Jump to content

Պետական մուլքադարական գյուղացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետական մուլքադարական գյուղացիներ, 1828 թվականից հետո Արևելյան Հայաստանում առաջացած գյուղացիների խումբ։

Արևելյան Հայաստանը Ցարական Ռուսաստանին միացվելուց հետո, Պարսկաստան փախած մուլքադարների հողային տիրույթները սեփականացնելով, ցարական արքունիքը շարունակում էր գյուղացիներից նախկին մուլքի դիմաց գանձումը։ 1870 թվականի մայիսի 14կանոնադրությունը տարածվեց նաև պետական մուլքադարական գյուղացիների վրա։

1894 թվականի և 1903 թվականի կանոններով 1870 թվականի կանոնագրերում գրանցված հողաբաժինները մնացին նրանց մշտական օգտագործմանը՝ առանց դրանք ետ վերցնելու կամ տրոհելու իրավունքի։ 1901 թվականից, երբ Անդրկովկասում ծխահարկը փոխարինվեց հողահարկով, կառավարությունը սաստկացրեց նրանց շահագործումը՝ մուլքի հետ գանձելով նաև բահրա։

1912 թվականի դեկտեմբերի 20-ի օրենքով պետական մուլքադարական գյուղացիներին թույլատրվեց փրկագնել 1870 թվականի կանոնագրերում նշված հողատարածությունները (հետագայում ձեռք բերված պետական հողերի հարցը պետք է լուծվեր հատուկ օրենքով)։

1888 թվականին պետական մուլքադարական գյուղացիներ կային Երևանի նահանգի 88 գյուղերում (Երևանի գավառում՝ 24, Էջմիածնի գավառում՝ 16, Սուրմալուի գավառում՝ 19, Շարուր–Դարալագյազի գավառում՝ 6, Նախիջևանի գավառում՝ 23։ Կարսի մարզում և Լոռիում չկային այդպիսի գյուղեր)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Есаян А․ М․, Мулькадарское право в Армении, Е․, 1948
  • Петрушевский И․ П․, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI–начале XIX вв․, Л., 1949
  • Папазян А․ Д․, Аграрные отношения в Восточной Армении в XVI–XVII веках, Е․, 1972․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։