Պիղծ արյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիղծ արյուն
իսլ.՝ Mýrin
ՀեղինակԱռնալդուր Ինդրիդասոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական և միստիկական գրականություն
Բնօրինակ լեզուիսլանդերեն
Նկարագրում էՌեյկյավիկ
ՇարքDetective Erlendur series?
Երկիր Իսլանդիա
ՀրատարակիչHarvill Secker
Հրատարակման տարեթիվ2000
OCLC57527467
Պարգև(ներ)

Պիղծ արյուն (իսլ.՝ Mýrin), իսլանդացի հայտնի գրող Առնալդուր Ինդրիդասոնի ստեղծագործություն։ «Պիղծ արյուն» վեպը Jar City կամ Mýrin[1] անվանումներով հայտնի վեպի հայերեն տարբերակն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պիղծ արյուն» քրեավեպն առաջին անգամ լույս է տեսել Իսլանդիայում 2000 թվականին։ Մեծ Բրիտանիայում այս վեպը հայտնի է Tainted Blood անվանումով[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր բնակարանում հայտնաբերված տարեց տղամարդու սպանությունը բացահայտող միակ բանալին զոհի բնակարանում հայտնաբերված փոքրիկ աղջնակի գերեզմանի լուսանկարն է և զոհի թողած երկտողը, որը գտնվել էր զոհի մարմնի վրա։ Հետաքննությունը վարող ոստիկանության տեսուչը՝ Էրլենդուրը հայտնաբերում է, որ սպանվածը տարիներ առաջ մեղադրվել է, բայց չի դատապարտվել՝ չապացուցված հանցագործության համար։ Գուցե անցյալում գործած հանցագործությունների հետ կապ ունի նրա սպանության հանգամանքը։ Հետաքննելով զոհի անցյալը՝ Էրլենդուրը դատափորձագետների օգնությամբ բացահայում է շատ ավելի կարևոր գաղտնիքներ, քան այդ տղամարդու սպանությունն է։ Ջրի երես են դուրս գալիս այնպիսի գաղտնիքներ, որոնք մարդիկ տարիներ շարունակ խնամքով թաքցրել են։

Վեպի գործողությունները սկսվում են Նորդուրմիրիում գտնվող երկհարկանի տան նկուղում, որտեղ հայտնաբերվում է 70-ամյա տղամարդու դի։

Սպանվածի մարմնին դրված թղթի վրա գրված բառերի իմաստն է փորձում հասկանալ քննիչ Էրլենդուրը։ Նա առաջիններից էր, ով ժամանել էր դեպքի վայր։ Ոստիկանությանը դեպքի մասին տեղյակ էր պահել Հոլբերգի վերևի հարևանը։

Էրլենդուրը դիտարկում է բնակարանը և չի հայտնաբերում ոչ մի կոտրվածք ո′չ դռների և ո′չ էլ պատուհանների վրա։ Այն տպավորությունն է կարծես զոհն ինքն է ներս թողել հանցագործին։ Սենյակում կարծես թե ամեն բան իր տեղում է և կողոպուտի հանցանշաններ չկան։

Զոհի տան հետախուզման ընթացքում Էրլենդուրը հայտնաբերում է մի լուսանկար, որտեղ պատկերված է, ինչպես հետագայում է պարզվում, Հոլբերգի դստեր՝ Աուդուրի շիրմաքարը։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրլենդուր - վեպի գլխավոր հերոսը։ Ամուսնալուծված է, ունի 2 երեխա։ Նա է քննում Հոլբերգի սպանության գործը։ Ամենափորձառու խուզարկուներից։
Սիգուրդուր Օլի - ոստիկանության խուզարկու։ Ամերիկյան համալսարանի քրեագիտության բաժնի շրջանավարտ։ Քննում է Հոլբերգի գործը։
Էլինբորգ - Օլիի գործընկերը։ Մոտ 50 տարեկան։
Հոլբերգ - վեպի գլխավոր հերոսներից, ում շուրջ ծավալվում է ողջ սյուժեն։ Նրան գտել են սպանված իր տանը։
Օլաֆուր - Հոլբերգի վերևի հարևանը։
Դիսա Ռոս - Գարդաբայեր փողոցում բնակվող հարուստ ընտանիքի դուստր։ Նա անհետացել է իր ամուսնության օրը։ 23 տարեկան, Իսլանդիայի համալսարանի հոգեբանության բաժնի ուսանող։
Վիգո - Դիսա Ռոսի փեսացուն։
Մարիոմ Բրիմ - ոստիկանության նախկին աշխատող, Էրլենդուրի մտերիմը։ Բավականաչափ արժեքավոր տեղեկություններ է փոխանցում Էրլենդուրին՝ Հոլբերգի սպանության գործը քննելիս։
Գրետար - Հոլբերգի ընկերը։ 1974 թվականին ազգային տոնակատարության ժամանակ անհետացել է։ Հետագայում նրա դին գտնում են Հոլբերգի տան գետնախորշում։ Հոլբերգը սպանել էր նրան, քանի որ Գրետարը գիտեր նրա կատարած հանցագործությունների մասին։
Էլիդի - Հոլբերգի ընկերը։ Նա կրկնահանցագործ է, գտնվում է բանտում։ Էրլենդուրին որոշակի տեղեկություններ է տալիս Հոլբերգի մասին։
Կոլբրուն - Հոլբերգի զոհը, ով ինքնասպան եղավ իր դստեր՝ Աուդուրի մահից հետո։
Աուդուր - Հոլբերգի և Կոլբրունի դուստրը, ով մահացավ 3 տարեկանում ժառանգական հիվանդությունից։
Կատրին - Հոլբերգի մյուս զոհը, ով Էլինբորգին պատմում է Հոլբերգի հանցագործությունների մասին։
Էյնար - Կատրինի և Հոլբերգի որդին, ով տառապում է նույն հիվանդությամբ, ինչ Աուդուրը։ Նա է սպանել Հոլբերգին։

Գրական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը 2002 թվականին արժանացել է Ապակե բանալի գրական մրցանակի՝ որպես սկանդինավյան երկրների լավագույն քրեավեպ։ «Պիղծ արյուն» վեպի հիման վրա իսլանդացի կինոռեժիսոր, դերասան Բալտազար Կորմակուրը նկարահանել է Jar City ֆիլմը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 20-ին Իսլանդիայում, իսկ 2008 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Մեծ Բրիտանիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առնալդուր Ինդրիդասոն - «Պիղծ արյուն»(2014 թվական, Գիտանք հրատարակչություն)