Jump to content

Վահան (զինատեսակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան (այլ կիրառումներ)
Վանի թագավորության արքա Սարդուրի Բ- ի բրոնզե վահանը

Վահան, կտրող, հարվածող կամ խոցող սառը զենքերից պաշտպանվելու հնագույն զինատեսակ է։ Մարտիկը կրել է սովորաբար ձախ ձեռքին (ներսի կողմից հարմարեցված կաշվե, փայտե կամ մետաղե հատուկ բռնակի միջոցով), իսկ աջ ձեռքով գործադրել հարձակողական զենքը։

Կլոր վահան

Տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում են տարբեր ձևերի (կլոր, ձվածիր, եռանկյուն, ուղղանկյուն, բազմանկյուն և այլն) ու չափսերի վահաններ։ Հնագույն վահանները պատրաստել են փայտից կամ հյուսել ծառի դալար ճյուղերից, դիմացկուն դարցնելու համար պատել են կաշվով, ավելի ուշ նաև մետաղյա թիթեղներով։ Մ.թ.ա. II հազարամյակում Միջագետքի երկրներում և Հայկական լեռնաշխարհում տարածում են գտել նաև բրոնզե վահաններ։ Ուրարտական զորաբանակում կաշեպատ ու թիթեղապատ վահաններից բացի օգտագործվել են բրոնզե շրջանաձև վահաններ։ Ուրարտական արքաների բրոնզե վահանները, որոնք ունեն 0,7 մ - 1 մ տրամագիծ, արտաքին կողմից դրվագված ենկենդանիների (առյուծ, ցուլ) բարցրաքանդակ պատկերներով, սեպաձև արձանագրություններով (հիմնականում կրողի անունը)։ Դրանք ներսի կողմից ունեն մեկ մեծ և երկու փոքր բռնակ, մեծը՝ բռնելու, փոքրերը՝ կաշեփոկերով բազկին ամրացնելու համար։

Հին Հունական, Հռոմեական և հայկական զորաբանակներում ծանրազեն հետևակայինները կրել են երկար (մարդահասակ) վահաններ, որոնք զորաճակատը հմտորեն պաշտպանել են թշնամուց (վահանափակ շղթաներ ստեղծելու մարտավարական եղանակով) և յուրայինների համար հարձակման կամ պաշտպանության հնարավորություն են ստեղծել։ Զենք ու զրահի կատարելագործման հետ վահանները փոքրացել են։ հրազենի գյուտից հետո գործածումից դուրս են մղվել։

Պաշտպանական սպառազինության տեսակներից է ասպարը, որը կռվողները կրում էին թևի վրա՝ հակառակորդի հարվածներից . նետերից պաշտպանվելու համար[1]։

Թափանցիկ վահանով զինված ոստիկան

Վահանը բացի պաշտպանական համարվել է զինվորի պատվի և հաղթանակի խորհրդանիշը։ Հնում զինվորները երդվել են վահանի վրա։ Վիրավոր կամ զոհված մարտիկին տարել են վահանի վրա։ Մարտի ժամանակ վահանի կորուստը համարվել է անպատվություն։ Ասպետի վահանին դիպչելը նշանակում էր մենամարտի հրավեր, մարտում զոհված ասպետի դին ծածկել են վահանով։ Այժմ շատ երկրների ոստիկաններ ցուցարարների դեմ դուրս գալուց օգտագործում են պոլիկարբոնատե կամ թիթեղյա վահաններ։

Վահանը զինանշաններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահանը զինանշաններում

Դասական կամ ավանդական վահաններ.

  1. հին ֆրանսիական
  2. արդի ֆրանսիական (եվրոպական)
  3. օվալաձև
  4. նախատեսված տիկնանց համար
  5. քառանկյուն
  6. իտալական
  7. շվեյցարական
  8. անգլիական
  9. գերմանական
  10. լեհական
  11. իսպանական

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վ. Աբրահամյան Միջնադարյան Հայաստանի զենքերի տեսակները 1950 թ. Երևան
  • С. А. Есаян Оружие и военное дело древней Армении 1966 г. Ереван
Ընթերցե՛ք «վահան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
  1. Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։