Սալվադորի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախագաղութային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև եվրոպացիների կողմից երկրի գաղութացումը Սալվադորում բնակվել են հնդկացիներ, որոնք ստեղծել են զարգացած մշակույթ, զբաղվել երկրագործությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ։ Սալվադորի տարածքը և գլխավոր քաղաքը կոչվել է Կուսկատլան։

Գաղութային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI դ․ 20–ական թթ․ Կուսկատլանի տարածքը նվաճել են իսպանացիները և երկիրն անվանել Սալվադոր (նշանակում է «ազատագրող»)։ Հնդկացիները բազմիցս ապստամբել են (խոշորագույնը՝ 1537-ին) նվաճողների դեմ։ Իսպանացիները զավթել են լավագույն հողերը, տարածվել են պարտային ստրկությունը, ֆեոդալական շահագործման այլ ձևեր։ XVII դ․ սկզբից օգտագործվել է նաև Աֆրիկայից ներմուծված նեգր ստրուկների աշխատանքը։

1560–1821-ին Սալվադոր մտել է Գվատեմալա գեներալ–կապիտանության կազմի մեջ։

Սալվադորը անկախություն ձեռք բերելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1821-ի սեպտեմբերի 15-ին Գվատեմալա գեներալ–կապիտանությունն անկախացել է, սակայն շուտով երկիրը զավթել են Մեքսիկայի կայսր Իտուրբիդեի զորքերը, այնուհետե Սալվադոր մտել է Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմի մեջ, 1841-ից դարձել անկախ հանրապետություն։ Պրեզիդենտներ Խ․ Բառիոսը (1859–63), Ս․ Գոնսալեսը (1871–76), Ռ․ Սալդիվարը (1876–1885) իրականացրել են կապիտալիզմի զարգացմանը նպաստող մի շարք լիբերալ ռեֆորմներ։ Երկիր մուտք է գործել օտարերկրյա կապիտալը։

Սալվադորը 1920-1960-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ին՝ ստեղծվել է Սալվադորի կոմկուսը։ Սալվադորի ղեկավար շըրջանները 1931-ի դեկտեմբերին կատարել են պետական հեղաշրջում, իշխանության գլուխ է անցել գեներալ Մ․ Էռնանդես Մարտինեսը և հաստատել բռնապետական վարչակարգ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ Մալվադոր 1941-ի դեկտեմբերին պատերազմ հայտարարեց Գերմանիային, Իտալիային և ճապոնիային։ Պատերազմի տարիներին Սալվադորում ուժեղացավ ԱՄՆ–ի տնտեսական, քաղաքական և ռազմական ազդեցությունը։ Բռնապետության դեմ բազմամյա պայքարն ավարտվեց 1944-ին՝ այդ վարչակարգի տապալմամբ։ Ետպատերազմյան տարիներին Սալվադորի կառավարությունները վարեցին բանվորական շարժումը ճնշելու, օտարերկրյա կապիտալի (հիմնականում՝ ԱՄՆ–ի) ներմուծումը հովանավորելու քաղաքականություն։

1960-ի հոկտեմբերին իշխանության գլուխ անցավ զինվորաքաղաքական խունտան, որը վերականգնեց դեմոկրատական ազատությունները։ Սակայն 1961-ի հունվարին հետադեմ զինվորականությունը կատարեց պետական հեղաշրջում, խզեց դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ, ընդունեց հակակոմունիստական օրենք, վերացրեց աշխատավորների շատ նվաճումներ, մասնակցեց Կուբայի դեմ ուղղված ԱՄՆ–ի միջոցառումներին։

Սալվադորը 1970-ականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1969-ին Սալվադորի ղեկավար շրջանները պատերազմ սանձազերծեցին Հոնդուրասի դեմ (տևել է հինգ օր) , որը ծանր անդրադարձավ Սալվադորի տնտեսության վրա։ 1970-ական թթ․ վերջին ուժեղացավ պայքարը բռնապետության դեմ, ակտիվացան պարտիզանական զինված կազմակերպությունները (Ֆարաբունդո Մարտիի անվանական ազատագրության ժողովրդական ճակատ, Ազգային դիմադրության զինված ուժեր, ժողովրդի հեղափոխական բանակ)։

Սալվադորը քաղաքացիական պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-ի հոկտեմբերին պետական հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցած զինվորաքաղաքացիական խունտան շարունակեց նախորդ վարչակարգի քաղաքականությունը։ 1980-ի հոկտեմբերին ստեղծվեց միասնական ապստամբական բանակ՝ Ֆարաբունդո Մարտիի անվ․ ազգային ազատագրության ճակատ (ՖՄԱԱՃ), որը ռազմական ակտիվ գործողություններ ծավալեց բռնապետական վարչակարգի դեմ։ 1982-ին ՖՄԱԱՃ․-ի հսկողության տակ էր գտնվում երկրի տարածքի զգալի մասը։

1982-ի մայիսին Սալվադորում կազմվեց կոալիցիոն կառավարություն Ա․ Մագանյայի գլխավորությամբ։ 1984-ի մայիսի ընտրությունների հետևանքով պրեզիդենտ ընտրվեց Խ․ Ն․ Գուարտեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 125