Սկիրնիրի ճամփորդությունը
Սկիրնիրի ճամփորդությունը | |
---|---|
Տեսակ | չափածո շարադրանք |
Ժանր | առասպել |
Մասն է | սկանդինավյան Ավագ Էդդա էպոսի |
Բնօրինակ լեզու | հին իսլանդերեն |
Հրատարակման տարեթիվ | 1260 |
Skírnismál Վիքիպահեստում |
Սկիրնիրի ճամփորդությունը (իսլ.՝ Skírnismál), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առասպելներից մեկը։ Ենթադրվում է, որ այն սկիզբ է առել Իսլանդիայում համեմատաբար ուշ շրջանում։ «Սկիրնիրի ճամփորդությունը» առասպելաբանական դրվագներով է համեմված և բանահյուսական կատարյալ ձևերով հագեցած լինելով՝ իր հաստատուն տեղն է գտել սկանդինավյան դիցաբանության մեջ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեմը կառուցված է երկխոսություններով հարուստ դրամատիկ տեսարաններով, ուր տեղ են գտել սերը, կախարդանքը, տխրությունը և հաղթանակի բերկրանքը։ Աստվածների խմբերից վաների առաջնորդ Նյորդրի քաջ զավակը՝ սիրո, գարնան և պտղաբերության աստված Ֆրեյրը, մի անգամ նստել էր Օդինի ամենաբարձր գահին և հայացքով ընդգրկում էր աստվածների, հսկաների, մարդկանց ու մյուս էակների աշխարհները։ Երբ հայացքը դարձրեց հսկաների Յոտունհեյմ աշխարհին, հանկարծ նկատեց մի աննման, չքնաղ աղջկա, որն իր հոր սրահից գնում էր դեպի հանդերձասենյակ։ Նրան տեսնելուց հետո սիրո և պտղաբերության աստված Ֆրեյրի սիրտը թախիծով լցվեց։ Դա հսկա Գիմիրի դուստր Գերդն էր։
Նրա սիրուց գերված, իր հավատարիմ ընկեր ու ծառա Սկիրնիրին ուղարկում է աղջկա մոտ՝ համոզելու, որ սա հանդիպի Ֆրեյրին։ Աստծու պատվերը կատարելու համար Սկիրնիրը խնդրում և ստանում է երկնքով սլացող և կրակի միջով անցնող նժույգին, ինչպես նաև հսկաներին կոտորող թուրը։ Այդպես Սկիրնիրը սլանում է Գերդի մոտ, թափանցում նրա կացարանը և հայտնում Ֆրեյր աստծո սիրո և հանդիպելու փափագի մասին։ Գերդը սկզբում շատ է հակաճառում և հրաժարվում է հանդիպել սիրո աստծուն, բայց Սկիրնիրի ջանքերի շնորհիվ դյութիչ գեղեցկուհին վերջապես տալիս է իր համաձայնությունը։ «Սկիրնիրի ճամփորդությունը» առասպելում Գերդը, որի անունը հին իսլանդերենից թարգմանաբար նշանակում է «հացահատիկի դաշտը շրջապատող ցանկապատ», գտնվում է ցրտաշունչ ձմռան՝ իր հայր Գիմիրի տիրապետության տակ։ Նա կարողանում է դուրս գալ իր հոր ճիրաններից միայն իր սերը տալով պտղաբերության աստված Ֆրեյրին։ Հատկանշական է, որ նրանց հանդիպումը տեղի է ունենում Բարրի անունով պուրակում, որը բառացիորեն նշանակում է «հացահատիկ»։ Պտղաբերության ավետիսը՝ գարունը, նրանց բերում է սեր և միություն։
Ֆրեյրի ընկեր և ծառա Սկիրնիրն օգտագործում է իր մոգական ողջ հմտությունները, որպեսզի հաղթահարի ընդերքի պատնեշները և թափանցի ներքևի աշխարհ՝ այնտեղից Գերդին դուրս հանելու համար։ Այսինքն ցորենի հատիկը ծիլեր է տալիս։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկիրնիրի ճամփորդությունը» հոդվածին։ |
|