Մախիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մախիզմ, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի սուբյեկտիվ իդեալիստական ուղղություն՝ այսպես կոչված «երկրորդ պոզիտիվիզմ», որի հիմնական տեսական դրույթները մշակել են Էրնստ Մախը, Ռիխարդ Ավենարիուսը և նրանց աշակերտներն ու համախոհները (Ի. Պետցոլդ, Ֆ. Կարստանյեն, Ռ. Վիլի, Կարլ Պիրսոն)։ Մախը, իսկ այնուհետև մախիզմին հարած ֆիզիկոսները (Պիեռ Դյուհեմ, Վիլհելմ Օստվալդ, Անրի Պուանկարե) փորձում էին լուծել դասական ֆիզիկայի ճգնաժամի առնչությամբ ծագած իմացաբանական դժվարություններն ու մեթոդաբանական խնդիրները։ Նրանք զգալի դեր խաղացին ֆիզիկական նոր պատկերացումների ձևավորման գործում՝ նպաստելով փորձնական հիմնավորում չունեցող մտակառույց («մետաֆիզիկական») էությունների արտաքսմանը ֆիզիկայից։ Սակայն մախիզմում դա հասավ ամեն տեսակ վերացական հասկացությունների, առհասարակ մտահասու էությունների (հատկապես փիլիսոփայական «սուբստանց», «մատերիա», «ոգի», «պատճառականություն» և այլն) ճանաչողական նշանակության ժխտմանը։ Համապատասխանաբար, մախիզմի իմացաբանությունը սուբյեկտիվիստական էմպիրիզմ է՝ ֆենոմենալիզմ. ճանաչողության հիմքում այն դնում է անմիջական զգայական փորձը, որի վերջնական «տարրեր» համարում է զգայությունները։ Վերացվում է հոգեկանի և ֆիզիկականի հակադրությունը, զգայությունները և նրանց կոմպլեքսները, դիտված զգայող սուբյեկտի հետ ունեցած հարաբերության տեսակետից, կազմում են հոգեբանության առարկան, իսկ դրանց օբյեկտիվացումը, դրանց դիտարկումն իբրև առարկայի ու նրա հատկությունների մասին զգայական տվյալների, կազմում է ֆիզիկայի (բնագիտության) առարկան։ Սուբյեկտի և օբյեկտի հակադրության այսպիսի վերառմամբ մախիզմը իր փիլիսոփայությունը հռչակում է մատերիալիզմից և իդեալիզմից վեր կանգնած՝ «երրորդ», «չեզոք» գիծ։ Մարդկային ճանաչողությանը մախիզմը տալիս է կենսաբանական մեկնաբանություն՝ նրա վրա տարածելով կենսաբանական հարմարմանը հատուկ «ուժերի նվազագույն ծախսման» սկզբունքը։ Գիտական ճանաչողության մեջ դա, ըստ Մախի, դրսևորվում է որպես «մտածողության տնտեսման» մեթոդաբանական պահանջ։ Գիտության էությունը և նպատակը համարվում են զգայությամբ տրված փորձնական տվյալների նկարագրությունը։ «Զուտ նկարագրության» այս մեթոդաբանական սկզբունքի տեսակետից բնագիտության տեսական ընդհանրացումները լավագույն դեպքում աշխատանքային հիպոթեզներ են, և նրանց չպետք է վերագրել օբյեկտիվ բովանդակություն։ Դրանով իսկ մախիզմը հետևում է հյումիստական ագնոստիցիզմի գծին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 166