Արտակարգ գեղեցիկ, լացող սաղարթով տերևաթափ ծառ է 10-12 մ բարձրությամբ և 50-60 սմ բնի տրամագծով։ Ճկուն, երկար, կարմրավուն կամ դեղնականաչավուն, ընձյուղները սուր անկյան տակ թեքվելով իջնում են մինչև գետին։ Տերևները երկարավուն են կամ նեղ-նշտարաձև, ձգված, թեք սրածայր գագաթով, հիմքում աստիճանաբար սեղմվող, 9-16 սմ երկարությամբ և 1-2,5 սմ լայնությամբ, մանր-սղոցաեզր, ծածկված գեղձիկներով, վերևից մուգ, ներքևից' կապտականաչավուն, նոր բացված ժամանակ ծածկված են թույլ աղվամազով, ավելի ուշ մերկ են։ Տերևակիցները թեք-նշտարաձև են, ատամնաեզր կամ մախաթանման, երբեմն վերածվում են փշերի։ Տերևակոթունը հասնում է մինչև 1 սմ-ի, հաճախ ծածկված է գեղձիկներով և միշտ մազմզուկապատ է։ Առէջները երկուսն են, ազատ, նեկտարանոցները իգական ծաղկաբույլերում մեկ հատ են, արականում՝ երկուսը։ Ջերմասեր է և խոնավասեր, բավականին լուսասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ։
Հայրենիքը հայտնի չէ, ենթադրում են, որ ծագել է հին Պարսկաստանից։ Ներկայումս հանդիպում է միայն Երևանում, որտեղ արտակարգ ցուրտ և երկարատև ձմռան դեպքում խիստ ցրտահարվում է։