Սոցիալական կարգավիճակ, տվյալ սոցիալական համակարգի շրջանակներում անձնավորության, խմբի և այլ գրաված համեմատական դիրքը։ Բնորոշվում է դասակարգային, ազգային, մասնագիտական, տարիքային և այլ հատկանիշներով։ Միևնույն ժամանակ, սոցիալական կարգավիճակ ունի սուբյեկտիվ երանգ, քանի որ այն արժեքավորում են տվյալ սոցիալական հանրույթի անդամները, այսինքն՝ տալիս որոշակի սոցիալական վարկ, վերջինիս միջոցով են սոցիալական կարգավիճակները համեմատվում և ձեռք բերում գրավչության տարբեր աստիճան։
Սոցիալական կարգավիճակի ուսումնասիրությունը թույլ է տալիս պարզել հասարակության մեջ անձնավորության և խմբի վարքը, կոլեկտիվի ներսում գործնական և սոցիալ-հոգեբանական փոխհարաբերությունները, կադրային քաղաքականության հիմքերը, աշխատանքային ակտիվության խթանման հարցերը և այլն։ Կազմակերպական, բարոյադաստիարակչական առումով կարևոր է ապահովել սոցիալական կարգավիճակի և անձնավորության դերային վարքագծի համապատասխանությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 25)։