Ջոս (անգլ.՝ Jos), 19-րդ խոշորագույն քաղաքը Նիգերիայի հանրապետությունում։ Գտնվում է Ջոս հարթավայրի բարձրադիր մասում՝ այսպես կոչված Կենտրոնական Նիգերիայում՝ երկրի գրեթե սրտում։ Նաև Նիգերիայի Պլատո նահանգի վարչական կենտրոնն է հանդիսանում։
Դեռ բրիտանական գաղութային կառավարման տարիներին Ջոսը դարձավ գունավոր մետաղների արդյունահանման կարևոր կենտրոն (անագ և այլն)։ Չինաստանում և այլ զարգացող երկրներում մետաղների աճող պահանջարկը հանգեցրել է վերջին երկու տասնամյակների ընթացքում տարածաշրջանում հանքարդյունաբերության վերածնմանը, ինչը հանգեցրել է երկրի շատ այլ տարածաշրջաններից միգրանտների ներհոսքին։ Տարածաշրջանի բնիկ ժողովուրդները՝ տիվ, ֆուլբե և ջունկուն ցեղերը, այժմ լրացնում են հաուսա, յորուբա, իգբո և ուրիշ ցեղերին։ Բնակչության աճի բարձր տեմպերի (տարեկան 3-4 տոկոս) և բնակություն հաստատած քրիստոնյաների և կիսաքոչվոր մուսուլմանների միջև կրոնական հակասությունների պատճառով քաղաքում շատ լարված է ազգամիջյան իրադրությունը[1]։ Վերջին տարիներին (2001, 2008 և 2010) տեղի են ունեցել արյունալի կրոնական բախումներ քրիստոնյաների և մուսուլմանների միջև։
Ջոսը գտնվում է երկրի քրիստոնեական և իսլամական մասերի միջև, այդ իսկ պատճառով այնտեղ հաճախ ահաբեկչություններ են տեղի ունենում։
2010 թվականի դեկտեմբերի 26-ին Ջոսում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել է 38 մարդ, ևս 74-ը վիրավորվել են։ Պայթյունները տեղի են ունեցել երկու քրիստոնեական եկեղեցիներում, հարձակման օբյեկտ են դարձել ուխտավոր քրիստոնյաները[2]։
2014 թվականի մայիսի 20-ին Ջոսում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 160 մարդ Է զոհվել, վիրավորվել է ավելի քան 50 մարդ[3]։