Սկիրնիրի ճամփորդությունը
Սկիրնիրի ճամփորդությունը | |
---|---|
![]() | |
Տեսակ | չափածո շարադրանք |
Ժանր | առասպել |
Մասն է | սկանդինավյան Ավագ Էդդա էպոսի |
Բնօրինակ լեզու | հին իսլանդերեն |
Հրատարակման տարեթիվ | 1260 |
Skírnismál Վիքիպահեստում |
Սկիրնիրի ճամփորդությունը (իսլ.՝ Skírnismál), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առասպելներից մեկը: Ենթադրվում է, որ այն սկիզբ է առել Իսլանդիայում համեմատաբար ուշ շրջանում: «Սկիրնիրի ճամփորդությունը» առասպելաբանական դրվագներով է համեմված և բանահյուսական կատարյալ ձևերով հագեցած լինելով՝ իր հաստատուն տեղն է գտել սկանդինավյան դիցաբանության մեջ:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոեմը կառուցված է երկխոսություններով հարուստ դրամատիկ տեսարաններով, ուր տեղ են գտել սերը, կախարդանքը, տխրությունը և հաղթանակի բերկրանքը: Աստվածների խմբերից վաների առաջնորդ Նյորդրի քաջ զավակը՝ սիրո, գարնան և պտղաբերության աստված Ֆրեյրը, մի անգամ նստել էր Օդինի ամենաբարձր գահին և հայացքով ընդգրկում էր աստվածների, հսկաների, մարդկանց ու մյուս էակների աշխարհները: Երբ հայացքը դարձրեց հսկաների Յոտունհեյմ աշխարհին, հանկարծ նկատեց մի աննման, չքնաղ աղջկա, որն իր հոր սրահից գնում էր դեպի հանդերձասենյակ: Նրան տեսնելուց հետո սիրո և պտղաբերության աստված Ֆրեյրի սիրտը թախիծով լցվեց: Դա հսկա Գիմիրի դուստր Գերդն էր:
Նրա սիրուց գերված, իր հավատարիմ ընկեր ու ծառա Սկիրնիրին ուղարկում է աղջկա մոտ՝ համոզելու, որ սա հանդիպի Ֆրեյրին: Աստծու պատվերը կատարելու համար Սկիրնիրը խնդրում և ստանում է երկնքով սլացող և կրակի միջով անցնող նժույգին, ինչպես նաև հսկաներին կոտորող թուրը: Այդպես Սկիրնիրը սլանում է Գերդի մոտ, թափանցում նրա կացարանը և հայտնում Ֆրեյր աստծո սիրո և հանդիպելու փափագի մասին: Գերդը սկզբում շատ է հակաճառում և հրաժարվում է հանդիպել սիրո աստծուն, բայց Սկիրնիրի ջանքերի շնորհիվ դյութիչ գեղեցկուհին վերջապես տալիս է իր համաձայնությունը: «Սկիրնիրի ճամփորդությունը» առասպելում Գերդը, որի անունը հին իսլանդերենից թարգմանաբար նշանակում է «հացահատիկի դաշտը շրջապատող ցանկապատ», գտնվում է ցրտաշունչ ձմռան՝ իր հայր Գիմիրի տիրապետության տակ: Նա կարողանում է դուրս գալ իր հոր ճիրաններից միայն իր սերը տալով պտղաբերության աստված Ֆրեյրին: Հատկանշական է, որ նրանց հանդիպումը տեղի է ունենում Բարրի անունով պուրակում, որը բառացիորեն նշանակում է «հացահատիկ»: Պտղաբերության ավետիսը՝ գարունը, նրանց բերում է սեր և միություն:
Ֆրեյրի ընկեր և ծառա Սկիրնիրն օգտագործում է իր մոգական ողջ հմտությունները, որպեսզի հաղթահարի ընդերքի պատնեշները և թափանցի ներքևի աշխարհ՝ այնտեղից Գերդին դուրս հանելու համար: Այսինքն ցորենի հատիկը ծիլեր է տալիս:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան:
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |