Մարմնի երկարությունը 20 սանտիմետրից (փոքր ծովածիծառ) մինչև 76 սանտիմետր է (բևեռային որոր)։ Որոշ տեսակների կտուցը բարակ, ուղիղ և սրածայր է, մյուսներինը՝ ավելի հզոր, կեռ ծայրով, ելուստավոր ներքնակտցով, հաճախ՝ վառ գունավորված։ Թևերը երկար են, սուր, երկարատև թռիչքների հարմարված, որոշ որորներ ընդունակ են սավառնող թռիչքի։ Ոտքերը համեմատաբար կարճ են, ամբողջական կամ կտրտված լողաթաղանթներով։ Լավ լողում են, որոշ տեսակներ (ծովածիծառներ) նաև սուզվում են։ Փետրածածկը խիտ է և չթրջվող։ Արուները և էգերը միագույն են, բայց խիստ գունափոխվում են ըստ սեզոնի և տարիքի։ Գերակշռում են սպիտակ, մոխրագույն, սև գույները։ Մերձափնյա թռչուններ են։ Բնադրում են, գլխավորապես գաղութներով, ծովերի, լճերի, գետերի առափնյա ծանծաղուտներում, ժայռերում, եղեգնուտներում և այլն։ Մոնոգամ են։ Դնում են 1-4 միագույն կամ բծավոր ձու։ Թխսում և ձագերին խնամում են էգը և արուն։ Տարածված են ամենուրեք։ Կան և՝ չվող, և՝ մշտաբնակ տեսակներ։ Սնվում են ձկներով, ջրային անողնաշարավորներով, լեշով, այլ թռչունների ձվերով ու ձագերով, ինչպես նաև միջատներով, մանր կրծողներով և այլն։
Գլխավորապես օգտակար թռչուններ են։
Հայտնի է որորների 82 տեսակ, ընդգրկված 2 ենթաընտանիքներում՝ բուն որորներ և ծովածիծառներ։ Հայաստանում հանդիպում է որորների 5 տեսակ։ Ամենատարածվածը և բազմաքանակը՝ հայկական արծաթափայլ որորն է (լատին․՝ Larus armenicus)։ Բնադրում են Սևանի ավազանում և Արփա լճում։ Մշտաբնակ են։
Գրանցված են «Կարմիր գրքում»։ Արփա լճում բնադրում են նաև չվող լճային որորներ։ Մնացած տեսակները Հայաստանում հանդիպում են միայն չվելիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։