Օդապարուկ թռցնողը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդապարուկ թռցնողը
անգլ.՝ The Kite Runner
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԽալեդ Հոսսեյնի
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱֆղանստան
Հրատարակչություն«Riverhead Books»
Հրատարակվել է2003
ԹարգմանիչՄարիա Սադոյան
Հայերեն հրատ.2017
ՀաջորդՀազար չքնաղ արևներ

«Օդապարուկ թռցնողը» աֆղանական ծագում ունեցող ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնիի առաջին վեպն է։ Լույս է տեսել 2003 թվականին «Riverhead Books» հրատարակչության կողմից։

Վեպը պատմում է Աֆղանստանի Քաբուլ քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին, որը Ամիրի հոր ծառայի տղան էր։ Ամիրն ու Հասանը ծնված օրվանից անբաժան են եղել և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին են անցկացրել։ Այնուամենայնիվ, մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ գործադրվող դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստում է Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար։ Այդ դեպքերի հիշողությունները և խղճի խայթը շարունակում են հետապնդել նրան գրեթե երկու տասնամյակ։

Նախ տարածվելով գրական ակումբներում՝ «Օդապարուկ թռցնողը» դարձել է միջազգային բեսթսելլեր և գրեթե երկու տարի զբաղեցրել «New York Times»-ում բեսթսելլերների առաջին հորիզոնականը։ 2007 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, ստեղծվել են մի քանի թատերական ներկայացումներ և գրաֆիկական նովել։

Մտահղացումն ու հրատարակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին դեռ բժշկական ոլորտում աշխատող Խալեդ Հոսսեինին լուրերից տեղեկանում է, որ Թալիբանն Աֆղանստանում արգելել է օդապարուկ թռցնել։ Քանի որ մանկության տարիներին օդապարուկ թռցնելը նրա սիրելի զբաղմունքներից էր, Հոսեյնին որոշում է պատմվածք գրել Քաբուլում օդապարուկ թռցնող երկու տղաների մասին։ Հոսեյնին իր ստեղծագործությունն ուղարկում է «Esquire» և «The New Yorker» ամսագրերին և երկուսից էլ մերժում է ստանում։ Պատմվածքին կրկին վերադառնում է 2001 թվականի մարտին և իր ընկերոջ խորհրդով այն ընդարձակելով դարձնում է վեպ։ 2003 թվական մայիսի 29-ին վեպը հրատարակվում է «Riverhead Books» հրատարակչության կողմից։ Հոսեյնին մեկ տարով թողնում է իր՝ բժշկի աշխատանքը՝ գրքի գովազդով զբաղվելու և դրա հետ կապված տարբեր միջոցառումների մասնակցելու համար։

«Օդապարուկ թռցնողը» թարգմանվել է 42 լեզուներով՝ հրատարակվելով 38 երկրներում։

Վեպի հաջողությունը Խալեդ Հոսեյնիին վերջապես հնարավորություն է տալիս ամբողջությամբ նվիրվելու իր ամենասիրելի զբաղմունքին՝ գրելուն։ Եվս մեկուկես տարի բժշկությամբ զբաղվելուց հետո նա լքում է այդ ասպարեզը։ Հեղինակը իր որոշումը բացատրել է հետևյալ խոսքերով. «Բժշկությունն իմ պարտադրված ամուսնությունն էր, իսկ գրելը՝ սիրուհիս»։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիրը՝ մի ունևոր փաշտունի տղա, և Հասանը՝ Ամիրի հոր ծառայի՝ հազարա Ալիի որդին, իրենց օրերն անցկացնում են օդապարուկ թռցնելով դեռևս խաղաղ Քաբուլ քաղաքում։ Ըստ Ամիրի՝ Հասանը լավագույն օդապարուկ թռցնողն է և նույնիսկ օդապարուկին չնայելով կարող է ճշգրիտ կռահել, թե այն որտեղ կընկնի։ Ամիրի մեծահարուստ առևտրական հայրը, չնայած որ սիրում էր տղաներից երկուսին էլ, Ամիրի հանդեպ ավելի բծախնդիր է և հաճախ է քննադատում նրան թույլ ու վախկոտ լինելու համար։ Ամիրի հանդեպ ավելի սիրալիր հայրական խնամք է ցուցաբերում Բաբայի մտերիմ ընկերը՝ Ռահիմ Խանը, որը նկատում է գրելու հանդեպ նրա սերը և խրախուսում է նրան։ Ալին նրանց տանը և Բաբայի կյանքում առանձնահատուկ տեղ ուներ. թերևս դա նրանց գաղտնիքն էր, որ անխզելիորեն կապել էր նրանց։

Նրանցից մի քանի տարով մեծ Ասեֆ անունով մի վայրագ տղա շարունակ ծաղրում է Ամիրին հազարայի հետ ընկերություն անելու համար՝ հազարաներին ստորադաս համարելով փաշտուններից։ Մի օր, երբ նա պատրաստվում է հարվածել Ամիրին, Հասանը պաշտպանում է նրան՝ սպառնալով կրակել պարսատիկով։ Ասեֆը երդվում է վրեժ լուծել նրանից։

Քաբուլում օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթներից մեկում Ամիրին հաջողվում է հաղթել և վերջապես արժանանալ Բաբայի հավանությանը։ Մրցանակի՝ օդապարուկի հետևից վազում է Հասանը՝ «Քեզ համար՝ թեկուզ հազար անգամ» ասելով։ Օդապարուկի ընկած վայրում հանդիպում է Ասեֆին, որը նույնպես մասնակցում էր մրցույթին և փորձում էր խլել օդապարուկը։ Հասանը հրաժարվում է օդապարուկը նրան տալուց, ինչի համար անգթորեն «պատժվում է»։ Ամիրը ականատես է լինում այդ ամենին, սակայն վախենալով չի միջամտում։ Իմանալով, որ օդապարուկը տուն չտանելու դեպքում կկորցնի Բաբայի հավանությունը՝ նա տուն է վերադառնում իր «մրցանակով» և Բաբային ոչինչ չի պատմում կատարվածի մասին։ Սակայն մշտապես տանջող մեղավորության զգացումը նրան դրդում է խուսափել Հասանից։ Ի վերջո նա եզրակացնում է, որ կյանքը շատ ավելի հեշտ կլիներ առանց Հասանի մշտական ներկայության։ Նա որոշակի գումար և մի ժամացույց է թաքցնում վերջինիս ներքնակի տակ՝ այն հույսով, որ Բաբան դա գողություն կհամարի և դուրս կհանի Հասանին ու նրա հորը իրենց տնից։ Երբ Բաբան հայտնաբերում է «գողացված» իրերը, կանչում է իր սիրելի ծառաներին՝ այդ հարցը պարզաբանելու համար։ Հասանը, ամեն բան հասկանալով, միևնույնն է, իր վրա է վերցնում հանցանքը։ Ի զարմանս Ամիրի՝ Բաբան, որը նրան բազում անգամներ ասել էր, որ չկա ավելի սոսկալի արարք, քան գողությունը, ներում է Հասանին։ Բաբայի այդ անհասկանալի արարքի դրդապատճառը Ամիրը դեռ կբացահայտի։

Հասանն ու Ալին այնուամենայնիվ հեռանում են, ինչը խորապես վշտացնում է Բաբային։ Չնայած որ նրանց հեռանալու հետ Ամիրը ազատվում է իր վախկոտության և դավաճանության մշտական հիշողություններից, բայց նա շարունակում է ապրել դրանցով, մինչև կյանքը նրան երկրորդ հնարավորությունն է տալիս՝ սեփական վախերը մի կողմ դնելով ուղղելու անցյալի սխալը։

Վեպի խորքում ընկած է Ռահիմ Խանի այն միտքը, որ չնայած մարդու կատարած անջնջելի և աններելի հանցանքներին՝ մշտապես «կրկին լավը դառնալու հնարավորություն կա»։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամիրը վեպի պատմողն ու գլխավոր հերոսն է։ Ծնվել է ունևոր փաշտունի ընտանիքում։ Վաղ հասակից սիրում է պատմություններ հորինել և պատմել դրանք։
  • Հասանը Ամիրի լավագույն ընկերն է ու նրա հոր ծառայի տղան։ Նա հավատարիմ է Ամիրին և նրա ընտանիքին, պաշտպանում է ընկերոջը վտանգի ժամանակ և միշտ պատրաստ է լսելու ու քաջալերելու նրան։ Գերագույն հաճույք էր ստանում Ամիրի պատմությունները լսելուց, չնայած կարդալ չգիտի։
  • Ասեֆը՝ փաշտունի և գերմանացու որդի, ինքն իրեն համարում է փաշտուն և վերևից է նայում հազարաներին, որոնց նա ստորադաս է համարում փաշտուններից։ Պատանեկան տարիներն անցկացնում է ուրիշներին ճնշելով և ֆիզիկական բռնության ենթարկելով։
  • Բաբան Ամիրի հայրն է, մեծահարուստ և բոլորի կողմից հարգված գործարար։ Օգնում է իր համայնքին՝ աշխատատեղեր ստեղծելով և նոր որբանոց կառուցելով։ Թերահավատորեն է վերաբերվում կրոնականությանը, յուրաքանչյուր որոշում կայացնում է բարոյական իր արժեքների հիման վրա։
  • Ալին Բաբայի ծառան է և Հասանի հայրը։ Ամբողջ կյանքում հավատարմորեն ու ջանասիրաբար ծառայել է Բաբայի ընտանիքին։ Հաճախ ենթարկվում է երեխաների ծաղրին՝ հազարա լինելու և պոլիոմիելիտ հիվանդության պատճառով կաղալու համար։
  • Ռահիմ Խանը Բաբայի հավատարիմ ընկերն ու գործընկերն է և միակ մարդը, որը գիտի Բաբայի բոլոր գաղտնիքները։ Նա Ամիրի հանդեպ հայրական սեր ու խնամք է ցուցաբերում՝ լրացնելով Բաբայի սառնությունից և անտարբերությունից առաջացած Ամիրի ուշադրության ու ջերմության կարիքը։ Նկատելով Ամիրի՝ գրելու հանդեպ սերը, խրախուսում է նրան գրող դառնալ։
  • Սորայան երիտասարդ աֆղան աղջիկ է, որին Ամիրը սիրահարվում է և ի վերջո ամուսնանում նրա հետ։ Սորայան աֆղան գեներալ Թահերիի դուստրն է։ Ցանկանում է դառնալ անգլերենի ուսուցչուհի։
  • Սոհրաբը Հասանի որդին է, որը և՛ արտաքնապես, և՛ բնավորությամբ շատ նման էր իր հորը։

Գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օդապարուկ թռցնողը» լայն ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում և արժանացել բազում մրցանակների, այդ թվում՝ «Կյանքի գրականությունը», «Ալեքս» և հարավաֆրիկյան «Բոեկե»[1]։ Վեպը «Սան Ֆրանցիսկոյի ժամանակագրություն» և «Entertainment Weekly» թերթերում 2003 թվականին ճանաչվել է տարվա լավագույն գիրք[1]։

«Wired Magazine» ամսագրի հոդվածագիր Թոնի Սիմսը գրել է, որ գիրքը «ներկայացնում է մի տառապած ազգի գեղեցկությունն ու ցավը՝ պատմելով հասարակության հակառակ բևեռներին պատկանող երկու տղաների անհավանական ընկերության և հոր ու որդու միջև խնդրահարույց, բայց հարատևող հարաբերության մասին»։

«The Guardian» թերթի լրագրող Ամելիա Հիլի կարծիքով վեպը «միաժամանակ և՛ ողբերգական է, և՛ ոգեշնչող»։

ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպան Սայիդ Թայեբ Ջավադը իր հավանությունն է տվել գրքին՝ ասելով, որ այն կօգնի ամերիկացիներին պատկերացում կազմելու աֆղանական մշակույթի  ու հասարակական կյանքի մասին։

Աֆղան հասարակության մեջ եղել են նաև քննադատական կարծիքներ. ոմանք վիրավորվել են Հոսեյնիի՝ փաշտուններին որպես ճնշողներ, իսկ հազարաներին՝ ճնշվածներ ներկայացնելուց։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Հոսեյնին այդ քննադատություններին արձագանքել է՝ ասելով. «Նրանք երբեք չեն ասում, որ ես ճշմարտությանը հակառակ բաներ եմ ներկայացնում. նրանց միակ գանգատն է. «Ինչո՞ւ ես խոսում այդ բաների մասին և մեզ խայտառակում։ Դու չե՞ս սիրում քո երկիրը»»։

«Օդապարուկ թռցնողը»՝ հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հայ ընթերցողին է ներկայացրել «Զանգակ» հրատարակչու­­­­­­թյունը 2017 թվականին[2]։ Հայերեն թարգմանության հեղինակն է Մարիա Սադոյանը։

«Օդապարուկ թռցնողը» Խալեդ Հոսեյնիի՝ հայերեն թարգմանված երկրորդ վեպն է։ 2016 թվականին «Զանգակ» հրատարակչությունը լույս էր ընծայել հեղինակի «Եվ արձագանքեցին լեռները» վեպը՝ Անուշ Սեդրակյանի թարգմանությամբ[3]։ 2020 թվականին լույս է տեսել Հոսեյնիի երկրորդ վեպի՝ "Հազար չքնաղ արևներ"-ի թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի թարգմանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Book Facts - Khaled Hosseini». khaledhosseini.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  2. Օդապարուկ թռցնողը, «Զանգակ» հրատարակչություն
  3. Եվ արձագանքեցին լեռները, «Զանգակ» հրատարակչություն