Jump to content

Սերբական իշխանական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբական իշխանական թատրոն
Տեսակթատերախումբ և թատրոն
Երկիր Սերբիա
Գտնվելու վայրըԿարգուևաց
Հիմնադրման ամսաթիվ1835
Կայքjoakimvujic.com(սերբ.)
 Knjaževsko-srpski teatar Վիքիպահեստում

Սերբական իշխանական թատրոն (սերբ.՝ Књажевско-српски театар), մինչև 2007 թվականի փետրվարի 14-ը՝ Յոակիմ Վույիչի անվան թատրոն, (սերբ.՝ Театар Јоаким Вујић), Սերբիայի հնագույն թատրոնը։ Հիմնադրվել է Կրագուևաց քաղաքում, 1835 թվականին[1]։

Թատրոնի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոակիմ Վույիչի բեմը

Առաջին թատերական ներկայացումները տեղի են ունեցել Կրագուևաց քաղաքում, 1825 թվականին։

1830-33 թվականներին Սերբիան դառնում է ինքնավար իշխանություն և կրթական-մշակութային և առողջապահական հաստատությունների գործունեության իրավունք է ստանում։ Քանի որ Կրագուևացն այդ ժամանակ Սերբիայի մայրաքաղաքն էր, այստեղ տեղակայված էր իշխան Միլոշ Օբրենովիչի նստավայրը, հենց Կրագուևացում 19-րդ դարի 30-ական թվականներին հիմնվել են տպագրություն, թերթեր, գիմնացիա, լիցեյ, գեղարվեստական պատկերասրահ, դատարան, հիվանդանոց և առաջին դեղատունը։

Իշխան Միլոշ Օբրենովիչի հրավերով 1834 թվականի աշնանը Կրագուևաց է ժամանել հայտնի թատերական գործիչ, «սերբական թատրոնի հայր» Յոակիմ Վույիչը՝ առաջին մշտական թատրոնն այստեղ հիմնելու նպատակով։

Առաջին ներկայացումներն անց են կացվել սերբական սկուպշչինայի նիստի ընթացքում, 1835 թվականի փետրվարի 15-ին[2]։ Վույիչը դարձել է թատրոնի առաջին տնօրենն ու ռեժիսորը։ Ներկայացումների վրա աշխատել է նկարիչների աստղաբույլ, ովքեր իրենց խորը հետքն են թողել երկրի թատերական կյանքի պատմության մեջ։

1836 թվականին թատրոնը դադարեցրել է ներկայացումները։ Այն իր գործունեությունը վերսկսել է 1840 թվականին, թատրոնի ռեժիսորն է դարձել Աթանասիե Նիկոլիչը։ Մեկ տարի անց, երբ Բելգրադը դարձել է երկրի մայրաքաղաքը, ռեժիսորն ու թատերախմբի մեծ մասը տեղափոխվել են Բելգրադ, որտեղ մասնակցել են «Մաքսային թատրոնի» ստեղծմանը։ Հենց Կրագուևացում թատերական կյանքը վերսկսվել է տասնիներորդ դարի կեսերին, թատրոնը հայտնի է դարձել Բարի կամքի թատրոն անունով։ Արդյունքում այն մի քանի անգամ անվանափոխվել է, իսկ 1965 թվականից կրել է Յոակիմ Վույիչի անունը։ 2007 թվականի փետրվարի 14-ին Կրագուևացի սկուպշչինան որոշում է կայացրել թատրոնին տալ սկզբնական «Սերբական իշխանական թատրոն» անվանումը։

2007 թվականից իր պատմական անունը կրող Սերբական իշխանական թատրոնը երկար տարիներ տեղակայված է եղել նախկին տպագրատան շենքում, որը ժամանակին հարմարեցվել է թատրոնի կարիքներին։ Գործունեության տարբեր շրջաններում թատրոնում աշխատել են բազմաթիվ հայտնի արվեստագետներ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել սերբական ազգային թատրոնի զարգացման գործում։ Թատրոնի առաջին տնօրեն, գրող և թարգմանիչ Յոակիմ Վույիչի անունը հավերժ մտել է սերբական արվեստի պատմության մեջ։ 1965 թվականից թատրոնում սկսել են անցկացվել պրոֆեսիոնալ թատրոնների հանդիպումներ, որոնք արդյունքում դարձել են ամենամյա մայիսյան փառատոն։ Մեր օրերում թատրոնն ունի մի քանի բեմական տարածքներ, որոնք կրում են թատերական հայտնի գործիչների անուններ. Յոակիմ Վույիչի բեմ, Լյուբա Տադիչի բեմ և այլն։

Թատրոնի պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի փետրվարի 15-ին, թատրոնի օրը, Սերբական իշխանական թատրոնը երկու հատուկ մրցանակ է հանձնում սերբական թատերական գործիչներին՝ դրամատուրգներին, դերասաններին, ռեժիսորներին և երգահաններին.

  • Յոակին Վույիչի արձանիկը,
  • Մատանի՝ Յոակին Վույիչի կերպարով[3]։

Թատերական փառատոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնն իր հարկի տակ հյուրընկալում է երկու թատերական փառատոն.

  • ՅոակիմՖեստ, սերբ հեղինակների լավագույն թատերական բեմադրությունների փառատոն։ Անց է կացվում ամեն տարի, մայիսի 7-15-ը[4]։
  • ՅոակիմԻնտերՖեստ, միջազգային թատերական փառատոն։ Անց է կացվում ամեն տարի, հոկտեմբերի 7-15-ը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «История театра, Княжеско-сербский театр». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  2. «История театра, Княжеско-сербский театр». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Награды театра, Княжеско-сербский театр». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  4. «ЙоакимФест, Княжеско-сербский театр». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  5. «ЙоакимИнтерФест, Княжеско-сербский театр». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբական իշխանական թատրոն» հոդվածին։