Իմացաբանական ուղղություն, ըստ որի գիտելիքի համընդհանրության և անհրաժեշտության աղբյուրը բանականությունն է, մինչդեռ փորձի ընդհանրացմամբ հնարավոր է հասնել միայն մասնավոր և պատահական ճշմարտությունների։ Այն միտքը, որ մարդկային մտածողության հիմնարար սկզբունքները և վերացական գաղափարները հնարավոր չէ արտածել փորձից և հիմնավորել փորձով, արծարծվել է դեռևս հին հունաստանիփիլիսոփայության մեջ (Սոկրատես, Պլատոն), բայց բուն իմաստով Ռացիոնալիզմը ձևավորվել է XVII-XVIII դարերում որպես այն տեսակետի արտահայտություն, որ բնության օրենքների ճշմարիտ (բացարձակապես հավաստի) ձևակերպումը կարող է տրվել տեսական բնագիտության մեջ միայն մաթեմատիկայի լեզվով։ Սակայն Ռացիոնալիզմի դասականները՝ Դեկարտը, Սպինոզան, Մալբրանշը, Լայբնիցը, բանականության ճշմարտությունները, որպես համընդհանուր և անհրաժեշտ, հակադրելով փաստի ճշմարտություններին, միաժամանակ շեշտել են փորձնական հետազոտության կարեվորությունը բնագիտության մեջ երևույթների նկարագրության համար։ Այս երկընտրանքն աշխատում է հաղթահարել Կանտը, որի ուսմունքի համաձայն փորձը զգայականության նյութն է՝ մտածողության ապրիորի ձևերով կազմակերպված։ Ռացիոնալիզմի և էմպիրիզմի հակադրությունը լուծվում է, երբ հնարավոր է գիտելիքի կառուցվածքը և ձեռքբերման ընթացքը ներկայացնել փորձի և տեսության, մասնավորի և համընդհանուրի, պատահականի և անհրաժեշտի դիալեկտիկայի տեսանկյունից։
Երբեմն ռացիոնալիզմ են անվանում գոյաբանության այն տարատեսակությունը, որն աշխարհի օրինաչափ կարգը համարում է բանական նախասկիզբը (նուս, լոգոս, բացարձակ գաղափար և այլն)։
Ի հակադրություն իռացիոնալիզմի, ռացիոնալիզմ է կոչվում այն աշխարհայեցողությունը, որը գիտության, առհասարակ ճանաչողության և գործունեության մեջ ապավինում է բանականությանը, այս իմաստով ռացիոնալիստական է Նոր ժամանակի ամբողջ Փիլիսոփայությունը և գիտական մտածելակերպն ընդհուպ մինչև XIX դարը։
Աստվածաբանության մեջ ռացիոնալիզմը այն ուղղությունն է, որն ընդունում է միայն բանական հիմնավորում գտնող դոգմաները։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։