Սյուզի (կապիկ)
Սյուզի | |
---|---|
Անվան բնօրինակ | スージー |
Տեսակ | շիմպանզե |
Սեռ | իգական |
Ծնվել է | 1948 |
Սատկել է | մարտի 20, 1969 |
Սյուզի (1948 — մարտի 20, 1969), շիմպանզեի էգ, Ճապոնիայի Ուէնո կենդանաբանական այգի է բերվել ԱՄՆ-ից։ Կարողացել է կատարել տարբեր հնարքներ՝ քշել է հեծանիվ, քայլել ոտնացուպերով, չմուշկներ քշել։ Ժողովրդականություն է վայելել[1] և շուտով դարձել է Ուէնո կենդանաբանական այգու խորհրդանիշը։ 1956 թվականին համազգային ճանաչում է ստացել կենդանաբանական այգի այցելած կայսր Հիրոհիտոյի հետ ձեռքսեղմումի պատճառով։
Ձեռք բերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1945 թվականը Ուէնոյում չորս շիմպանզե կար, որոնք ստացվել էին Գերմանիայից կենդանաբանական այգիների միջև փոխանակման ծրագրով։ Դրանցից երկուսը՝ չորսամյա արու և էգ շիմպանզեները, բերվել էին 1938 թվականին, բայց 1939 թվականին սատկել էին տուբերկուլոզից։ Հաջորդ երկուսը բերվել էին 1941 թվականին, բայց սատկել էին 1943 և 1945 թվականներին։ Երեքամյա Սյուզին ԱՄՆ-ից բերվեց 1951 թվականին։ Նրան ըստ պայմանագրի գնել էր Կալիֆոռնիայի առևտրական մի ընկերություն Հերմոս Բիչից։ Որոշ ժամանակ անց ձեռք են բերել յոթամյա արու շիմպանզե Բիլին։
Առաջին տարին կենդանաբանական այգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզիին կցված էին երկու աշխատակից, որոնց խնդիրն էր մինչև կենդանաբանական այգու 70-ամյակը, որ կայանալու էր 1952 թվականին, սովորեցնել տարբեր հնարքներ։ Սյուզին շատ լավ վարժվում էր, և սովորեց քշել հեծանիվ, քայլել ոտնացուպերով, չմուշկներ քշել, օղակներ նետել, ծափ տալ, ձեռքերի վրա կանգնել, սեղմել լուսանկարչական խցիկի կոճակը և դաշնամուրի վրա պարզ եղանակներ նվագել։ Նրա վարժությունները որոշ ժամանակ ընդհատվեցին, քանի որ երեք մետր բարձրությունից ընկել, և ոտքի թաթը վնասել էր։
Հայտնի հանդիպումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզին 1952 թվականին հաջող ելույթ ունեցավ, և շարունակեց իր ելույթները կենդանաբանական այգու բաց բեմում հետագա տարիներին։ 1956 թվականի ապրիլի 20-ին կենդանաբանական այգի է այցելել Հիրոհիտո կայսրը։ Սյուզին, որ իր բեմական զգեստով՝ վանդակավոր փեշ, գլխարկ և շապիկով, հեծանիվ էր վարում, տեսնելով կայսրին մոտեցել և ձեռք է պարզել նրան։ Որոշ վարանումից հետո կայսրը սեղմել է կապիկի մեկնած ձեռքը։ Բարձրաստիճան այցելուի ձեռքսեղմումը նկարահանել են լրագրողները և նկարը հայտնվել է նույն ճրվա երեկոյան թերթերում։
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականի հուլիսից Սյուզին տառապել է հաստ աղիքի հիվանդությունից, և 1957 թվականի հունվարի 20-ից պաշտոնապես ուղարկվել է թոշակի։ Բիլի հետ նա հաշտ է ապրել, բայց հրաժարվել է զույգվել, և այդ պատճառով սերունդ չի ունեցել։ Սյուզիին բուժելու նպատակով կենդանաբանական այգու աշխատակիցները հրավիրել են Կոմագոմէ հիվանդանոցի գլխավոր վիրաբույժին, որը վիրահատել է կապկին։ Երկու ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո Սյուզին կազդուրվել և ապրել է ևս 12 տարի։ 1969 թվականին նրա վիճակը կտրուկ վատացել է, շտապ վիրահատությունը նրան չի փրկել և երկու օր անց նա մահացել է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 大型類人猿の日本での飼育の歴史(չաշխատող հղում) = «Ճապոնիայում մարդանման կապիկների պատմությունը»։ (ճապոներեն)
- スージーちゃんのカメラマン(չաշխատող հղում) = «Սյուզի տյանի լուսանկարները»։ (ճապոներեն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 手塚治虫エッセイ集6巻. 2013. P. 103. (ճապոներեն)