ 276-293
- Սահակյան Ռուբեն, Վարազդատ Տերոյան. Կյանքը և գործունեությունը (1887-1937), 2005, № 1, էջ 153-163, http://www.armarchives.am/UserFiles/File/01-05.pdf
- Գեղամ Բադալյան, Վարազդատ Տերոյանի վիճակագրական նյութերն Արևմտյան Հայաստանի բնակավայրերի վերաբերյալ, Բանբեր Հայաստանի արխիվների, 2005, N 1, էջ 212-220 http://www.armarchives.am/UserFiles/File/01-05.pdf
- Սահակյան Ռ. Օ., «Հայ փիլիսոփայական ընկերության» ստեղծման պատմությունից, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 2007, № 3, էջ 224-229
- Իմմանուել Կանտ. Զուտ բանականության քննադատություն. Գերմաներենից թարգմանեց առաջին և երկրորդ հրատարակությունների, ֆրանսերեն և ռուսերենի համեմատությամբ՝ Վարազդատ Տերոյանը. Թարգմանության խմբագիր Ցոլակ Արզաքանյան. Երևան, «Գիտություն» հրատ., 2010, 951 էջ